ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի մի քանի դեպքեր
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր:
Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանի տարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր:
Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող,ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում: Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Մի շարք տնտեսվարողներինկատմամբ ձեռնարկված և իրականացված համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել Առողջապահության նախարարություն և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար:
Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:
Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց՝ հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: