
BigStory VC վենչուրային հիմնադրամը շարունակում է ներդրումներ անել հայկական ստարտափներում։ Հիմնադրամի վեցերորդ ներդրումն ուղղվել է քնի խանգարումների դեպքում արագ ախտորոշում և արդյունավետ բուժում առաջարկող հայկական ընկերությանը։ SleepDoctor ստարտափը, որը հիմնադրել են Թաթուլ Աջամյանը և Արմեն Վերդյանը, ստեղծվել է Հայաստանում, կիրառվել Ֆրանսիայում, հաջորդ կանգառը Միացյալ Նահանգներն է։
ԱՀԿ պաշտոնական վիճակագրության համաձայն ՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչ տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն, իսկ 1/3-ը խռմփացնում է քնի ընթացքում: Որոշ գնահատումներով՝ քնի խանգարումներն աճում են քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ: Ավելին՝ հաճախ քնի խանգարումը ոչ թե կարճատև, այլ՝ մշտական բնույթ ունի, զարգանում է որպես առողջական խնդրի ախտանիշ կամ առաջացնում է առողջական խնդիրներ և բացասաբար ազդում կյանքի որակի վրա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է նյարդաբան Սամսոն Խաչատրյանը.
«Կան նաև քնի հիվանդություններ։ Ասում են՝ քնի խանգարում, բայց դրանք լիարժեք հիվանդություններ են։ Ինսոմնիան շատ տարածված խնդիր է։ Բայց կան նաև շատ ավելի անտեսված քնի խանգարումներ և դրանց մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում քնի շնչառական խանգարումների խումբը կամ ափնոեն՝ քնի շնչադադարը։ Այն բավական տարածված է հատկապես տղամարդկանց մոտ․ միջին տարիքի տղամարդկանց մոտ 15 տոկոսի մոտ է պատահում տարբեր հետազոտություններով։ Բայց կանանց մոտ էլ է հանդիպում, հիմնական ռիսկի գործոններն են մարմնի ավելորդ զանգվածը, կարող է կախված լինել էնդոկրին շեղումներից։ Շնչադադարի սինդրոմը փոխկապակցված է տարբեր կարևոր օրգան համակարգերի աշխատանքի հետ։ Հատկապես սրտանոթային համակարգն է տուժում։ Այսինքն՝ դա մի խնդիր է, որը միանգամից չի հայտնաբերվում»։
Մեր հայրենակիցներ Թաթուլ Աճամյանի ու Արմեն Վերդյանի ստարտափը հենց այս խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանն է ուղղված։ Կախված քնի խանգարման տեսակներից ու խնդիրներից՝ SleepDoctor-ն իր ինովատիվ լուծումներով հեշտացնում է քնի խանգարումներ ունեցող մարդկանց դիագնոզը և հետագա բուժումը։ Իսկ գաղափարն առաջացավ, երբ զրուցակիցս՝ Թաթուլ Աճամյանը, կարդաց հայտնի նյարդաբանի շ գիրքը քնի խանգարման ծանր հետևանքների մասին։
«Քնելը, հնարավոր է, ամենակարևոր պրոցեսն է մեր օրգանիզմում։ Երբ սկսեցինք հետաքրքրվել քնով, հասկացանք ինչքան խնդիրներ կան։ Ամենից շատ տպավորվել է մի կին, որը 1 տարի կլինիկական դեպրեսիա ուներ և արդեն շատ ծանր դեղերով էր բուժվում։ Հերթական անգամ հիվանդանոցում բուժքույրը ասել էր՝ հնարավոր է դուք «Սլիփ ափնեա» ունեք։ Իրեն թեստ արեցին, հաստատվեց, բուժումը նշանակեցին, դրանից հետո այդ կինն այլևս դեպրեսիայի խնդիր չունի»։
Իսկ ինչու չստեղծել սեփական ստարտափը՝ ավելի արդյունավետ լուծումներով։ Կարճ ժամանակում Թաթուլ Աճամյանի ու Արմեն Վերդյանը ստեղծեցին իրենց կայքը։ Արագ ախտորոշում և արդյունավետ բուժում առաջարկող ստարտափը ստեղծվեց Հայաստանում, կիրառվեց Ֆրանսիայում։ Մեկ տարվա ընթացքում զգալի հաջողություններ են գրանցել։
«800 մլն մարդ աշխարհում չի բուժվում, որովհետև ախտորոշված չի։ Իսկ ախտորոշումը շատ երկար ու դժվար պրոցես է։ Փարիզում դա տևում է 3-6 ամիս, իսկ մենք անում ենք 3-6 շաբաթվա ընթացքում, և ամեն ինչ անում ենք պացիենտի տանը, նա նույնիսկ բժիշկի մոտ չի գնում»։
Ստարտափից օգտվելը հեշտ է։ Մի քանի գործողություն և անքնության պատճառները հայտնի են։ Ընդամենը պետք է մուտք գործել կայք և պատասխանել հարցերին.
«Միջինում 15 հարցի պատասխանելուց հետո դուք ստանում եք պատասխան․ արդյոք հավանականությունը բա՞րձր է, թե՞ ցածր, որ դուք քնի խանգարման խնդիր ունեք։ Եթե ցածր է, դուք պարզապես կարող եք ինչ-որ հոդվածներ կարդալ, բայց եթե բարձր է, մենք առաջարկում ենք մեր բժիշկներից մեկի հետ վիդեոխորհրդատվություն։ Դրանից հետո բժիշկն ուղարկում է ինչ–որ սարք, որը պետք է ձեր վրա դնեք ու քնեք։ Հետո մենք գալիս ենք, այդ սարքը վերցնում ենք, որին հաջորդում է մյուս խորհրդատվությունը ու բժիշկն արդեն ասում է՝ ինչ խնդիրներ ունեք և ինչպես դրանք լուծել»։
Այն պացիենտները, որոնց մոտ ախտորոշվում է «Սլիփ ափնեա»՝ քնի ժամանակ շնչարգելություն, որպես կանոն գեր մարդիկ են։ Նրանց անքնությունը դրսևորվում է խռմփոցով։ Բայց եթե կա ախտորոշում, կա նաև բուժում։ Համապատասխան սարքավորումը հենց նրանց համար է.
«Այդ մարդիկ քնում են դիմակով, որը օդ է փչում կոկորդի մեջ, թույլ չի տալիս, որ կոկորդը գիշերները փակվի։ Մինչև կյանքի վերջ մարդ այդ դիմակով պետք է քնի։ Երբ դիմակն օգտագործելուց կես տարի հետո առանց դիմակ են քնում, ունենում են շատ ավելի քիչ ափնեա։ Բայց եթե մի քանի շաբաթ նորից չօգտագործեն, այդ ափնեան վերադառնում է նույն մակարդակին։ Սովորաբար ափնեան կապված է նաև ավել քաշի հետ։ Եթե մարդու քաշը նվազի, հնարավոր է այլևս սլիփ ափնեա չունենա։
Շուրջ մեկ տարվա ընթացքում հայկական ստարտափի ավելի քան 30000 քնի խնդիր ունեցող այցելուներից 1000-ը վիդեխորհրդատվություն է ստացել, նրանցից 800-ը համապատասխան սարքավորմամբ գիշերային թեստ է անցել։ 100 -ի մոտ արդեն դրական արդյունք կա։
Ստարտափի հաջորդ կանգարը ԱՄՆ–ն է․ այստեղ անքնությամբ է տառապում շուրջ 60 մլն մարդ։




