
Ուկրաինան կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, երբ տնտեսապես պատրաստ լինի, հայտարարել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուկրաինական հեռուստակայաններով հեռարձակված հարցազրույցում: «Հենց հասնենք մի մակարդակի, երբ հնարավորություն ունենանք նորմալ պայմաններով համաձայնության գալ, այն ժամանակ էլ կխոսենք փաստաթուղթը ստորագրելու մասին: Թե երբ դա կլինի՝ ժամանակը ցույց կտա: Ես ուզում եմ, որ այդ պահը որքան հնարավոր է շուտ գա»,- ասել է Յանուկովիչը:
Նշենք, որ անցած հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում էր Վիլնյուսում վաղը հրավիրված Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ուկրաինական ընդդիմությունը քննադատել է իշխանությունների որոշումը և պահանջում է կառավարության հրաժարականը: Այդ նպատակով ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպվել երկրով մեկ։ Այսօր բողոքի ակցիաներ կանցկացվեն կառավարության շենքի մոտ, իսկ վաղը՝ Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում։




