
«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած ուկրաինական «Կալուշ» նվագախումբը, վաճառել է իր գավաթը 900,000 դոլարով։ Ինչպես գրում է BBC-ին, գումարով անօդաչու թռչող սարքեր կգնեն ուկրաինացի զինվորականների համար։
Եվրատեսիլի խորհրդանիշը՝ բյուրեղապակյա խոսափողը, աճուրդի է հանվել ֆեյսբուքում։
Վաճառքը համընկել է խմբի Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ բարեգործական համերգի հետ։ Համերգի ողջ հասույթն ուղղվելու է բժշկական պարագաներ ձեռք բերելուն։
Ելույթ ունենալով համերգի ժամանակ՝ խմբի անդամ Օլեհ Փսյուկը կոչ է արել մարդկանց չընտելանալ պատերազմի հետ, որի հետևանքով զոհվել է առնվազն 4031 խաղաղ բնակիչ և 4735 վիրավորվել է։ Պատերազմի պատճառով ավելի քան 14 միլիոն մարդ լքել են իրենց տունը, քաղաքներն ավերվել են:
«Կարծում եմ, որ այն միշտ պետք է լինի առաջին էջերում, քանի դեռ խաղաղությունը չի եկել», — ասում է Փսիուկը։
Նրանց երգը՝ Ստեֆանիան, ի սկզբանե գրվել է որպես հարգանքի տուրք Փսիուկի մորը, սակայն էմոցիոնալ բառերը՝ «Ես միշտ քեզ մոտ կքայլեմ կոտրված ճանապարհներով», երգը վերաիմաստավորել են։
Ուկրաինացի հեռուստահաղորդավար Սերխի Պրիտուլան հայտարարել է, որ գավաթի վաճառքից գոյացած գումարը կուղղվի ուկրաինական արտադրության PD-2 երեք անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Անօդաչու թռչող սարքերը մեծապես օգտագործվում են ուկրաինական և ռուսական ուժերի կողմից և՛ որպես զենք, և՛ որպես հետախուզական ինքնաթիռ:




