Ս. Թադեոսի վանքը պատրաստվում է ամենամյա ուխտագնացությանը
Այս տարի Իրանից և աշխարհից ավելի քան 5000 հայեր մասնակցելու են Ս.Թադեոսի վանքի ամենամյա ուխտագնացությանը։
Ուխտագնացության համակարգող հանդիպմանը, որին մասնակցել են Արևելյան Ատրպատական նահանգի թեմական խորհրդի անդամները, Չալդորանի նահանգապետն ասել է. «Ամեն տարի, Հիսուս Քրիստոսի առաքյալներից սուրբ Թադեոսի նահատակության կապակցությամբ, Ս.Թադեոսի վանքի համաշխարհային համալիրում իրանահայության ներկայությամբ տեղի է ունենում կրոնական հատուկ արարողություն»։
Նա նշել է, որ այս տարի ավելի քան 5000 հայ կմասնակցի ուխտագնացությանը, որը տեղի կունենա հուլիսի 28-30-ը:
Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Ս. Թադեոս Առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս Նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ:
2020.թ-ի դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: