
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր առավոտյան այցելել է իր պաշտպանյալին, որից հետո հանդիպել է նաև լրագրողների հետ: Նա տեղեկացրել է, որ Հարությունյանի վիճակը նորմալ է, նա որևէ բողոք չունի:
Շանթ Հարությունյանին, հիշեցնենq, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադետից հետո մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Շանթ Հարությունյանի կողմնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների արդյունքնում հարցուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մարդկանց, ում Շանթ Հարությունյանը չի ճանաչում, այսօր հայտարարեց Ինեսա Պետորսյանը։
Պաշտպանին մտահոգում է իր պաշտպայնալի՝ հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը: Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, կալանավայրից հոգեբուժական կենտրոն է տեղափոխվել նոյեմբերի 20-ին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով: Դատարանը փորձաքննության երկամսյա ժամկետ է սահմանել, ու քանի դեռ չկա նոր փորձաքննության եզրակացությունը, Ինեսա Պետրոսյանը նախորդն է հիշեցնում: «Խոսքը 2009-ին տրված եզրակացության մասին է, ըստ որի՝ Շանթ Հարությունյանը հոգեկան որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում»:
Նոյեմբերի 25-ին պաշտպանը բողոքարկել է Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը բողոքը քննության կառնի հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք նաև, որ 2009-ին մարտիմեկյան դեպքերից հետո Շանթ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեկան գործը կարճվեց՝ հանցագործությունր կատարելու պահին անմեղսունակ լինելու հիմքով։
Ինչ վերաբերում է այս անգամ առաջադրված մեղադրանքին, ապա պաշտպանն այն անհիմն է համարում: Շանթ Հարությունյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանքը Հարությունյանը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ: «Պետք է նկատենք նաև, որ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ՝ ոստիկանի՞ է հարվածում, թե՞ ոչ, քանի որ վերջինը ոչ թե համազգեստով, այլ՝ քաղաքացիական հագուստով էր»:
Մտահոգիչ մյուս հանգամանքը պաշտպանը համարում է տեսակցությունների արգելանքը: Ըստ պաշտպանի ՝ հարազատները Հարությունյանին հանդիպելու հնարավորություն չունեն: Ինչ վերաբերում է բռնությունների ենթարկվելու փաստին, որի մասին Շանթ Հարությունյանի հետ հանդիպելուց հետո խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պաշտպանը հետևյալ պարզաբանումը տվեց: «Որոշակի հարցեր իրականում կան: Շանթ Հարությունյանն իր սկզբուքներից ելնելով առայժմ հրաժարվում է այդ մասին խոսել ու ցուցմունք տալ, բայց ինձ տեղեկացրել է, որ հետագայում այդ մասին հայտարարություն կանի»:




