ԿարևորՀասարակություն

Տոմսային համակարգ «Զորաց քարերում»․ ուշացա՞ծ, թե՞ շուտափույթ որոշում

Հայաստանում գործող 16 արգելոց-թանգարաններից 6-ում  տոմսային համակարգ է  գործում, ևս 3-ում այդ փոփոխությունը նախատեսվում է։  Վերջին հայտարարությունը վերաբերում է «Զորաց քարեր»  պատմամշակութային արգելոցին, որտեղ մուտքը  հունիսի 1-ից վճարովի կլինի։ Կառավարության հիմնավորմամբ՝ մշակութային վայրերում տոմսային տնտեսության ներդրումամբ  լուծվում են  ենթակառուցվածքների ստեղծման և հուշարձանների պահպանության հարցերը։ Հիմնավորումը նույնքան համոզիչ չեն համարում  տուր-օպերատորները։

Կառավարության որոշմամբ կստեղծվի «Աղձք» պատմամշակութային արգելոցը, որտեղ  Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանն է: 2014-2020 թթ. հուշարձանի պեղումների համար պետբյուջեից հատկացվել է 90 միլիոն դրամ: Արգելոցի հետագա պահպանությունն իրականացվելու է տոմսային տնտեսության գործարկումից հետո: Թե նոր արգելոցը երբ կանցնի տոմսային  տնտեսության, դեռ հստակ չէ, իսկ «Զորաց քարեր» արգելոցում այդ  փոփոխությունը կգործի հունիսի 1-ից։  Այդ մասին հայտարավել է մայիսի 24-ին։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ նման   փոփոխությունից առնվազն մեկ տարի առաջ պետք էր հայտնել դրա  մասին։

«Չի կարելի այսօր մտածել, վաղը հայտարարել տոմսային տնտեսության մասին։ Զբոսաշրջային օպերատորները տոմսային տնտեսության անցնելու և ընդհանրապես տոմսերի գների բարձրացման մասին պետք է առնվազն մեկ տարի առաջ իմանան։ Զբոսաշրջային փաթեթեները ձևավորում և առաջարկում են միջազգային շուկային, նրանց գործընկերներն արդեն նախօրոք տեղեկացված են փաթեթների գների մասին, շատերն արդեն ձեռք են բերել և պետք է գան։ Գները բարձրացնելով դժվար կացության մեջ են դնում զբոսաշրջային օպերատորներին»։

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանի խոսքով՝ «Զորաց քարեր»-ում տոմսային տնտեսության անցնել նախատեսում էին  դեռ 2020-ին, բայց համավարակով, ապա պատերազմով պայմանավորված նոր համակարգի ներդրումը հետաձգվեց։  Այժմ փոփոխությունն արվելու է, այդ միջոցների հաշվին լուծվելու են  սպասարկման ենթակառուցվածների և աշխատատեղերի ստեղծման ծախսերւ։

 «Դա պետության սեփականությունն է, որը տուր օպերատորն օգտագործում էր և տարիներ շարունակ գումար էր ստանում՝ անվճար մտնելով այդ հուշարձանի տարածք։ Իսկ դրա մաքրման, բարեկարգման, ուսումնասիրման, պեղման և մնացած աշխատանքները մենք մեր միջոցներով ենք անում։ Հիմա երբ  տուր–օպերատորն ասում  է՝ առանվազն մեկ տարի առաջ ասեք, մենք ժամանակին հայտարարություն տվել ենք, որ տոմսերը պետք է թանկանան»։

Արգելոցի տոմսերի գնային սանդղակը 100-ից 4000 դրամի միջակայքում է։  Տմոսերի գները տարբեր են՝ կախված այցելուների տարիքից, քաղաքացիությունից և սոցիական խմբերից։   Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այդ քայլով պետությունն, այսպես ասենք,  մտնում է տուր-օպերատորների գրպանը։

«Շատ կոպիտ թող չհնչի, բայց սա նշանակում է՝ մենք մտնում ենք տուր–օպերատորի գրպանը։ Մասնավորը և պետությունը գործընկերներ են, բարիկադի տարբեր կողմերում չեն։ Սա երկրի իմիջի հարց է»։

«Գուցե համաձայնեմ Ձեր այդ մտքի հետ, որ կարճ ժամանակ է, բայց էստեղ, եթե նույնիսկ 6 ամիս առաջ հայտարարերինք նորից նույն պատասխաներն էին լսելու մեր գործընկերներից։  Ասելու էին՝ ախր մենք վեց ամիս առաջ տուր էինք գծել։ Այսինքն, այս հարցադրումը շրջանաձև է, երբ էլ հայտարարես անընդհատ լինելու է»։ Արտավազդ Զաքյան

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ տոմսային համակարգի ներդրմամբ կլուծվի պատմամշակութային արգելոցի պահպանությունն ուժեղացնելու հարցը, ֆինանսական հոսքերով կապահովվի  բարեկարգման և նոր ենթակառուցվածքների ստեղծումը։ Անդրադառնալով տուր–օպերատորների դժգոհությանը՝ Մարաբյանը նշեց, որ նախարարի հրամանով ստեղծվել է թանգարաններում և արգելոցներում զբոսաշրջության խթանմանը միտված հանձնաժողով։ Հարցը քննարկվում է։

«Մենք սերտորեն համագործակցում ենք տուրիստական կազմակերպությունների և ոլորտի շահառու բոլոր կազմակերպությւնների հետ։ Հարցը դրվել է, մենք կարծես թե հիմնական համաձայնությունը ունենք։ Որոշ արգելոցների գների բարձրացման կամ տոմսային տնտեսության ներդրման կապակցությամբ դիտարկվել է, որ դա տեղի կունենա 2023թ–ից, իսկ «Զորաց քարերի» դեպքում գործընթացը շատ ավելի վաղ էր սկսել։ Կարծում եմ՝ լուրջ խնդիրներ չենք ունենա»։

Այժմ Հայաստանում գործում է 16 արգելոց-թանգարան։ Տոմսային համակարգ ներդրված է Գառնիում, Զվարթնոցում, Լոռի բերդում, Ամբերդում, Զորաց քարերում։ Առաջիկայում տոմսային տնտեսության ներդրում նախատեսվում է նաև Բջնիում, Դաշտադեմում և Աղձքում։

Կարդացեք նաև

Back to top button