Հայաստանում «Ֆեյսբուքն» ունի 560 հազար օգտատեր
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Ռեգիոն հետազոտական կենտրոնը` Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակում, այսօր կազմակերպված համաժողվի ընթացքում ներկայացրել են «Նոր մեդիաների և սոցիալական ցանցերի դերակատարությունը Հայաստանի սոցիալական և քաղաքական կյանքում» թեմայով հետազոտության արդյունքները: Հիմանական դիտարկումն անցակացվել է տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 150 սոցիալական ցանցերից օգտվող օգտատերերի` լրագրողների, մեդիա ղեկավարների, բլոգերների, տեղական և միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների, արվեստագետների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների շրջանում:
Ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի՝ հարցվածների համար հիմնականում տեղեկատվության կամ էլ շփման աղբյուր «Ֆեյսբուքն» է։ Բաժանելով 150 հարցվածներին երեք խմբի՝ կարող ենք ասել, որ օգտատերերի առաջին խմբի համար այն հիմանակնում կապի միջոց է, մյուսի համար` բիզնեսն առաջ մղելու լավ հնարավորություն, երրորդ խմբի համար` ինքնաարտահայտման միջոց:
Այցելուների մեծ մասի համար սոցցանցը դարձել է ամենօրյա զբաղմունքի միջոց, ավելին՝ կան օգտատերեր, որոնք կախվածություն են ձեռք բերել «Ֆեյսբուքից»։ Իսկ ահա մեդիա շրջանակների ներկայացուցիչների համար այն տեղեկատվության ստացման աղբյուր է, այլ ոչ թե տարածման միջոց:
«Այժմ Հայաստանից «Ֆեյսբուքում» գրանցված է 560 հազար օգտատեր: Առաջխաղացմամբ «Ֆեյսբուքն» առաջնային տեղ է գրավում, այստեղ օգտատերերի քանակի աճը դինամիկ է՝ միջին հաշվով 20- 30 հազարով ավելանում են Հայաստանից գրանցումները»,- ասում է Լաուրա Բաղդասարյանը։
Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների կեսը մինչև «Ֆեյսբուքը» այլ սոցցանցերից էլ է օգտվել, մնացածի համար՝ «Ֆեյսբուքն» առաջին փորձն է։