ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան հավատարիմ է ՄԽ համանախագահի իր դերին. Հայաստանում նշվել է Ֆրանսիայի Ազգային տոնը

Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ դեսպան Անն Լույոն խոսել է տարածաշրջանային զարգացումներում Ֆրանսիայի դերի և նպատակների մասին: Ըստ դեսպան Լույոյի՝ Ֆրանսիայի ազգային տոնը ևս մեկ առիթ է հիշելու ֆրանսիացիների և հայերի միջև եղբայրական կապերն ու մեր ընդհանուր հանձնառությունները:

«Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշախավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի` անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ են Մինսկի Խմբի համանախագահի իրենց դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ ԵՄ կողմից գործադրվող ակտիվ ջանքերին»,նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Պաշտոնական ընդունելությունը կազմակերպվել էր դեսպանատան տարածքում գտնվող այգում: Դեսպանին շնորհավորելու էին գնացել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները և Հայաստանում գործող միջազգային կառույցների և դիվանագիտական ծառայությունների ներկայացոցիչներ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է. «Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ՝ հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ և սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում»:  

Ավելի վաղ դեսպանին անձամբ շնորհավորելու էր գնացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Դեռ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա»,-նշել էր վարչապետը։

Նա բարձր էր գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։

Back to top button