Թևից մտած ու կոկորդում մնացած բեկորը բժիշկները հեռացրին հոսպիտալում, բայց ո՞վ կարող է հեռացնել ընկերոջ՝ Վլադի՝ ականջներում մնացած ձայնը․ օգնեք տղե՛րք, մահանում եմ։ Վլադը մահացավ Նորիկից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Նորիկ Տոնոյանը զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 7-ին , ծառայել է Ջրականում։ 44-օրյա պատերազմի օրերին կռվել է Ջրականում, ապա՝ տեղափոխվել Հադրութ։ Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է։ Տուժել էր ոտքը, թևից բեկորը մտել ու կոկորդի մեջ էր մնացել, որը հեռացրին Ստեփանակերտի հոսպիտալում։ Վիրավորման հետևանքով Նորիկը վաղաժամ զորացրվել է 2021-ի փետրվարի 22-ին, այժմ սիրած աշխատանքով՝ խոհարարությամբ է զբաղվում, որի մասին դեռ մանկուց էր երազում։ Աշխատանքն օգնում է մոռանալ պատերազմի վերքերը, բայց ոչ ընկերոջ՝ օգնություն աղերսող ձայնը։ Նորիկ Տոնոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 23-ին Երևանում, այժմ ապրում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում։