Վերնատուն

Հեղինակային երգի փառատոն․ ընկերության, մարդամոտության նոտաներ, ոչ թե պայքարի կոչեր․ «Վերնատուն»

«Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը այս տարի անցկացվելու է 7 –րդ անգամ։ Փառատոնային օրակարգի, հեղինակային երգի մշակույթի ու զարգացման հեռանկարների մասին է խոսում փառատոնի ժյուրիի անդամ, հեղինակ– կատարող Արմինե Հայրապետյանը։

Խոսելով փառատոնի շարժառիթի և մոտիվացիայի մասին՝ Արմինե Հայրապետյանն ասում է, որ փառատոնը իր և ընկերների համար նախևառաջ միասին տոն ստեղծելու, միասին բնությունը վայելելու գաղափարն է, միաժամանակ՝ մեկ տարվա կուտակված ասելիքը ունկնդիրներին փոխանցելու հնարավորություն։

«Իմ երգերից շատերը ոգեշնչված են բնությունից, փառատոնը ոչ թե փախուստ է քաղաքակրթությունից, այլ՝ իրական վերադարձ դեպի քաղաքակրթություն», – ասում է Արմինե Հայրապետյանը։ Խոսելով բարդերի նոր սերնդի մասին՝ նա նկատում է, որ երիտասարդների երգերը շատ ավելի դրամատիկ են․

«Անձի փնտրման և որոնման ճանապարհները միշտ նկատելի են։ Ես շատ եմ գնահատում այն երիտասարդների աշխատանքները, որոնք ինքնափնտրման ճանապարհին են։ Դա շատ բնական է և գեղեցիկ։ Եվ ես հույս ունեմ, որ այդ «դրամատիկ ինքնափնտրտուքը», որը պայմանավորված է մեզ շրջապատող դրամատիկ երևույթներով, կմեղմանա, կգտնի իր նուրբ երանգներն ու խաղաղությունը»։

Այն կարծիքը, որ հեղինակային երգը մեռնող ժանր է, 15 տարի առաջ էին արտահայտում, սակայն կյանքը ցույց տվեց , որ այն նորովի է զարգանում՝ նոր գործիքեր, կիթառային էքսպերիմենտներ, մեղեդային այլ էլեմենտներ և այլն։

«Այս ժանրը ինքնուրույն և միայնակ մենախոսության ժանր է։ Հեղինակային ժանրի տեքստերում ընկերության, մարդամոտ ու ջերմ նոտաներն են գերիշխում և ոչ պայքարի ու կռվի կոչերը»։ «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 15-17-ը, Սևանում, Շորժայի տարածքում՝ «WishUp» լողափում։

Կարդացեք նաև

Back to top button