
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանում իր երկրորդ անհատական ցուցահանդեսն է այսօր Նկարիչների միությունում արվեստասեր հասարակությանը ներկայացրել նկարիչ Սերվետ Պողոսյանը: Բազմաթիվ ցուցադրություններ ունեցել է արտերկրում: Ցուցասրահում ներկայացված 90 կտավների միջոցով նկարիչը փորձել է արտահայտել սեր, հուզմունք, բողոք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Սերվետ Պողոսյանի բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:
Նկարիչների միության ցուցասրահում նա ներկայանում է 10 տարվա ընդմիջումից հետո։ Թրծված նկարչին վայել գունային խաղերով կտավներն առաջին իսկ տպավորությամբ գերող են ու հրապուրիչ: Նկարիչ Սերվետ Պողոսյանն իր վրձնած նկարների մասին խոսել չի սիրում, թողնում է հանդիսատեսի գնահատականին և չունի նախընտրելի կտավ: Բոլորն էլ ստեղծվել են տարբեր տրամադրությունների ներքո։
Երկրորդ ցուցահանդեսը նկարիչը խոստանում է կազմակերպել ներսում կուտակվածը, այսպես ասենք, պայթեցնելու ակնկալիքով:




