ԿարևորՄիջազգային

Ջոնսոնը կմնա վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում իշխող Պահպանողական կուսակցության օրենսդիրները քվեարկությամբ վստահություն են հայտնել վերջին ամիսներին խիստ քննադատությունների ենթարկվող վարչապետ Բորիս Ջոնսոնին:

Ըստ քվեարկության արդյունքների՝ 211 օրենսդիր սատարել է վարչապետին, 148 օրենսդիր նրան անվստահություն է հայտնել:

63 քվեների առավելությամբ Ջոնսոնը վստահություն է ստացել, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն խորհրդարանում չի կարող անցկացվել:

Ջոնսոնն իր վստահության քվեի հաղթանակը որակել է «վճռորոշ»:

Նա ասել է, որ դա «շատ լավ», «համոզիչ» արդյունք է և «հնարավորություն է թիկունքում թողնել այն ամենը, ինչի մասին խոսում են լրատվամիջոցները»:

Չնայած Ջոնսոնը մնում է իր պաշտոնում, սակայն քննադատներն ասում են, որ նրա դեմ ապստամբության մասշտաբները ցույց են տալիս, որ նրա հեղինակությունը թուլացել է, և ոմանք կոչ են արել նրան հրաժարական տալ:

Ջոնսոնի կուսակիցները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել համաճարակի օրերին ծագած սկանդալի պատճառով, երբ պարզվել է, որ խիստ լոքդաունի պայմաններում վարչապետը մի քանի անգամ խախտել է կարգը և մասնակցել ընկերական երեկույթի, արգելված հավաքույթները հիմնականում կազմակերպվել են Ջոնսոնի առանձնատանը։

Կարդացեք նաև

Back to top button