ԿարևորՀասարակություն

Զանգն ո՞վ կախի․ «Մշակութամետ»-ը հասել է Աղավնո, Երասխ ու Արծվաբերդ

«Մշակութամետ» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմից հետո՝ սահմանից սահման՝ Տավուշից մինչև Սյունիք գործելու հավակնոտ ծրագրով։ Ուզում են սահմանն ուժեղացնել մշակութային զենքով։ Արտադպրոցական խմբակների միջոցով կամավորները շաբաթ-կիրակի օրերին երեխաներին սովորեցնում են երաժշտական գործիքներ նվագել՝ ազգայինից մինչև թավջութակ, արվեստի պատմություն, դերասանական արվեստ և մի շարք այլ առարկաներ են դասավանդում։ Այժմ «Մշակութամետը» ոչ միայն Տավուշում է, այլև Գեղարքունիքում և Արցախում։

«Մշակութամետ»-ի հերթական կանգառը Արցախի Աղավնո գյուղն էր։ Այստեղ տեղափոխված երեք կամավորները դասավանդում են նաև Բերձորի և Սուս գյուղի աշակերտներին։ Նախաձեռնության համահիմնադիր Աննա Դանիելյանի խոսքով՝ գյուղում ոգու պակաս կա ու մարդիկ ուզում են մարդ տեսնել։

«Դա Արցախի դարպասն է։ Դա այն միջանցքն է, որը մեզ կապում է Արցախի հետ, ու անընդհատ խոսում են հանձնելու մասին, ասում են՝ ավելի լավ է այնտեղ մարդիկ չլինեն, ինչպես ենք պաշտպանելու և այլն։ Մենք ամենաբարձր մակարդակով այդ կարծիքները լսեցինք և պնդաճակատ կերպով հենց Աղավնո էլ գնացինք, թեև խնդիր եղավ, թե՛ տան հետ կապված, թե՛ մնացած այլ հարցերով, բայց հենց համայնքի ղեկավարներն ընդառաջեցին մեզ։ Մենք երեք կամավորի ուղարկեցինք, ովքեր Երևանում աշխատանքից դուրս եկան և գնացին Աղավնո»։

Նախաձեռնության աջակցությամբ Արծվաբերդում երեխաները փոքրիկ բիզնես են սկսել։ «Արտես»-ի հիմնադիրները բարբառով ասեղնագործություն են անում շապիկների վրա և վաճառքի հանում։ «Իրական դպրոց»-ի աշակերտները միացել են նախաձեռնությանը որպես ուսուցիչներ։ Աննա Դանիելյանի խոսքով՝ «Մշակութամետ»-ի նպատակն է «Արմաթ»-ի մոդելով որքան հնարավոր է շատ գյուղեր նեգրավել, իսկ հետո նաև պետության հետ խոսել, որ սա պետական ծրագիր դառնա։ «Մշակութամետ»-ին արդեն դիմել են Ախուրիկից, Վահանից և մի շարք այլ գյուղերից, որտեղ հասնելու համար բավարար ռեսուրսներ չունեն։ Այդ գյուղերին չմերժելու համար նախաձեռնությունը դրամահավաք է սկսել, որը հնարավորություն կտա հասնել այնտեղ, որտեղ մշակների կարիքը զգում են։

«Մենք չենք կարող գյուղում հարմարվել  ու փորձել խնդիրները լուծել, եթե մեզ չասեն այդ խնդիրների մասին։ Այդ առումով շատ կարևոր են գյուղի բնակիչները, ծնողները, դպրոցի տնօրենները, որոնց շատ շնորհակալ ենք։ Օրինակ՝ Այգեձորի, Չինարիի և Արծվաբերդի կամավորներն ամեն շաբաթ գիշերում են այնտեղի դպրոցի տնօրենի հորական տանը, որտեղ հիմա ոչ մեկ չի ապրում։ Մեզ են տվել, որ աչքի լույսի պես փայփայենք, բայց նաև մշակույթով լցնենք այդ տունը»։

Թե ինչպես Արուսյակը, Նաիրան ու Շուշանը գնացին Աղավնո

Արուսյակ Մկրտչյանը «Մշակութամետ»-ի հետ էր, երբ այն դեռ նոր էր կազմավորվում։ Արդեն 4 ամիս է Երևանում է թողել աշխատանքը, ընտանիքն ու ընկերներին և դասավանդում է Աղավնո գյուղում։  Սա առաջին դեպքն է, երբ մշակները ոչ թե շաբաթ-կիրակի օրերին են դասավանդում, այլ ապրում են տվյալ համայնքում։  Արուսյակի հետ Աղավնո են տեղափոխվել ազգային երգ ու պարի և դաշնամուրի ուսուցիչը՝ Նաիրա Տեր-Ասատրյանը, և ասեղնագործության ու ընթերցանության խմբակի մշակ Շուշան Բաբայանը։ Երեքի տեղափոխումն էլ ուղեկցվել է ընտանիքի հետ վեճերով։ Արուսյակ Մկրտչյան․

«Դե պարզ է, սկզբից դեմ էին, երեքիս դեպքում էլ նույնը տեղի ունեցավ, փոքրիկ վեճերի արդյունքում կարողացա հասնել նրան, որ այժմ բնակվում եմ Աղավնոյում»։

Մեր գյուղում՝ Աղավնոյում՝ ասում է երևանցի Արուսյակը, երբեմն ջուր կամ լույս չկա, օրերով անգամ հեռախոսակապ չկա, բայց դա ոչ մի կերպ ընդունած որոշման վրա չի ազդում։ Մշակներին «Դասավանդիր Հայաստանի» դեսպան, անգլերենի ուսուցիչ  Նինա Շահվերդյանն է ընդունել իր տանը։ Արուսյակի խոսքով՝ երեկոներն անցնում են բուռն քննարկումներով, միջոցառումներ նախագծելով։

«Շատ կարևոր է այնտեղ բնակություն հաստատելը, քանի որ դատարկված գյուղեր կան, դա նպաստում է պատերազմական իրավիճակների ստեղծմանը, քանի որ ավելի հեշտ է այն գյուղերը գրոհելը, որտեղ բնակչություն չկա։ Իմ  խնդրանքն է, որ մարդիկ գան Արցախ ապրելու, այստեղ բոլորին գրկաբաց սպասում են»։

Երբ հասուն մարդիկ ջահելների խելքին են ընկնում

Երբ դաշնամուրի ուսուցչուհին տեղափոխվեց Աղավնո, նրան Չինարիում և Այգեձորում փոխարինելու եկավ դաշնակահար Արմենուհի Հակոբյանը։ «Մշակութամետ»-ի նախաձեռնողները Արմենուհի Հակոբյանի երեխաների տարիքին են։ Ասում է՝ եթե այս երիտասարդներն իրենց մեջ չկրեին այդ ազգային արժեքները, գուցե, հաշվի առնելով տարիքային տարբերությունը, երկար չշարունակեր նրանց հետ համագործակցությունը։

Արմենուհի Հակոբյանը հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ է աշխատում, ասում է՝ Այգեձորում ու Չինարիում հանգստանում է, ոչ թե աշխատում։ Սեպտեմբերից, հնարավոր է, չկարողանա նախաձեռնության հետ շարունակել համագործակցությունը։

«Ասացի՝ էրեխեք ջան, սեպտեմբերից եթե չգամ, անպայման փոխարինող կգտնեմ։ Չինարիից մի աշակերտ կա, որին աչքիս տակ եմ առել, որ փոխարինի ինձ, իմ հեռավար օգնությամբ։ Այս փոքրիկները, որ ինձ հետ տեսաք, ասեցին՝ ընկեր Արմենուհի, մենք կգանք Ձեզ Երևանից կբերենք, դե արի ու մի արի»։

Թերեզան Գրիգորյանը մասնագիտությամբ մանկավարժ է, արդեն 14 տարի զբաղվում է խոհարարությամբ։ Երկրորդ մասնագիտությամբ զբոսավար է։ Նախաձեռնությանը միացել է որպես գորգագործության ուսուցիչ։ 15 աշակերտ ունի։ Նրանց հորդորել է, որ արվեստի կենտրոն բացեն, ստացած հմտությունները կիրառեն, պայուսակ, թևնոց պատրաստեն և օնլայն վաճառեն։ Նախաձեռնելու դեպքում խոստացել է գյուղ զբոսաշրջիկների բերել։

«Երասխը շատ մոտ է սահմանին, դա ես զգացի՝ այնտեղ լինելով։ Սկզբից ասել էի, որ ամիսը երկու անգամ գնամ, բայց այդ փաստը, որ թշնամին շատ մոտ է, ուզեցի մի գործ արած լինեմ, ամեն շաբաթ շատ զբաղված լինելով ամեն գործ թողնում ու գնում եմ»։

Ասում է՝ շաբաթվա ընթացքում 6 օր ծանրաբեռնված աշխատում է, սակայն այդ մեկ օրվա մեջ ավելի մեծ գործ է արած լինում։ Սկզբում, երբ տեսավ, թե թշնամին ինչ մոտ է, բարկացավ, հետո ընտելացավ, որ թշնամին քթի տակ է։

 «Ասում են՝ ինչի գանք, կտրվենք մեր առօրյա հանգստից։ Ասում եմ՝ եթե իմ աշակերտի ծնողը սահման է պահում, ես պետք գնամ իրեն սովորեցնեմ, որովհետև նույն ծնողը կարող է չգնալ, սահման չպահել։ Ունեմ աշակերտներ, որոնց հայրերը սահմանին են։ Ասում եմ, եթե ինքը չգնա սահման պահի, ինչ պիտի լինի։ Եթե ինքը սահման է պահում, ես իմ կյանքից մեկ օր չեմ կարո՞ղ տրամադրել, գնալ նրա երեխային ինչ-որ բան սովորեցնել»։  

Երբ պատմությունները վերածվում են գրքի

Լևոն Չքոլյանը նախաձեռնության լոգոտիպի հեղինակն է։ Այդ համագործակցությունից հետո դարձել է մշակներից մեկը։ Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, երեխաներին գրքի պատկերազարդման դասեր է տալիս։ Ուսումնական տարվա ավարտին արդեն 10 պատմություն պատրաստ է, առաջիկայում առանձին գրքով տպագրելու են։

«Մենք սովորություն ունենք գործը կիսատ թողնելու, մանավանդ երեխաները․ գնում են մի խմբակ, այդ խմբակում սովորում են մի ամիս, հասկանում են, որ մի քիչ դժվար է, դուրս են գալիս։ Իմ խնդիրն այն էր, որ երեխաները վերջացնեն իրենց պատմությունը։ Դա ամենագլխավորն էր։ Շատերն ասում էին՝ չեն կարողանում նկարել, նկարչական կրթություն չունեն,  բայց հենց դա է, որ չունեն ու իրենց ներսից եկողն են անում։ Ես ուզում էի հենց դա ստանալ, որ իրենց ներսից եկածը կարողանան պատկերել»։

Մելինե Բադալյանը սկզբում հետաքրքրված չէր  «Մշակութամետ»-ով, սակայն եղբոր առաջարկով դերասանական արվեստի դասընթացին մասնակցեց, հետո նաև՝ գրքի պատկերազարդման։

«Սկզբում, երբ ընկեր Լևոնը եկավ, խոսեց պատկերազարդումից, ամեն ինչ ոգևորիչ էր, բայց ինձ չէի տեսնում այդ ոլորտում։ Սակայն ընկերներս մոտեցան ընկեր Լևոնին, և նա այնքան գեղեցիկ ներկայացրեց պատկերազարդումը, որ ինքս իմ մեջ ասացի, որ փորձը փորձանք չէ»։

Փորձը  ոչ միայն փորձանք չէր, այլև արդյունավետ փորձառություն էր։ Պատկերազարդ գիրքը, որն առաջիկայում լույս կտեսնի, ներառելու է նաև Մելինեի պատմությունը՝ օրագրի տեսքով։ Ոգևորվել էր «Աննա Ֆրանկի օրագրից» և ստեղծել Միկային․ լուռ ու համր երիտասարդի, որը լսում է իրեն։

Երբ աշակերտները դասավանդում են

Գևորգ Մկրտչյանը Իրական դպրոցի սան է։ Նախաձեռնությունն առաջարկել է միանալ իրենց և աշակերտներին հայկական մեծ թմբուկի՝ կոպալի դասեր տալ։ Ասում է՝ սկզբում բոլորը մտածել են խոսքը դհոլի մասին է, սակայն հետո աստիճանաբար գործիքը սկսել է հետաքրքրել աշակերտներին։  Գևորգ Մկրտչյանի խոսքով՝ մինչև հիմա իր տարիքն աշակերտներին չի ասել, քանի որ տարբերությունը շատ փոքր է։ Ասում է՝ գյուղից աշակերտը չպետք է քաղաք հասնի երաժշտական դպրոց հաճախելու համար։

«Հայաստանն իր արմատները ճանաչելու խնդիր ունի, երեխաները, կոպալ նվագելով, մոտենում են իրենց նախնիներին։ Այն ժամանակ բոլոր գյուղերն իրենց կոպալչիներն են ունեցել, որոնք տարբեր  միջոցառումներին՝ Բարեկենդան, Վարդավառ, դուրս էին գալիս հրապարակ, նվագում ու դրա տակ պարում։ Հիմա մենք դրա ավանդույթը չունենք, կորցրել ենք։ Երեխաններն այդ գործիքը նվագելով հնարավոր է կոպալչի չդառնան, բայց կարող են այդ ավանդույթը վերականգնել»։ 

Էլինա Ռոմանովան  նույնպես Իրական դպրոցի սան է։ 14 «աշակերտ» ունի։ Այգեձորում նվագախումբ են ստեղծել «Հիլլի բենդ» անունով։ «Հիլլի»-ն Տավուշի բարբառով նշանակում է հայելի։ Ասում է՝ ուզում են մշակութային համապարփակ պաշտպանություն ստեղծել։

«Ապակենտրոնացված ցանց ասելով՝ հասկանում եմ, որ ինչ-որ գաղափարով Հայաստանի տարբեր մարզերի երեխաներն իրար միացված լինեն։ Այսինքն՝ Կապանի և Տավուշի երեխան իրար հետ նույն  լեզվով խոսեն։ Նրանք հիմա բարբառային  առանձնահատկություններ ունեն, որոնցով բաժանում են իրարից, բայց մեր նպատակն այն է, այդ երեխաները այնպիսի կրթություն, մտածելակերպ ունենան, որը նրանց Հայաստանի ցանկացած կետում կմիացնի, նաև «Մշակութամետ»-ի շնորհիվ»։

Հ․ Գ․ «Մշակութամետ»-ի ամփոփիչ միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին Հ․ Թումանյանի «Մկների ժողովը»։ Բեմից հարցնում էին՝ զանգն ո՞վ կկախի։ «Մշակութամետ» նախաձեռնությունը զանգը կախելու հանձնառությունը վերցրել է իր ձեռքը, սակայն դրա համար բավարար միջոցներ դեռ չկան։ Ուստի, «զանգ կախող» մշակներին կարելի է միանալ՝ մասնակցելով դրամահավաքին։

Կարդացեք նաև

Back to top button