
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել են Վահագն Չախալյանի գործին` նկատելով, որ Վրաստանի վերջին օրերի բանտային սկանդալը թույլ է տալիս ենթադրել, թե որքան առավել ծանր կտտանքների կարող է ենթարկվված լինել ջավախահայ գործիչը, ով 2010 թվականին վրաց իշխանությունների կողմից ձերբակալվել եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Բանախոսներն այսօր կրկին համոզված պնդել են, որ Չախալյանը դատապարտվել է իր հասարակական-քաղաքական գործունեության համար եւ նրա նկատմամբ հալածանքն ու դատապարտումը կրում էր քաղաքական բնույթ:
Զարուհի Փոստանջյանը վերջերս է եղել Վրաստանում: Նրան թույլ չեն տվել հանդիպել Չախալյանի հետ: Ըստ պատգամավորի` Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր են, քանի որ, կարծում է, որքան ժողովրդավարական լինի Վրաստանը, այնքան այնտեղ կհարգվեն ջավախքահայության իրավունքները: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս խնդրում պետք է քայլեր կատարի նաեւ Հայաստանի իշխանությունը։
«Սարդարապատ» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով` Վրաստանի իշխանությունների գործունեության մեջ զարմանալի բան չկա, սակայն նա անհասկանալի է համարում, որ անգործություն կա Հայաստանի իշխանությունների մոտ: Ինչպես ընդդիմադիր պատգամավորը Զարուհի Փոստանջյանը, այնպես էլ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը համոզված է, որ ջավախքահայության շրջանում գոյություն ունեցող բազում խնդիրների պատճառը նաեւ այդ անգործությունն է:




