ԿարևորՔաղաքական

Ամրացնել գործիքակազմը՝ բոլորի համար հավասար հետևանքներ նախատեսելով․ Երևանում քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքը

2021-ի սեպտեմբերին Դուշանբեի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը։ Որպես նախագահող երկիր՝ Երևանն այսօր հյուրընկալել է կառույցի անդամներին, նիստը վարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Մասնակցում է կառույցին անդամակցող պետությունների 128 պատվիրակ։

Մինչ նիստը պատվիրակները հանդիպումներ են ունեցել հայաստանյան իշխանությունների հետ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի նախագահ Երլան Կոշանովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին։ Երևանի այս հայտարարությունը հաջորդում է ՀԱՊԿ նախորդ նիստին հնչեցված բավականին կոշտ գնահատականների հետ՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու առնչությամբ ՀԱՊԿ-ի անտարբեր արձագանքի հետ։

Ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խնդրանք-դիմումն է ղազախ գործընկերոջը՝ նրա հետ մինչ ՀԱՊԿ նիստի մեկնարկը հանդիպման ժամանակ։ Արդեն նիստի ընթացքում Սիմոնյանը ներկայացրել է հայ և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակը։ Բաքուն շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ անվտանգային հարցերով ՀԱՊԿ գործընկերներին է դիմում մեր երկրի խորհրդարանի խոսնակը։

«Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն»:

Ալեն Սիմոնյանն ընդգծում է՝ Հայաստանը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ և անհապաղ վերադարձն է, նաև՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում: ՀԱՊԿ վեհաժողովում Սիմոնյանը խոսում է նաև Բաքվի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումներից։

«Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը և բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

Հայ-ադրբեջանական խնդիրները ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել է նաև վարչապետ Փաշինյանը՝ նիստից դուրս։ Հարավային Կովկասում իրավիճակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարց՝ Փաշինյանի բարձրացրած հարցերն են։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովին, տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների  վերադարձի քայլերին: Այս մասով վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը, իսկ դրան հասնելու ուղիներից մեկն էլ ՀԱՊԿ-ի աշխատանքն ու գործիքակազմն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեջբերում Փաշինյանի խոսքից․

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար»:

ՀԱՊԿ-ի ներկայացուցիչների հետ այս զրույցը հաջորդում է  մայիսի 16-ին ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովում  կառույցի հասցեին Փաշինյանի հնչեցրած քննադատությանը՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։ Դրան հաջորդեց կազմակերպության անդամ երկրների առաջնորդների   հայտարարությունը, որտեղ անդրադարձել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:

Արդեն Երևանում անցկացվող վեհաժողովին կազմակերպությունում նախագահող մեր երկիրը հերթական անգամ խոսում է ՀԱՊԿ մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնելու մասին, ինչին դրական է արձագանքում նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ի հավելումն Փաշինյանի շեշտադրումների։

 «Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»:

ՀԱՊԿ-ի երևանյան հանդիպմանը խոսվել է նաև կազմակերպության առջև դրված նոր խնդիրներից։ ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ անդամ-երկրները կարող են պահանջել,  որ խաղաղապահներ տեղակայվեն իր ձևակերպմամբ՝ Ուկրաինայի «ազատագրված» տարածքներում, ինչպես նաև Դոնեցկում և Լուգանսկում։  

«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր փորձի խաղաղապահների քողի տակ այստեղ մտնել, չնայած այս թեման մեկ-երկու անգամ չէ, որ դաշտ է շպրտվել մեր նախկին արևմտյան գործընկերների կողմից»։  

Խորհրդարանականը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար կարևոր թեմա է խաղաղապահ ներուժի հզորացումը և այս ոլորտում միասնական իրավական տարածքի ստեղծումը։ Նրա փոխանցմամբ՝ բավական երկար ժամանակ  ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականների հետ աշխատանք է տարվում այսպես կոչված մոդալ օրենքների վրա, որոնք թույլ կտան դրանք կիրառել բոլոր պետությունների տարածքում՝ բոլորի համար հավասար հետևանքներով։

Կարդացեք նաև

Back to top button