ԿարևորՔաղաքական

Վանեցյանը հեռանում է, «Պատիվ ունեմ»-ը մնում է առանց «Հայրենիք»-ի

ԱԱԾ նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժը հեռանում է խորհրդարանից։ Որոշումը կայացրել են անձամբ Վանեցյանը և «Հայրենիք» կուսակցության խորհուրդը։ Որոշվել է նաև դադարեցնել հանրապետական կուսակցության հետ  գործակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակում։ Ինչպես կարող է ազդել այս որոշումը  խորհրդարանի հետագա աշխատանքի վրա, և ինչ է ծրագրել ընդդիմությունը։ 

Վանեցյանի հրաժարականը, ըստ էության, անակնկալ չէր, դեռ ապրիլից նա ասում էր՝ խորհրդարան չի վերադառնա։ Վանեցյանը վերջին շրջանում անգամ չէր մասնակցում ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստերին՝ ԱԺ-ի շենքի բակում ցուցարաների հետ անցկացնելով  ժամանակը։ Որոշ դեպքերում փորձ է արվում ներկայացնել, որ ընդդիմադիրների շրջանում կա պառակտում և դրանով է պայմանավորված Վանեցյանի որոշումը, բայց միաժամանակ հաղորդվում է, որ հրաժարականի որոշումը հրապարակելուց առաջ Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ՝ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ Հանրապետական կուսակցության հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Դա չի վերաբերում ԱԺ նույնանուն խմբակցությանը։ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը վստահեցնում է՝ մանդատը վայր դնելը չի կարող կաշկանդել կամ ուղղորդել խմբակցության մյուս գործընկերներին, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած անկուսակցական ընկերներին։ Վանեցյանն ասում է՝ ամեն մեկը պետք է իր  ընտրությունն անի։

Բացի Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց նաև իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն է որոշել պայքարը խորհրդարանից դուրս շարունակել։ Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքում հետագայում կլինեն բացառապես հանրապետական գործիչներ՝ թափուր մանդատները կստանան նախընտրական ցուցակում ընդգրկված ՀՀԿ-ականները։  

«Հայրենիքի» որոշումը և Վանեցյանի մանդատը վայր դնելը որևէ կերպ չեն ազդի խորհրդարանի հետագա աշխատանքի վրա։ Սահմանադրությամբ նախատեսված չէ ԱԺ-ի լուծարման գործընթաց, անգամ եթե մանդատները վայր դնեն բոլոր ընդդիմադիրները՝ ասում է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։

«Օրենքը սահմանում է, որ խորհրդարանում պատգամավորների մանդատը վայր դնելու դեպքում մանդատը փոխանցվում է հերթական հաջորդ համարի ներքո գտնվող թեկնածուներին, եթե չեն ներկայացնում ինքնաբացարկ, և այդ դեպքում մանդատն արդեն անցնում է նրանցից հետո եկող թեկնածուներին։ Այսինքն՝ եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  դաշինքների ընտրական ցուցակներում գտնվող թեկնածուները և խորհրդարանում գտնվող պատգամավորները մանդատը վայր են դնում կամ ինքնաբացարկ են ներկայացնում, ապա մենք ունենում ենք միակուսակցական խորհրդարան»։

2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններով «Պատիվ ունեմ»-ը ձևավորեց 7 հոգանոց խմբակցություն՝ 2-ը «Հայրենիք» կուսակցությունից էին, մեկը՝ անկուսակցական, մնացածը՝ հանրապետական։ Դեռ ապրիլին՝ փողոցային պայքարի առաջին իսկ օրերին, Արթուր Վանեցյանը վստահ էր, որ չի վերադառնա խորհրդարան, քանի որ այն դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ Նույնը հաստատեց նաև օրվա հայտարարությամբ։

«Ես այլևս խորհրդարանում չեմ կարծում՝ ինչ պետք է անեմ, ինչ քննարկեմ, ինչի մասին խոսեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մի խորհրդարանում, որտեղ ասում են, որ Արցախում բնակվող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլևս ինչով պետք է զբաղվեմ։ Բայց այնուամենայնիվ, փողոցի ճնշման տակ իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում»։

Խորհրդարանում նոր զարգացումներ տեսականորեն դեռ կարող են լինել նաև իշխանության նախաձեռնությամբ։ Խորհրդարանական մեծամասնությունը չի հերքում, որ քննարկել են թույլատրելի չափից շատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներին մանդատից զրկելու հարցը։ Դիրքորոշումները տարբեր են, բայց ընդհանուր որոշում դեռ չկա։  

Արտախորհրդարանական ուժերից «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի համար ակնհայտ է՝ ընդդիմության համար եկել է «հաշիվ տալու» ժամանակը։ Նրա գնահատմամբ, սակայն, ընդդիմության ձախողումն ամենևին իշխանության հաղթանակը չէ․    

«Պետք չէ այդ աջակցության բացակայությունը պայմանավորել գործող իշխանության անխոցելի քաղաքականությամբ, որ ՀՀ իշխանությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը հանրային տրամադրություններին համահունչ է։ անկեղծ ասած՝ և այդպիսի տրամադրություններ կան, և այդպիսի տրամադրություններ չկան։ բայց մեծ հաշվով խորհրդարանական ընդդիմության ձախողումը պայմանավորված է կոնկրետ իր ստվերային առաջնորդների դեռևս կենսունակ լինելու իրողությամբ որոշակիորեն։ Քանի դեռ նրանք կան, գործող իշխանությանը իրական այլընտրանք և գործող իշխանությանը հաղթող քաղաքական ուժի մասին դժվար է լինելու խոսել»։  

Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և մեկուկես ամսվա շուրջօրյա պայքարը դադարեցնելուն զուգահեռ ընդդիմությունը պնդում է, որ անցնելու են պայքարի նոր մակարդակ։ Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ՝ հայտարարված օրակարգերը շարունակում են մնալ ուժի մեջ, բայց դրանց կավելանա ևս մեկը։ ժամկերտներ ևս ասում է․  

«Օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության գործընթաց։ Դրա համար անհրաժեշտ է երկու ուղղություններով աշխատանք։ Պաշտոնանկության իրավական և քաղաքական հիմքերի ստեղծում, սրա հանրային, ժողովրդական գործուն պահանջի դրսևորում, և երկրորդը՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում։ Այս գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ դրա հաջողության հասնելու համար բավարար և ամբողջական հիմքեր կլինեն»։  

Նոր նստաշրջանում ինչ կազմով ընդդիմադիրները կաշխատեն խորհրդարանում դեռ պարզ չէ։ բայց արդեն հայտնի է, թե ով կարող է վերցնել Վանեցյանի՝ թափուր մնացած մանդատը։ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն գյումրեցի նախկին պատգամավոր, նախկին հանրապետական, հետո ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը դեռ վաղ է համարում պատասխանել հարցին՝ արդյո՞ք կվերցնի պատգամավորական մանդատը, թե ոչ։

Խորհրդարանական արտահերթ ընտրություննների համար ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը 2021-ին ԿԸՀ ներկայացրել է 230 թեկնածուներից բաղկացած ցուցակ, որի 60%-ը Հանրապետական կուսակցության անդամներն էին։ 20-ական տոկոս բաժին էր ընկնում «Հայրենիք» կուսակցության անդամներին և անկուսակցականներին։

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, ապա այնտեղ անդրադարձ չկա «Դիմադրություն» շարժմանը։ Ընդդիմադիրները պնդում են, որ շարունակելու են պայքարը այդ ձևաչափով։

Կարդացեք նաև

Back to top button