ԿարևորՔաղաքական

Փակ դռների «աղմուկը» 44-օրյայի քննիչ հանձնաժողովը լուրջ բացահայտումներ է խոստանում

Տարեսկզբին  Ազգային ժողովում  ձևավորվեց 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքներն ի սկզբանե բոյկոտել է խորհրդարանական ընդդիմությունը։

Առաջին նիստերը գումարվեցին հանրային մեծ ուշադրության պայմաններում, աստիճանաբար հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց։ Հանձնաժողովի անդամները վստահեցնում են՝ աշխատում են, մշակում են ստացված տվյալները և  լուրջ բացահայտումներ են խոստանում։

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը լիարժեք դարձնելու համար առաջիկայում նախատեսվում է փոփոխել ԱԺ կանոնակարգ օրենքը։ Փոփոխությունները կբացառեն դեպքերը, երբ որևէ հրավիրյալ, ում ցանկանում են լսել քննիչ հանձնաժողովում, հրաժարվի ներկայանալուց։

Առաջին մերժումը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից էր։ Թեև հանդիպումների և հարց ու պատասխանի փուլին հանձնաժողովում դեռ չեն հասել, բայց Օսկանյանը դեռ մայիսին հայտարարել էր, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծությանն ու ազնվությանը։ Նախկին պաշտոնյայի ներկայացմամբ՝ բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի»։

Հանձնաժողովում, ամեն դեպքում, համոզված են՝ լսելու են բոլոր նրանց, ում ներկայությունը նպատակահարմար կհամարեն։ Հակառակ դեպքում դա կունենա ոչ միայն բարոյական և քաղաքական հետևանք, այլև՝ իրավական։ ԱԺ կանոնակարգ օրենքն այդ նպատակով կրկին կփոխվի, հաստատում է Քոչարյանը․

 «Քաղաքական պատնեշներ ստեղծելու և դրա հետևում թաքնվելու շանս չունեն։ 2018–ի հոկտեմբերի 2–ին,  երբ իրենք շատ լավ հասկանում էին, որ իշխանությունը կորցնում են կանոնակարգ ում արել են շատ հետաքրքիր մի փոփոխություն, որ նախկին պաշտոնյաները իրավասու են նաև չգալու։ Նախկինում եղել է, որ նրանք չէին կարող չգային։ Դա մենք նոր ենք հայտնաբերել, հիմա կվերականգնենք արդարությունը և Օսկանյանը, և մնացած բոլորը՝ գեներալ, դիվանագետ, նախկին նախագահ, բոլորը գալու են։ Չգալը կունենա հետևանք»։

Նախկին ու ներկա պաշտոնյանները քննիչ հանձնաժողով, ըստ ամենայնի, կհրավիրվեն սեպտեմբերից։ Հրավիրյալների նախնական ցանկն արդեն պատրաստ է։

 «Մեր հրավիրյալների ցանկի մեջ գործող վարչապետը կա և ասեմ, որ այդ ցանկը բավականին մեծ է՝ ոչ միայն բանակցային գործընթացին քաջ տիրապետող դիվանագետներ են, նաև նախագահներ , զինվորականներ։ Ընդհանրապես, մեր 44–օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման բոլոր 7 կետերը շատ ներառական են։ Մենք հաստատված ցանկ ունենք, և դուք շատ լավ կլինեք տեղեկացված։ Մենք արել ենք բազմաթիվ նիստեր, աշխատանքային քննարկումներ և ստացել ենք աննկարագրելի մեծ քանակությամբ տեղեկատվություն, որի ուսումնասիրման փուլը մեզանից հսկայական ջանքեր է պահանջելու»։

Մինչ այս պահը հանձնաժողվում ուսումնասիրել են բազմաթիվ փաստաթղթեր․ դրանց  թիվն անցնում է 10 հազարից։ Միայն այդ փաստերով արդեն ակնհայտ է այն խզումը, որ եղել է ԶՈՒ ներսում։ Խնդրի մասին բարձրաձայնում են հենց քննիչ հանձնաժողովի անդամները՝ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը․

Արմեն Խաչատրյան ․«Ճշմարտացիության և արդյունավետության չափանիշը պրակտիկան է։ Մենք պրակտիկայում, արտակարգ ռեժիմի պայմաններում՝ և՛ քառօրյա պատերազմի ժամանակ, և՛ 44–օրյա պատերազմի ժամանակ տեսանք այդ անջրպետը, որը գոյություն ունի ԳՇ–ՊՆ հարաբերություններում, ինչն ուղղակի անընդունելի և կործանարար է մեր երկրի համար»։

Գուրգեն Մելքոնյան ․«44–օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ով է ղեկավարում պատերազմը։ Ամեն մեկն իր վրայից գցում է այդ պատասխանատվությունը, և վերջում մեղավորը, պարզվեց,  վարչապետն է»։

Թեև քննիչ հանձնաժողովը փակ է աշխատում, բայց որոշ բացահայտումներ հայտնի են դառնում հենց հանձնաժողովականների ցանկությամբ։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս ակնարկեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սխալների մասին․

 «Ապացույցները 330 սենյակում հիմա դրված են։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ 44–օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացության մեջ անպայման կտեսնեք Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» օգտագործման ինչպիսի խայտառակ պլան է հաստատել։ Բայց հիմա դրա մասին չենք խոսում, ամեն ինչ իր հերթականությամբ»։

Թեև ընդդիմադիր պատգամավորները հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից բոյկոտում են աշխատանքը, բայց Քոչարյանի վերջին հայտարարությանը արձագանքել են։   ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը Քոչարյանի խոսքերը լուրջ մեղադրանք է համարում։ Պատգամավորի ներկայացմամբ՝ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։ Պատգամավորը կողմ է, որ պաշտոնաթող զինվորականները սկսեն խոսել, ֆեյբուքում գրել է․ «Խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են»։

«Այդ հանձնաժողովի գլխավոր նպատակը քաղաքական ձևակերպումներ տալն է և կոնկրետ թիրախավորելը հրամանատարների, քաղաքական պաշտոններում գտնվող անձանց։ Դա, բնականաբար, ենթադրում է Նիկոլ Փաշինյանի վրայից պատասխանատվության բաշխում տարբեր այլ դերակատարների վրա։ Պաշտոնաթող զինվորականները, եթե ուզում են իրենք իրենց պաշտպանել, ապա դրա միակ և ամենակարճ ճանապարհը խոսելն է՝ արձագանքելու և ճշմարտությունը ներկայացնելու ձևով»։

Հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա փետրվարին։ Նախկինում քննիչ հանձնաժողովների գործունեության համար սահմանված ժամկետը 6+6 ամիսն էր։ Փոփոխված տարբերակով հանձնաժողովը ստեղծվում է 1 տարի ժամկետով՝ ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։   

Back to top button