
Գլխավոր դատախազությունը կարծում է, որ ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվությունը Հայաստանում իրավական կարգավորումների, վերահսկողության կարիք ունի։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարությանն առաջարկում է քննարկել համացանցային տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու և ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
Առաջարկը մտահոգում է իրավապաշտպաններին ու տեղեկատվական անվտանգության մասնագետներին։ Համոզված են, որ խնդրի առաջարկվող լուծումն ավելի խնդրահարույց է։
- Չի կարելի թույլ տալ, որ խոսքի ազատությունը սահմանափակվի՝ ասում են փորձագետները։
- Չի կարելի թույլ տալ, որ խոսքի ազատությունը օգտագործվի հանցավոր նպատակներով՝ ասում է դատախազությունը։
Ինչու՞ է առաջացել համացանցը վերահսկելու կարիք
Մայիսին գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից ամփոփեց կառույցի 2021 թվականի գործունեությունը՝ մի առանձին կետով անդրադառնալով համացանցային ռեսուրսների օգտագործմամբ թմրանյութերի ակտիվ, ապօրինի շրջանառության դեպքերին․
«Դրանք այժմ այնպիսի սարսափելի ծավալներ են ընդունել, այնպիսի բարդ մեխանիզմներ են կիրառվում առցանց հարթակների օգտագործմամբ թմրանյութեր տարածելիս, որ իրավապահ մարմինների համար շատ լուրջ խնդիրներ են առաջացել և նաև լուրջ վտանգ են ներկայացնում մեր դեռահասների, անչափահասների համար թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգարվվելու, այդ չարիքից կախվածության մեջ ընկնելու իմաստով»,- ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Միևնույն ժամանակ օնլայն հարթակը նաև խարդախությունների, հափշտակությունների էպիկենտրոն է, այստեղ քարոզվում է բռնություն, խտրականություն, թշնամանք։ Առաջարկն այս ամենը կանխելու համար է․
«Մենք չենք խոսում սոցիալական ցանցերն արգելափակելու մասին, չենք խոսում օգտահաշիվները կամայական, ապրիորի արգելափակելու մասին, մենք խոսում ենք դաշտում վերահսկողություն իրականացնելու և մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը հանցավոր նպատակներով օգտագործելու երևույթից զերծ պահելու մասին»,- ասում է Աբրահամյանը։
Ռուսաստանի ու Գերմանիայի օրինակով լուծումը խնդիր է
Դատախազության տարածած հայտարարությունում որպես օրինակ նշված են Ռուսաստանի և Գերմանիայի օրենսդրական կարգավորումները։
Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամաք սերմանող և այլ տեղեկատվությունը:
Եթե օրենքը խախտվի. Սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերահսկողությունը իրականացնում է Արդարադատության գործերով դաշնային մարմինը: Ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տվողները վճարում են տուգանք՝ 5-50 մլն. եվրոյի սահմաններում:
Ռուսաստանի Դաշնությունում «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն:
Եթե օրենքը խախտվի. ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է:
Մեդիոփորձագետ Սամվել Մարտիրոսյանն անհանգստանում է՝ բերված օրինակները լավագույնը չեն: «Հենց Ռոսկոմնադզոռը, որը որպես լավագույն օրինակ է բերում, պայքարում էր թմրադեղերի և ինքնասպանությունների կոչերի դեմ, բայց ակնհայտ է, որ Ռուսատանում այսօր անչափահասների շրջանում ինքնասպանությունների կտրուկ աճ է նկատվում։ Իսկ Ռոսկոմնադզոռը զբաղված է բացարձակ այլ գործով՝ քաղաքական ցենզուրայով։ Այնպես որ, եթե մենք մեր գլխին սարքենք այդպիսի մի մարմին, մի երկու տարի հետո կտեսնենք, որ արվում է այն, ինչ չէր հայտարարագրված։ Դա հաստատ լավ չի մեր երկրի համար», — ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Գոռ Աբրահամյանը հավաստիացնում է՝ առաջարկում ներկայացված երկրների փորձը տեղայնացնելու նպատակ չունեն։ Դրանք պարզապես հուշում են, որ նման խնդիրների դեպքում անհրաժեշտ է գնալ իրավական կարգավորումների ճանապարհով։
«Մեր նպատակը եղել է ցույց տալ, որ այսօր երկրները (այդ թվում բավականին ժողովրդավարական երկրներ), ստեղծել են համապատասխան իրավական մեխանիզմներ, ընդունել են օրենքներ, այդ օրենքների հիման վրա կիրառել են ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք ուղղված են համացանցում տեղեկատվական անվտանգության ապահովմանը և վերահսկողության իրականացմանը»։
Փորձագետներն անհանգիստ են․ ի՞նչ վտանգ կա
«Ինչ–որ մարմին ստեղծելով՝ հաստատ հայտարարագրված խնդիրները չեն լուծվի, իսկ մյուս կողմից եթե դու ստեղծում ես այնպիսի կառուց, որն ունի, օրինակ, մարդկանց ցանցում հետևելու կամ նրանց ստեղծած բովանդակությանը հետևելու, արգելափակումներ իրականցնելու հնարավորություն, դու ստեղծում ես մեխանիզմներ, որոնք արդեն կարող են կիրառվել շատ այլ նպատակներով»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Օրենքներ կարող են ընդունվել, սակայն նախապես պետք է մտածել նաև դրանց կիրառման հնարավորությունների ու ռիսկերի մասին։ Մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ համացանցը օրենքով չվերահսկվող տիրույթ է, և ջանքերը ծառայելու են ոչ թե թվարկված խնդիրների լուծմանը, այլ որևէ տեղեկատվություն արգելափակելու հնարավորության կամայական կիրառմանը։
«Բազմիցս և շատերը (ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս), փորձել են վերահսկողական մեխանիզմներ կիրառել, բայց դրանք արդյունավետ չեն, որովհետև համացանցը անվերահսկելի դաշտ է, այնտեղ անանունության սկզբունքը պահելը շատ հեշտ է, ու այդ առումով վերահսկման գործընթացը, անձի նույնականացումը բավականի բարդ են։ Բացի այդ՝ մարդու ազատությունների սահմանափակում է համարվում, անձնական տվյալների նկատմամբ վերահսկողության փորձ է դիտարկվում»։
Մեդիափորձագետները կարծում են, որ խնդրի լուծումը ոչ թե նոր և ռիսկային իրավական կարգավորումներ ներմուծելու, այլ արդեն եղածները կիրառելու մեջ է։
«Ասօր ոչ ոք, ոչ մի երկիր չունի լավ լուծումներ, որովհետև ինտերնետն այնքան բարդ բաներ է ստեղծել, որ հասկանալի է՝ ամեն ինչ մի կոճակով չես կարող լուծել։ Իրականում շատ հարցեր կարելի է լուծել՝ պարզապես եղած օրենքները կիրառելով, ընդ որում՝ ոչ մասնակի, ոչ թիրախային։ Մենք արդեն ունենք բազմաթիվ օրենքներ, որոնք չեն կիրառվում։ Օրինակ՝ ռասսայական խտրականության հետ կապված օրենքի ուղղությամբ ակնհայտ շատ անելիք կա, ու մյուս կողմից կար ակնհայտ սխալ օրենք, որը բարեբախտաբար չեղարկվեց ՝ ծանր վիրավորանքի քրեականացումն էր։ Շատ հարցեր կան, որ եթե եղած օրենքները նորմալ և սկզբունքային կիրառվեն, ինչ–որ լուծումներ կտան»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Առաջարկը՝ քննարկելի, լուծումը՝ պարտադիր
Բոլոր ռիսկերը գնահատված են՝ վստահեցնում է Գոռ Աբրահամյանը։ Ասում է՝ վերահսկողական մեխանիզմները կարող են ի չարս օգտագործվել, եթե սահմանված չլինեն հստակ չափանիշներ, խաղի կանոններ։ Դա կանխելու համար շահագրգիռ կողմերի մոբիլիզացում է ակնկալում․
«Մենք այս առաջարկությունը անելու պահին հանրայնացրել ենք մեր նախաձեռնությունը հենց նկատի ունենալով այդ ռիսկերի շուրջ և դրանց նվազագույնի հասցնելու մեխանիզմներ գտնելու շուրջ հանրային մոբիլիզացիա իրականանցելու, հանրային ռեսուրսները՝ ՀԿ–ների, փորձագետների, պետական պատկան մարմինների, մասնագետների ներգրավվածությունը ապահովելու և լավագույն լուծումները գտնելու հարցը»։
Գլխավոր դատախազի խորհրդականը շեշտում է՝ լուծումների վերջանական փաթեթ չի առաջարկվել, հստակ մոդել ևս մշակված չէ։ Սակայն համացանցի ստեղծած խնդիրները չափազանց լուրջ են՝ հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, և բոլոր ռիսկերը հաշվի առնելով լուծում, այնումանեայնիվ, պետք է տրվի։







