
The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանի խոսքով՝ TechWeek-ն աննախադեպ է մարզային նմանօրինակ միջոցառումների շարքում։ Տեղեկացվածության ու գիտելիքի այսպիսի խիտ պաշար դեռևս մարզերում չէր եղել՝ ասում է։
«Այստեղ են Հայաստանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունները: Այստեղ կա տեղեկացվածության ու գիտելիքի այնպիսի խիտ պաշար, որպիսին երբեք չէր եղել ո՛չ Գյումրիում, ո՛չ էլ այլ մարզերում։ Բավականին պրոակտիվ են մասնակիցները, խոսնակներին «բռնացնում» հարցեր են տալիս, փորձում են ինչ-որ ծանոթություններ ձեռք բերել։ Սա դրական երևույթ է, քանի որ մեկ ելույթ, մեկ ծանոթություն, մեկ գիտելիք, փորձի փոխանակում կարող է բազմաթիվ կյանքեր փոխել»։
Ըստ Նարեկ Վարդանյանի՝ Հայաստանը աշխարհում որպես տեխնոլոգիական երկիր դիրքավորելու համար անհրաժեշտ է լուծել խոշոր խնդիրներ, որոնք անհամեմատ կբարձրացնեն Հայաստանի կարևորությունը։
«Տեխնոլոգիական երկիր համարվելու համար պետք է խոշոր խնդիրներ լուծենք։ Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է նման նպատակներ դնել։ TechWeek-ի նպատակներից մեկը հենց այդ է․ ցույց տալ, մոտիվացնել մարդկանց, որ իրենք կարող են ոչ միայն տեղական խնդիրներ լուծել, այլև կարող են շատ մեծ, համաշխարհային, վախենալու նպատակներ դնել իրենց առջև ու փորձեն լուծել դրանք, որովհետև նման խնդիրներ լուծելով աշխարհի համար կարևոր ես դառնում, ու անկախ նրանից՝ որքան փոքր պետություն ես, բոլորն ուշադրություն են դարձնում քեզ»։
Գուկա՞ս Գյումրի TechWeek. Տեխնոլոգիական ապակենտրոնացումն ու մարզերի համաչափ զարգացումը միջոցառման կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է։ Նախորդ տարի Ստեփանակերտում անցկացվող TechWeek-ը՝ տեխնոլոգիական շաբաթն, այս տարի Գյումրիում է։ Տեխնոշաբաթվա շրջանակում անցկացվել են մասնագիտական կոնֆերանսներ, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Խնդիրը նպատակների բացակայությունն է․ Գևորգ Սաֆարյան
Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչպիսի տնտեսություն ենք ուզում ունենալ և ի՞նչ տեխնոլոգիական ուղղություններ զարգացնել, հետո նոր մտածել գործիքների մասին։ Նրա կարծիքով՝ այժմ խնդիրը նպատակների բացակայությունն է։
«Առաջին քայլը ՝ պետք է նպատակներ սահմանել ՝ ի՞նչ ուղղություններով պետք է զարգանանք, որովհետև տեխնոլոգիաները բազմազան են, և բոլորով զբաղվել հնարավոր չէ։ Պետք է հստակ հասկանալ՝ Հայաստանին որ ուղղություներն են պետք, և ինչպիսին պետք է լինի մեր ապագան, որ այդ ուղղությամբ միջավայր ստեղծվի, որը այդ ուղղությունների զարգացման համար բարենպաստ կլինի։ Սա առաջին քայլն է, հետո կախված նրանից, թե ինչ ձևով ենք ուզում, անհրաժեշտ է բոլոր կրթական ծրագրերը հասկանալ, նաև հասկանալ, թե ինչ ներդրումային գործիքներ ենք կիրառելու, ինչ օրենսդրական դաշտ պետք է սահմանվի, որ այդ ընկերությունները ձևավորվեն և զարգանան»։
Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է այնպիսի ընկերությունների աջակցել և այնպիսի տնտեսություն ձևավորել, որն աշխարհում վաճառվող հայաստանյան արտադրանքներ կստեղծի։
«Ոչ թե մեր միտքը կծառայի այլ տնտեսությունների, միջազգային մեծ կորպորացիաների, այլ մենք ստեղծենք մեր ընկերությունները, որոնք, բարդ խնդիրներ լուծելով, կծառայեն աշխարհին։ Դա թույլ կտա մեզ թե՛ զարգացնել մեր տնտեսությունը, թե՛ օգտակար լինել մարդկությանը, քան զուտ ծառայություններ մատուցել»։
«Իրական դպրոց»-ն իրականանում է Իջևանում
Լուսինե Մարգարյանն «Իրական դպրոց»-ի սան է։ Դպրոցը չորս մասնաճյուղ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում։ Սեպտեմբերին ԵՄ ֆինանսավորմամբ Իջևանում նոր մասնաճյուղ կբացվի։ Ասում է՝ Իրական դպրոցը հիմնված նախագծային ուսուցման վրա, իսկ հիմնական գիտելիքները ուսանողները ստանում են տեխնոլոգիական ընկերությունում։ TechWeek-ի ընթացքում կապեր է հաստատել մի շարք ընկերությունների հետ։ «Տվյալ կազմակերպության ղեկավարից առաջադրանք ենք ստանում և առաջադրանքի համար այդ թեման ուսումնասիրելով ուսումնասիրում ենք և՛ անգլերեն, և՛ մաթեմատիկա, և՛ ֆիզիկա։ Ինքնուսուցմամբ ավելի լավ ենք կրթվում, քան 45 րոպե դասի նստելով։ Քանի որ մինչև 9-րդ դասարան հիմնական ուսուցմամբ եմ սովորել, կարող եմ ասել, որ «Իրական դպրոց»-ն ինքնակրթվելով ավելի շատ հնարավորություն է տվել, քան այդ 9 տարին՝ 45 րոպե դասի նստելով, հաշվելով րոպեները, թե երբ ենք ավարտվելու դասերը»։
Մարտակերտի «բիթի» էրեխեքը
Նարեն, Մերին, Դիանան և Արշակը Բերդաշենում անցկացվող փառատոնից հետո որոշել էին իրենց շփումը շարունակել, սակայն հայտնաբերել էին, որ հավաքվելու հարմար տեղ չեն գտնում։ Չկա, պետք է ստեղծենք՝ որոշում են։ Մասնակցում են Artsakh STEM expo-ին և մենթորի աջակցություն ստանում։ Հիմա համագործակցում են «Հայքն աշխարհին` Արցախից» ծրագրի հետ և պատրաստվում են բացել Bitty Co-Working-ը։ Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում ներկայացնելու են իրենց ծրագիրը՝ ներդրումներ ներգրավելու հեռանկարով՝ ասում է Նարե Ղահրամանյանը։
«Սկզբում սկսելու ենք Մարտակերտ քաղաքից, բայց քանի որ մեծ ծրագիր է, սկզբում զարգացման կենտրոն ենք բացելու, որից հետո նաև՝ co-working space-ը։ Այժմ ֆոնդհայթայթման փուլում ենք, տարբեր դրամաշնորհների ենք մասնակցել , ինչպես նաև որոշ բարեգործներ, ծանոթանալով մեր նախագծի հետ, աջակցություն են առաջարկել։ Ցանկանում ենք մեր նախագիծն ընդլայնել ոչ միայն Արցախի խոշոր քաղաքներում, այլև՝ ծայրամասերում»։
Լաբորատորիաներ՝ Սյունիքի սահմանամերձ 7 գյուղերում
Զարուհի Խլոյանը Վարդենիսից Սյունիքում իրականացվող ծրագրի է աջակցել։ Չորս ամիս առաջ հիմնադրված «Տեր եմ» հայրենատեր նախագծերի աջակցման հիմնադրամում զբաղվում է Digital fundraising (թվային դրամահավաք) ոլորտում իրականացվող արշավների համակարգմամբ։
«Վերջին նախագիծը, որ արել ենք Սյունիքում, բնագիտամաթեմատիկական լաբորատորիաներ կառուցելն էր 7 սահմանամերձ գյուղերում։ Դրամահավաքին վերջին փուլում ենք միացել, օգնել ենք արշավի իրականացման հարցում։ Դպրոցում լաբորատորիաներն արդեն կառուցված են։ Օգոստոսին ամբողջովին պատրաստ և տեղադրված կլինեն»։
Ցանց՝ ի օգուտ մեզ և ձեզ․ ինչո՞ւ է անհրաժեշտ տեխնոլոգիական ապակենտրոն զարգացումը
Զարուհի Խլոյանը նաև «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի կամավորներից է։ Ասում է՝ տեխնոլոգիական շաբաթին եկել է գիտելիքի, ստրատեգիաների և նեթվորքինգի հետևից։
«ՄԵՄ-ում ուզում ենք ֆրիլանս հարթակ ստեղծել, մարզի բնակիչների և գործատուների միջև, այսինքն՝ գործատուն գալիս է հարթակ, իր համար օգնական է վերցնում, արդյունքում թե այդ օգնականն է շատ բաներ սովորում, թե գործատուի գործն է առաջ գնում։ Նաև ուզում ենք ճամբար կազմակերպել, տեխնիկական ապահովվածության խնդիր ենք լուծում։ Ցանցում նաև ամսական բաժանորդագրության ձևն ենք դրել, որ մարդն ամեն ամիս ինչ-որ գումար տա, մենք էլ կկարողանանք հետագայի ֆինանսական պլանը հասկանալ։ Այս պահին դրա համար եմ նեթվորքինգ անում»։
Մարզերը պետության դարպասներն են, իսկ ամուր դարպասներ ունենալու համար պետք է զարգացած համայնքներ ունենալ՝ ասում Վարդենիսից Սյունիքում ծրագիր իրականացրած Զարուհի Խլոյանը: «Կենտրոնացումը բերելու է նրան, որ թույլ պատեր ենք ունենալու, և պետք չի տան միայն մեկ սենյակով զբաղվել, որովհետև ամբողջ տան համար բոլոր սենյակներն էլ կարևոր են»։
TechWeek-ի հետևանքի հետևանքների մասին․ Հրանտ Խաչատրյան
YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ միջոցառումը տեղեկատվության փոխանակման հիանալի միջավայր է։ Սա հնարավորություն է տալիս երևանցիներին ծանոթանալ՝ ինչ է կատարվում մարզերում, իսկ մարզաբնակներին՝ ինչ է կատարվում աշխարհի այլ մասերում։ Նրա խոսքով՝ առայժմ համայնքն ավելի շատ ներդրում է անում մարզային զարգացման մեջ, քան դրա պտուղները քաղում, սակայն հետագայում չի բացառում նաև նման սցենարի զարգացումը․
«Պատկերացրեք այսպիսի սցենար․ ինչ-որ ընկերություն Հայաստանում տաղանդի, պոտենցիալ աշխատակիցների քանակը գնահատելիս սկսում է հաշվի առնել նաև Երևանից դուրս գտնվող ռեսուրսները։ Այս պահին վստահ չեմ, որ այդ ասպեկտը գործում է։ Իհարկե, ունենք ընկերություններ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեն, Գյումրիում հենց ամենաշատ կոնցենտրացիան կա։ Առայժմ համայնքն ավելի շատ ներդրում է անում մարզային զարգացման մեջ, քան այդ զարգացման պտուղներն է քաղում։ Շատ տպավորիչ է, որ այսքան մեծ կոնսենուս կա մարզերում այդ ներդրումն անելու ուղղությամբ»։
TechWeek-ը մի քար ավել է դնում
Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ մարզում մասնաճյուղ բացելու համար բազմաթիվ հանգամանքներ պետք է համընկնեն։ Այս պահին խոշոր քայլեր անողներն ընկերություններն են։ Խաչատրյանը բերում է Գյումրիում մասնաճյուղ բացած EPAM ընկերության օրինակը։
«Իմ տպավորությամբ՝ քովիդից հետո EPAM ընկերության որոշ գյումրեցի աշխատակիցներ բավականաչափ ջանք դրեցին, որ Գյումրի տեղափոխվեն և տեղում թիմ հավաքեն։ Դասընթացներ արեցին, և այստեղ գրասենյակ բացվեց։ Դա, փաստորեն, չեն անում այդ պահին Գյումրիում ապրողները, դա իրենց համար շատ ավելի դժվար կլիներ։ Բայց Գյումրիին ծանոթ մարդուն, որն աշխատում է Երևանում և EPAM-ում, ավելի հեշտ է դա կազմակերպել։ Այդ քայլին գնալու համար բազմաթիվ հանգամանքներ պետք է համընկնեն։ Ընկերությունը պետք է տեսնի այդ հեռանկարը, որ Գյումրիում կարող է թիմը մեծացնել , որ եթե կրթական ծրագրեր անի, մասնակիցներ կունենա։ Այս միջոցառման արդյունքում շատ հնարավոր է՝ ավելանա այն մարդկանց թիվը, որոնք այդ դասընթացներին կգնան, որովհետև ինչ-որ հեռանկարներ տեսնում են։ Այս միջոցառումը արդեն մի քար ավելի է դնում»։

Համայնքում փորձ է կուտակվում, որը նպաստելու է հաջորդող միջոցառումներին
«Սա հետաքրքիր երևույթների է բերում։ Օրինակ՝ շատերի համար հասկանալի է դառնում ենթակառուցվածքների մակարդակը։ Եթե ինչ-որ մեկն ուզենա Գյումրիում միջոցառում կազմակերպել, արդեն կարող է TechWeek-ին դիմել և իմանալ, օրինակ, թե քանի հյուրանոց ստացվեց կազմակերպել, ինչպես հաջողվեց այսքան մարդու կերակրել, ինչպիսին էին դահլիճի պայմանները։ Համայնքում փորձ է կուտակվում, որը կնպաստի արդեն հաջորդ միջոցառումներին։ Տեղական բիզնեսները սկսում են հասկանալ հնարավորությունները, նաև՝ թե ում ինչ առաջարկեն»։



















