ԿարևորՀասարակություն

Հաջող բիզնեսի անհաջող վիճակը. մանկական սրճարանները` վերահսկողությունից դուրս

Անառողջ ճաշացանկ, խլացնող աղմուկ, կանոնավոր չմաքրվող  ատրակցիոններ ու խաղահրապարակներ՝ ամեն քայլափոխի գործող մանկական սրճարաններին մտահոգիչ այս իրավիճակը շատ բնորոշ է։ Ծնողների մի մասն անտարբեր է զվարճանքի կենտրոնների այս վիճակի հանդեպ, մի մասն էլ փորձում է բծախնդիր լինել ու որոշ չափով իր պահանջները պարտադրել միջոցառում կազմակերպելիս, բայց  վիճակը սրանով չի կարող շտկվել։

Գնալով խնդրի տարբեր կողմերի հետքերով՝ «Ռադիոլուրն» արձանագրել է՝ մանկական սրճարանները, որոնք բիզնեսի բավականին լավ տարբերակ են, պետական որևէ կառույցի հատուկ վերահսկողության ներքո չեն, ավելին՝ մանկական խաղահրապարակների համար սանիտարական նորմեր չկան։ Իրավիճակը մտահոգիչ է, ու տոները երբեմն գլխացավ ու գլխացավանք են դառնում։  

Օրը տոնական է, վայրը՝ մանկական, միայն թե աղմուկը խլացնող, սնունդը՝ հիմնականում անառողջ, մանկական ատրակցիոնները, սղարաններն ու գնդակներով լի ավազանները՝ վաղուց չմաքրված ու սանիտարական որևէ նորմով չվերահսկվող։ Դե իսկ մուլտ-հերոսների կերպարներն էլ արդեն ճաշակի հարց են։

Ֆրի, պիցցա, ձեթային տապականեր, մայոնեզով աղցաններ, գազավորված ըմպելիք։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա մանկական սրճարանների հիմնական ճաշացանկն է, ու որ ավելի տարօրինակ է՝ ծնողների աչքին սա այնքան սովոր է դարձել, որ երբեմն չեն էլ հակադրվում բացարձակ ոչ մանկական այս ուտեստներ, փաստացի՝ ֆաստ ֆուդ պատվիրելուն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից մեզ միանգամից ուղղորդում են դիմել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ հայտնելով՝ իրենք տվյալ ոլորտում անելիք չունեն։ Իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ մանկական սրճարանների հատուկ ստուգումներ չի անում։ Դիտարկում է որպես հանրային սննդի կետեր։

Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյան․ «Բնականաբար մտնում, ստուգումներ անում ենք այն նույն հիմքով, ինչ հանրային բոլոր սննդի կետերում։ Ու հիմա առանձնացնել, թե կոնկրետ մանկական սրճարանում ինչ-որ բան է հայտնաբերվել, ես չեմ կարողանա։ Բայց եթե մեր հրապարակումներին հետևել եք, այո, հանրային սննդի կետերում էլ են թերացումներ լինում, հատկապես սանիտարահիգիենիկ։ Առանձնացնել մանկական սրճարաններն  ու հատկացված սննդատեսակները՝ մեր ոլորտի խնդիրը չէ։ Ենթադրում եմ առողջապահության ոլորտը պետք է առանձնացնել, որպեսզի մենք էլ այդ առանձնացմամբ ստուգումների և վերահսկողություն կատարենք։ Իրականում մենք գնում ենք որպես հանրային սննդի կետ, որտեղ  կարող է վաճառվել ամեն ինչ և ստուգում ենք այն ամենն, ինչ այնտեղ լինում է»։

Առողջապահության նախարարությունից պարզաբանում են՝ այս հարցերը վաղուց արդեն իրենց տիրույթում չեն։ Էկոնոմիկայի նախարարությունում դեռ պետք է ճշտեն՝ իրենք այս առումով անելիք ունեն, թե ոչ։

Իսկ սննդագետ Դավիթ Պիպոյանը նկատում է՝ կերակրացանկն առհասարակ չի վերահսկվում, քանի որ իրավակարգավորում էլ չկա․

«Մեզ մոտ երեխաների սննդակարգը  նորմավորվում է միայն նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցում, բայց սրճարանների համար որևէ իրավակարգավորում չունենք։ Անշուշտ, նման մթերքների օգտագործումը՝ պիցցաները, գազավորված ըմպելիքները բացարձակապես չեն բխում առողջ սնուցման նորմերից»։

Փաստորեն, մենք մեր երեխաների ժամանցը կազմակերպելով մանկական սրճարաններում՝ երբեմն ինքներս էլ չենք գիտակցում դրա ռիսկերը՝ ասում է Պիպոյանը։

«Խնդիրը պետք է երկու տեսանկյունից դիտարկել՝ իրավակարգավորում, հանրային առողջապահական։ Շատ ժամանակ ծնողները ոչ միայն մանկական սրճարաններում, բանկետների ժամանակ են պատվիրում, այլև երեխաները մեծերի հետ հաճախում են սրճարաններ և հենց մեծերն են  պատվիրում այդ նույն ուտելիքները։ Այսինքն՝ այստեղ մենք նաև քարոզի և հանրային իրազեկման խնդիր ունենք»։

Ծնողները գուցե չեն գիտակցում, բայց  նաև երբեմն առաջնորդվում են ընդունված մոտեցումներով ու մանկական սրճարանների այսպես ասած «շուկայի» կանոններով։ «Ռադիոլուրի» զրուցակից ծնողներից մեկին զայրացնում է ոչ միայն ճաշացանկը, այլև երբեմն խելագարության հասցնող երաժշտության աղմուկը, որի պատճառով տոնը հաճախ միայն գլխացավով է հիշվում։

«Փորձեք մտնել յուրաքանչյուր մանկական սրճարան, բացել մենյուն։ Առաջինը կտեսնեք տապակած ճուտ, ֆրի, գազավորված ըմպելիք։ Ինչու չկա որևէ վերահսկող մարմին։ Այսպես ենք մտածում մեր երեխաների մասին։ Ինչպես նաև երաժշտությունը։ Ես չգիտեմ Հայաստանում կա՞ ինչ որ մեկը, որը վերահսկում է այդ ամենը։ Երեխաները միշտ վերադառնում են գլխացավով»։

Մանկական սրճարանների համար ոչ միայն սննդի կարգավորումներ չկան, այլև երաժշտության բարձրության, թե որքան դեցիբելից բարձր չի կարող ու չպետք է հնչի ձայնը։ Այս մասով կա առողջապահության նախարարի հրաման, բայց դրանում մանկական սրճարանների մասին առանձին ոչինչ չի ասվում։ Ըստ  հրամանի՝ առհասարակ ձայնի բարձրությունը հանրային սննդի և զվարճանքի վայրերում 90 դեցիբելը չպետք է գերազանցի։ Իսկ թե այս առումով ինչ իրավիճակ է մանկական սրճարաններում, ու երբեմն քաոսի վերածվող աղմուկի մեջ այդ դեցիբելները քանի անգամ են գերազանցվում՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ամփոփ տեղեկություններ չունեն․ չեն չափել, քանի որ նման ահազանգ էլ չեն ստացել։ Մեկ այլ կարգավորում էլ կա՝ աղմուկի ժամի մասով․ երեկոյան 23։00-ից հետո  արգելվում է բարձր երաժշտությունը, դա էլ՝ հարակից շենքերի բնակիչների հանգստի իրավունքը հաշվի առնելով, ոչ թե երեխաների առողջությունը խնայելով։

Սրա կողքին շարունակում է չափազանց լուրջ խնդիր մնալ մանկական սրճարաններում ատրակցիոնների անվտանգությունը և մաքրությունը։ Սանիտարական որևէ նորմով կարգավորված չէ սա, ու չկան պայման-պահանջներ, որոնց պետք է հետևի տնտեսվարողը։

Ստացվում է, որ ամեն քայլափոխի գործող մանկական սրճարաններում, որոնք, որպես այդպիսին, բիզնեսի բավականին լավ տարբերակ են, աղմուկը, մաքրությունը և ճաշացանկը թողնված են բացառապես տնտեսվարողի բարեխղճությանը և ծնողների որոշմանը։

Կարդացեք նաև

Back to top button