ԿարևորՀասարակություն

Պետք է ցատկել երևակայությունից դեպի հնարավորը. Աֆեյանին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել

Երբեք չեմ մտածել, որ հայրենիքում կկանգնեմ հայկական համալսարանում, որովհետև Սփյուռքում մեծանալով՝ Հայաստանը մեզ համար հեռավոր գաղափար էր։ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո առաջին անգամ Մայր բուհում գտնվելով՝ ասում է գիտնական և ձեռներեց Նուբար Աֆեյանը։  

«Ուրախ և հպարտ եմ, որ պատվավոր դոկտորի կոչում շնորհեց ինձ համալսարանը։ Անշուշտ, Հայաստանում ամենահզոր համալսարանն է, հաճելի է,  որ նկատում են իմ գործունեությունը և ձեռբերումները գիտության մեջ ։ Ես համալսարանների մեջ և շուրջն եմ մեծացել , ամբողջ կյանքս համալսարանների հետ կապի մեջ եմ եղել։ Հայաստանում այդքան էլ կապեր չունեմ, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և հույս ունեմ ապագայում կկարողանանք կապեր ստեղծել համալսարանի հետ»։

Տարիներ շարունակ երիտասարդները գիտությունից գնում էին բիզնես, այժմ ողջունելի է Նուբար Աֆեյանի անմիջական աջակցությունը երիտասարդ գիտնականներին գիտության մեջ պահելու ուղղությամբ՝ նկատում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը․

«Վերջին շրջանում ԵՊՀ-ում բավականին մեծ տեղաշարժերի ենք ականատես լինում, նաև գիտության բնագավառում։ Այս առումով բավականին մեծ էր նաև կառավարության ջանքերը 83 տոկոսով ավելացնելով գիտության ֆինանսավորումը, ինչը կարծում ենք էականորեն կփոխի երիտասարդների ներգրավվածությունը գիտության մեջ»։

Նուբար Աֆեյանը, խոսելով իր անցած ուղուց և փորձառությունից, գիտությամբ զբաղվող երիտասարդների ուշադրությունը հրավիրում է բեկումնային կամ «քանդող» նորարարությունների վրա։ Նրա դիտարկմամբ՝ բեկումնային նորարարությունները գիտության և երևակայության համադրման արդյունք են։ Պետք է ցատկել երևակայությունից դեպի հնարավորը։

«Առաջընթաց գրանցելու շատ ճանապարհներ կան։ Դրանցից մեկը գիտության զարգացումն է․ գիտական արդյունքը կարելի է արտադրանքի վերածել և ազդեցություն ունենալ։ Բայց դա անելու մյուս եղանակը, որը մենք կիրառում ենք մեր ընկերությունում,  հակառակ տրամաբանությունն ունի։ Դա պատկերացնելու, երևակայելու կարողությունն է։ Այսինքն՝ ցատկել երևակայությունից դեպի հնարավորը, հետո աշխատել հակառակ ուղղությամբ ու մտածել, թե ինչպես կարող ես դա իրականացնել»։

Ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը որևէ կառավարություն չի փոխել՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշում է Աֆեյանը։ Նրա խոսքով՝ պետք չէ անվերջ փաստեր փնտրել դրա եղելությունն ապացուցելու համար․եթե չլիներ, ապա հայերն աշխարհում սփռված չէին լինի։ Կարծում է՝ պետք է կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։ 

«Անցյալը կարող է իրավաբանորեն հետապնդել, տեսնել Թուրքիայի պարտականությունները և մոտեցումն ինչ է լինելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող տնտեսական և այլ կապեր ստեղծել։ Կարծում եմ՝ կամաց-կամաց, զգուշորեն կարևոր է դա անել, որովհետև, ի վերջո, մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա։ Մենք չենք կարող այլ տեղում ապրել, Հայաստանն այստեղ է։ Պետք է ձևը գտնել։ Պետք է բաժանել խնդիրները և ամեն ինչ իրար չխառնել»։

Նուբար Աֆեյանը նաև «Ապագա Հայկականը» շարժման համանախաձեռնողներից է։ Նրա խոսքով մինչ օրս նախաձեռնությունը տարբեր ուղղություններով հետազոտություներ է արել, որը ներկայացրել է նաև կառավարությանը։

«Վերջերս Արցախում հանդիպում ունեցանք և շատ մասնագետների հավաքեցինք, որ Արցախի ներկա խնդիրների և դժվարությունների մասին խոսակցություններ ունենանք և ծրագրերով զբաղվենք։ Այսօր կեսօրին հանդիպելու ենք Մատենադարանում և հայտարարելու ենք հաջորդ քայլերը։ Ընդհանրապես առաջացնելու ենք այդ 15 ուղղությունները , մասնագետներր համախմբելով Հայաստանի և դրսի հայերի հետ և սկսենք քայլեր անենք մեր ապագա ծրագրերը»։

«Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակի շուրջ արդեն համախմբել է շուրջ 90 հազար մարդու։ Քննարկումներով, ապա հստակ ծրագրերով հաղթահարել ճգնաժամն ու ստեղծել ապագա հայկականը․ նախաձեռնության հիմնադիր գործարարների նպատակն է։  Նախաձեռնության 15 նպատակները սկսում են տեսլականի սահմանումից, երաշխավորված պետականությանից, մինչև Հայաստան-Սփյուռք միասնականություն ու  փաստերի վրա հիմնված որոշումների կայացում։

Կարդացեք նաև

Back to top button