
Ադրբեջանական լրատվամիջոցներին վրդովեցրել է այն, որ ստիպված են եղել Վիենայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման մասին լուրերը վերցնել
հայկական ԶԼՄ-ներից: Ինչպես հաղորդում է «Արմենպ րես» -ը, մասնավորապես, haqqin.az-ը քննադատել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասըմովին` Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին տեղեկատվական դաշտում անգործության մատնվելու եւ լռություն պահպանելու համար:
Կայքը դա համարել է Վիեննայում Սարգսյան-Ալիեւի հանդիպման լուսաբանման մեջ «Ադրբեջանի տեղեկատվական ձախողում»: Կայքն անթաքույց գովեստով է անդրադարձել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի` Վիեննայում նախագահների հանդիպման լուսաբանմանը: Կայքը գրել է, որ ադրբեջանական մամուլը ստիպված է եղել Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին լուրերը քաղել twitter-ի իր միկրոբլոգում Արման Սաղաթելյանի գրառումներից, որոնք օպերատիվ կերպով հաղորդել են հայկական եւ միջազգային ԶԼՄ-ները։ «Հարց է ծագում, ինչի համար էր պետք նվաստացնել ադրբեջանական ԶԼՄ-ներին, լրագրողներին, որոնք հարկադրված սեփական նախագահի մասին տեղեկություններ էին քաղում հայկական ԶԼՄ-ներից: Եվ դրանից հետո մենք հպարտորեն հայտարարում ենք Ադրբեջանի ֆենոմենալ զարգացման եւ հայկական տնտեսության նկատմամբ ունեցած առավելության մասին: Չէ՞ որ եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, եւ Ազգային անվտանգության ու Ներքին գործերի նախարարություններում ծառայություններ կան, որոնք ուղղակիորեն զբաղվում են տեղեկատվական անվտանգությամբ, իսկ մենք Ղարաբաղի վերաբերյալ մեր նախագահի հանդիպման մասին լուրերը ստանում ենք Հայաստանից: Այս բոլորից հետո ի՞նչ է ներկայացնում իրենից ադրբեջանական տեղեկատվական անվտանգությունը: Ցավալի է, շատ ցավալի», -գրում է haqqin.az-ը:
Նոյեմբերի 19-ին շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում 18-րդ անգամ հանդիպել են Հայաստանի ե Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են նորմալ: Կողմերը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները, իսկ համանախագահները հայտարարել են, որ դեկտեմբերին
կրկին կայցելեն տարածաշրջան։




