
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/11/271113vengerov.mp3
«Երևանյան հեռանկարներ» 14- րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում է աշխարհահռչակ երիտասարդ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով իր կարիերան սկսել է դեռևս 5 տարեկանից, հաղթել հեղինակավոր միջազգային մրցույթներում և համագործակցել աշխարհի լավագույն դիրիժորների ու կատարողների հետ: Նրա մասնակցությունը մեր փառատոնին մշակութային ամենամեծ բարձունքներից է, այսօր նշեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։
Մաքսիմ Վենգերովը խոստովանում է, որ ուրախությամբ է ընդունել հրավերը և այսօր ուրախ է գտնվել այստեղ, սակայն ցավում է, որ մինչ օրս հայերեն չի խոսում: Հայաստանը շատ է սիրում, ունի շատ հայ ընկերներ։ «Ես ուրախ եմ , որ այսօր Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ: Անցած անգամ ես այստեղ էի որպես դիրիժոր, իսկ այժմ հանդես եմ գալու որպես ջուրթակահար: Շատ եմ սպասում հանրության հետ հանդիպմանը»։
Կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր ծրագիր և հույս հայտնում, որ այն կուրախացնի հանրությանը։ Երիտասարդ ջութակահարի համար դասական երաժշտությունը բացահայտում է տվյալ երկրի հանճարներին: Երաժիշտը բարձր է գնահատում հայ դասական երաժիշտների արվեստն ու ներդրումները: Այնպսի մեծանուն կոմպոզիտորներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյան ու Առնո Բաբաջանյան հանճարները, ջութակահարի ձևակերմամբ, հայկական մշակույթին հռչակ են բերել։ Լինելով երաժիշտ և ջութակահար՝ իրեն համարում է ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների, հատկապես իր ուսուցիչներից Մստիսլավ Ռոստրոպովիչի շարունակողը։
21- րդ դարում, իհարկե, տաղանդավոր կոմպոզիտորների կողմից նոր երաժշտություններ են գրվում, սակայն կարծում է, որ պետք է պահպանել հին լավագույն ավանդույթները: Հայ կոմպոզիտորներից Վենգերովի համար նախընտրելին Արամ Խաչատրյանն է, ում կոնցերտը հավանաբար շուտով կսովորի: Իսկ դաշնակահար Վահագն Պապայանի հետ մենահամերգը ջութակահարի համար սպսաված է։ «Պետք է ասեմ, որ Վահագն Պապյանի հետ մեր ընկերությունը երկու տասնամյակի պատմություն ունի: Մենք միասին ձայնագրել ենք ձայնասկավառակներ, և միասին նվագելը մեզ շատ է դուր գալիս: Պապյանը հետաքրքիր անձնավորություն է և նրա հետ մեկ բեմում հանդես գալն ինձ համար նույնպես հետաքրքիր է: Ես կարծում եմ, որ հանրությունը կտեսնի մեր ոչ միայն երաժշտական, այլ նաև հոգևոր ընկերությունը»,- ասում է։
Խոսելով անձնական կյանքից` ջութակահար Վենգերովը նշեց, որ Հայաստան առաջին անգամ եկել է իր ընկերուհու, այժմ արդեն կնոջ՝ Օլգայի հետ: Երկու տարի է, ինչ նրանք ամուսնացել են և արդեն ունեն 2 դուստր` 2 տարեկան Լիզան և 5 ամսական Պոլինան: Այս ամենի համար Վենգերովը շնորհակալ է Հայաստանին, ուր առաջին անգամ եկել է սիրելիի ուղեկցությամբ։




