Քաղաքական

ՀՀ նախագահի վիլնյուսյան հանդիպումները

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել:

Քիչ առաջ ավարտվել է հանրապետության նախագահի հանդիպումը Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ- ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին՝ ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

+++

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում:

+++

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ: Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

Back to top button