ԿարևորՀասարակություն

Առիթը՝ գիրքը, հատուկ հյուրերը՝ երեխաները․ եռօրյա փառատոն Անգլիական այգում

Երեխաներին Անգլիական այգում այսօր համախմբել է ոչ թե խաղը, այլ գիրքը։ Մի քանի ամսական փոքրիկներից մինչև դպրոցականներ ու պատանիներ մասնակցել են Հայաստանում ամենամասշտաբային մանկական գրքի փառատոնին։ Ամենակարևոր հյուրերից՝ փոքրիկներից շատերը հրաժարվել են հարցազրույցից․ դեռ խոսել չգիտեն կամ զբաղված են պատկերազարդ գրքերով։

«Ես սիրում եմ հանրագիտարան կարդալ, աստղերի և այլ բաների մասին կարդալ։ Գրքերը մարդուն տալիս են․․․ որ խելացի լինի մարդը և ամեն ինչի մասին տեղյակ լինի ու մեր ուղեղը զարգանա»։

Երեխաներն այս անգամ Անգլիական այգի ոչ միայն խաղերի, այլ նաև գրքերի հետևից են եկել։ Հունիսմեկյան միջոցառումների շրջանակում մեկնարկել է մանկական գրքի եռօրյա փառատոնը։ Կազմակերպիչը  «Զանգակ» գրատունն է, մասնակիցները՝ մանկական գիրք գրողներն ու հրատարակողները, հատուկ հյուրերը՝ երեխաները։ Մանրամասները «Զանգակ»-ի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանն է ներկայացնում․

«Մեր փառատոնին մասնակցում են ոլորտի բոլոր ներկայացուցիչները, բոլոր հրատարակչությունները, որոնք հրատարակում են մանկական գրքեր, ներկայացված են և ներկայացնում են իրենց մանկական գրքերն ու լավագույն օրինակները։ Մեր տաղավարներում հրատարակիչներն են իրենց մանկական գրքերով, զարգացնող կրթական խաղեր ստեղծող կազմակերպություններն են, ունենք մի քանի ուսումնական կենտրոններ, ընդհանուր թվով մոտ 40 կազմակերպություն միացել է փառատոնին»։

Ներկա են նաև մանկագիրներ, որոնք անձամբ ներկայացնում են իրենց աշխատանքները, շփվում փոքրիկ ընթերցողների հետ։ «Զար զնըգը» գրքի հեղինակ Նաիրի Խաչատուրյանը նման միջոցառումները համայնք ձևավորելու հնարավորություն է համարում, ընդ որում՝ այդ համայնքում կարևոր դեր ունեն հենց երեխաները։

«Երաժշտության մասին է, արդեն վերնագիրը հղում է Կոմիտասի գրառած ժողովրդական երգին և պատմում է՝ ինչպես ծնվեց երաժշտությունը աշխարհում։ Գիրքը պատկանում է արվեստագրքերի ժանրին։ Երբ թերթեք ու զգաք, կտեսնեք, որ արվեստի տարբեր լուծումներ կիրառված են, որ երեխան իր առաջին մուտքը գործի արվեստի աշխարհ։ Այսինքն՝ տպագրական շատ տարբեր տեխնոլոգիաներ են օգտագործվել, տարբեր թղթեր, գեղարվեստական լուծումներ»։

Ցուցահանդեսին, սակայն, առավելապես ներկայացված են թարգմանված գրքեր, հայ ժամանակակից մանկագիրներն առավել պասիվ են։ Ամալյա Սողոմոնյանը փառատոնին մասնակցում է միաժամանակ 3 կարգավիճակով, առաջինն ու գլխավորը՝ որպես 2-ամյա Մարիի մայր, երկրորդը՝ մանկագիր Արմեն Գրիգորյանի կին, երրորդը՝ գրականագետ, մանկական գրքերի խմբագիր-սրբագրիչ։

«Իրավիճակը մի քանի տարի առաջ ծայրահեղ ծանր կգնահատեի, որովհետև միայն թարգմանություններ կային, իսկ հիմա իրոք պիտի փաստենք, որ ծնվում է ամեն դեպքում մանկագրությունը, այսինքն՝ մանկագիրներ կան, այլ հարց է, որ պատշաճ ու ճիշտ ուշադրություն նրանց չի դարձվում, մոտիվացիոն առումով»։

Ամալյա Սողոմոնյանը նշում է՝ այս կոնտեքստում անհնար է չնկատել նաև, այսպես ասենք, ոչ օգտակար գրականությունը։

«Մարին երկու տարեկան է ու հիմա արդեն գրքեր կարդում է, նկարազարդումներ է թերթում։ Ինձ համար կարևոր է, որ նա նկարից չվախենա, որ հասկանա, որ երբ իր համար հեքիաթները կարդում եմ, չփոխեմ դրանք, այլ կարդամ այն, ինչ գրված է, բայց նաև դրական ու լուսավորը պետք է տեսնենք հենց էս օրով, որ այո, կա գրականություն, որը ծնվում է։ Մեր ընտանիքից միայն երկու հեքիաթ ունենք՝ «Կանը կախարդական բանալու գաղտնիքը» և «Արիջա»-ն, որի խմբագրական ու սրբագրական աշխատանքով հենց ես եմ զբաղվում ու հասկանում եմ՝ ինչ բարդ է»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես նկատում է՝ մեր մանկագիրների հեղինակած գրքերը քիչ են, սակայն նախատեսվում են ծրագրեր, որոնք գուցե փոխեն իրավիճակը։ Դրան կարող են նպաստել նաև նման փառատոները և դրանց նկատմամբ հետաքրքրությունը։

«Քաղաքի դիմանկարը, դիմագիծն է փոխվում, և այսպիսի միջոցառումները նաև շատ զորեղ ուղերձներ ունեն ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ օտարազգիներին, որոնք այցելում են Հայաստան։ Հպարտությամբ պիտի նշեմ, որ վերջին շրջանում հրատարակչության ոլորտը մեծ իմաստով թռիչքաձև զարգացումներ ունի։ Ցավոք, հայ մանկագիրների աշխատանքները  ընդհանուրի մեջ, կարծեք թե, քիչ են, որքան հասցրի նկատել, և հենց հայերեն մանկագրությունը  խթանելու համար մենք դրամաշնորհային անվանակարգ ենք սահմանել»։

Ճաշակը ձևավորվում է մանկուց, իսկ գրքային ճաշակը մարդու ձևավորման կարևոր բաղադրիչներից է։ Փառատոնի ամենափոքրիկ մասնակիցներից մեկը՝ 6 ամսական Լուսէն տանը 5 գիրք ունի, այսօր մայրը՝ Գայանեն, Անգլիական այգում է հատուկ նպատակով․

«Շատ-շատ հավես է, որ մամաները դրդեն փոքրիկներին կարդալ սկզբում, հետո, վստահ եմ, փոքրիկներն իրենց մամաներին կդրդեն նոր գրքեր իրենց համար ձեռք բերել»։

Կարդացեք նաև

Back to top button