Վերնատուն

«Մեկ ռեժիսորի թատրոնը»․ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 50 տարեկան է․ «Վերնատուն»

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը այս տարի նշում է իր 50-ամյակը և թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյա հոբելյանները։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնվել է 1972 թվականին, Սարյանի մահից անմիջապես հետո, ասում են այս փաստը պատահական չէ, Սարյանի ոչ միայն հեղինակությունը այլև իր արվեստի և գեղագիտության ներկայությունը ամուր հենարան է եղել Իգիթյանի համար։

Հետագայում թանգարանի հիմանդրման թույլտվությունը ստանալու համար Իգիթյանը մեծ փորձությունների ու դժվարությունների միջով պիտի անցներ՝ հաղթահարելով խորհրդային ռեժիմի անհաղթահարելի խոչընդոտները։

Խորհրդային տարիներին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը «ամենաժամանակակիցն» էր, միակը խորհրդային տարածքում, որտեղ մոդեռն արվեստն իրեն ավելի ազատ էր զգում։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Զառա Այրումյանը 3 տասնամյակ և ավելի աշխատում է թանգարանում։ Պատմում է թանգարանի առանձնահատկությունների և Հ․ Իգիթյանի կարևոր դերակատարման մասին։

«Իգիթյանն ասում էր, որ մենք նավթ չունեք, բայց ունենք տաղանդավոր ժողովուրդ և հենց դա պիտի ցույց տանք աշխարհին», – ասում է Զառա Այրումյանը։

«Նա մեզ սովորեցրեց որակյալ նկարչություն տեսնել և իրենից հետո էլ աշխատում ենք, որ այդ որակը պահպանվի»։

Զառա Այրումյանն ասում է, որ թանգարանը ձևավորվել է նվիրատվությունների շնորհիվ և մինչ օրս էլ նույն ուղով են գնում, քանի որ նկարները ձեռք բերելու համար հատուկ ֆինանսավորում չունեն։ Թանգարանը դեռ շարունակում է իրականացնել Հ․ Իգիթյանի չիրականացված ծրագրերը․ այդ մասին է վկայում հոբելյանական նոր ալբոմը։ Թանգարանը երբեք չի ունեցել հանձնաժողով, նկարներն ընտրվել են բացառապես Իգիթյանի ցանկությամբ։

«Այո, թանգարանը մենաշնորհային էր, – ասում է Զառա Այրումյանը, – իսկ ինչ վատ բան կար դրա մեջ, ինքը որոշողն ու հեղինակն էր ամեն ինչի․ էքսպոզիցիայի, ցուցահանդեսների, գրքերի»։

Հենիկ Իգիթյանը մի հայտնի ցիտատ ունի, պատմում է Զառա Այրումյանը․ «Այս թանգարանը միշտ եղել է և կա, որպես «մեկ ռեժիսորի թատրոն» և առայժմ իմ սցենարով է ընթանում այս թանգարանի կյանքը, չգիտեմ ինձնից հետո ինչ կլինի»։

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակի և թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը շարունակվում է Կառավարական տուն N 2 հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք)։

Ցուցահանդեսին ներկայացված են մի քանի տասնյակ հեղինակների շուրջ 300 աշխատանք, թանգարանի մասին պատմող լուսանկարներ ու վավերագրական նյութեր։

Back to top button