
Միջազգային այցելուների՝ Հայաստան այցելությամբ ու ՌԴ տնտեսության որոշակի կայունության միտումներով պայմանավորված՝ Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4․9 տոկոս՝ 1․6-ի փոխարեն։ Գնաճի կանխատեսումները ևս փոփոխվել են։ Միաժամանակ գլխավոր դրամատունը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնել՝ 9.25 տոկոս՝ չբացառելով, որ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել արտահանողների համար։
Հայաստանի ԿԲ-ն արդեն երկրորդ անգամ որոշեց անփոփոխ՝ 9.25% թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին 1 տարում տոկոսադրույքը 8 անգամ բարձրացրել է։ Ընդ որում՝ մարտին բարձրացումը կտրուկ էր՝ միանգամից 1․25 կետով։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նկատել է՝
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռ պահպանվում է։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը։ Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավեացմանը։ Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին»։
Թեև ԿԲ-ն ըստ իրավիճակի այս անգամ որոշեց անփոփոխ թողնել տոկոսադրույքը, բայց ընդհանուր առմամվ կոշտացման քայլերի քաղաքականություն է վարում՝ փորձելով զսպել գնաճը՝ արձանագրում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։
«Վերջին ամիսներին էլ ավելի մեծ քայլերով բարձրացումների ենք մենք ականատես եղել։ Ու թերևս ԿԲ-ն գնահատել է, որ այդ քայլերը բավարար են կանխատեսվող հորիզոնում պահանջարկից եկող գնաճային ազդեցությունները չեզոքացնելու համար» ։
Արտաքին շուկաներից մեր տնտեսության վրա գնաճային ճնշումները պահպանվում են։ Այս մայիսին սպառողական շուկայում 9 տոկոս գնաճ է արձանագրվել։ Ընդ որում՝ մեկ տարում Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ, խոզի մսի մոտ 11%, ալյուրի 13.5%, բրնձի ավելի քան 16% թանկացում։ Բանջարեղենը կրկնակի է թանկացել։ Կանխատեսումներն էլ հուսադրող չեն։ Պարենի միջազգային գները շարունակում են բարձր մնալ։ Պատճառներից մեկը ռուս-ուկրաինական հակամարտությունն է և դրա առաջացրած՝ ցորենի ու արևածաղկի ձեթի լրջագույն խնդիրները՝ արձանագրում է Մարտին Գալստյանը։ Նախորդ տարվա նույն համեմատ միջազգային շուկայում ցորենը թանկ է 57 տոկոսով, եգիպտացորենը՝ 22 տոկոսով, սուրճը՝ 60 տոկոսով, նավթը՝ 73.2 տոկոսով։

«Կանխատեսում ենք, որ 9 տոկոսի համեմատ առաջիկա ամիսներին կգնանք ավելի վերև։ Հիմա ճշգրիտ չեմ կարող ասել, քանի որ այս ամիսները շատ տատանողական են, սակայն տարին, ըստ էության, կավարտենք 8 տոկոսից ավելի ցուցանիշով»։
Բարձր գնաճի ֆոնին, սակայն, տնտեսության բարձր ակտիվություն է ակնկալվում։ Տնտեսական ցուցանիշերի դրական միտումները նաև դրսից այցելությունների արդյունքն են։ Հունվար-մարտին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հասնելով շուրջ 249 հազարի։ Հայաստան եկողների 37%-ը գործնական նպատակ է ունեցել․ այսպիսի այցերի թիվն ավելացել է շուրջ 5 անգամ։ Ընդ որում՝ ԱՊՀ երկրներից այցերի թիվն աճել է մոտ 6 անգամ։ Մասնավորապես, Ռուսաստանից եկողների թիվն աճել է 7, Ուկրաինայից եկողներինը՝ 2,2 անգամ։ ԵՄ-ից այցելուներն ավելացել են շուրջ 4,6 անգամ։ Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ԿԲ-ն վերանայել է նաև ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։
«ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նախկին 1․6 տոկոսի փոխարեն 4․9 տոկոս է։ Վերանայմանը հիմնականում նպաստել են արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտի ցուցանիշերը, նաև՝ միջազգային այցելուների թիվը»։
Հունվար-ապրիլին Հայաստանում արդյունաբերության ծավալն աճել է 2․6 տոկոսով, մշակող արդյունաբերությունն աճել է 8% տոկոսով։ Մինչդեռ հանքարդյունաբերությունը նվազել է 11%-ով։ Այս ճյուղի տեսակարար կշիռը արդյունաբերության ծավալներում կազմում է 26 տոկոս։ Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում արձանագրված միայն առաջին եռամսյակի տվայլներն են հայտնի։ Ըստ այդմ՝ արդյունաբերությունն անդամ երկրներում աճել է մոտ 5 տոկոսով։ Ամենամեծ աճը արձանագրվել է Ղրղզստանում՝ 7․3 տոկոս, ամենաքիչը՝ Բելառուսում՝ 0․2 տոկոս։ Հայաստանում աճը կազմել է 3․2 տոկոս։
Հայաստանի ԿԲ-ում չեն բացառում նաև, որ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել արտահանող որոշ ընկերությունների համար։ Գլխավոր դրամատան ղեկավարն ասում է՝ կարող էին արհեստականորեն դրամի փոխարժեքն իջեցնել, բայց այդ դեպքում գնաճն ավելի ծանր էր լինելու՝ հարվածելով Հայաստանի բոլոր քաղաքացիների գրպանին, այդ դեպքում ևս արտահանողները կտուժեին։ Գալստյանը կարծում է՝ այս պահին չափազանց կարևոր է, որ ԿԲ-ն կառավարության հետ համատեղ կոորդինացված քաղաքականությամբ զբաղվի գնաճով։ Ռուս-ուկրաինական պատերազմն ու համաշխարհային շուկայում գրանցվող գնաճը աշխարհի կենտրոնական բանկերին ստիպում են կտրուկ քայլերի գնալ։
Անցած ամիս ԱՄՆ կենտրոնական բանկը հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին։ Այն ամենաբարձրն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում և նպատակ ունի խստացնել պայքարը գների արագ աճի դեմ։Ամերիկյան տնտեսագետների գրեթե 40%-ը զգուշացրել է, որ Դաշնային պահուստային համակարգը (FRS-ը) չի կարողանա վերահսկել գնաճը, եթե մինչև տարեվերջ տոկոսադրույքը պարզապես բարձրացնի մինչև 2,8%: Մայիսին հիմնական տոկոսադրույքը սահմանվել էր 0,75-1% միջակայքում՝ ավելանալով 50 բազիսային կետով։ Դա 2000 թվականից ի վեր տոկոսադրույքի ամենալուրջ բարձրացումն էր. FRS-ը սովորաբար բարձրացնում է տոկոսադրույքները 25 բազիսային կետով: Ակնկալվում է, որ տոկոսադրույքը 50 բազիսային կետով, կրկին կբարձրացվի, ինչը 1994 թվականից ի վեր կլինի տոկոսադրույքի նման չափի առաջին բարձրացումը։




