Ժամկետային զինծառայող Սերգեյ Համբարձումյանը ծառայում էր Ջրականում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվել է արցախյան ճակատի գրեթե բոլոր հատվածներում՝ բացի Մատաղիսից ու Եղնիկներից։ Պատերազմում իր տեսածներից ամենադաժանի մասին Սերգեյը գերադասում է լռել։ Հոկտեմբերի 13-ին վիրավորվել է Մարտակերտում բայրաքթարի հարվածից։ Սերգեյի հետ գտնվող 29 տղաներից 27-ը զոհվել են։
«Երկու հոգի ենք մնացել, ծանր վիրավոր։ Սրտիցս բացի բոլոր օրգաններս այս կամ այն չափով վնասվել էին։ Ինձ համարել են դիակ, բայց կյանքս փրկել է ընկերս, որը ստուգել է զարկերակս ու հասկացել, որ ողջ եմ»,- պատմում է Սերգեյը։
Վեց օր կոմայի մեջ է եղել։ Արթնանալուց հետո երկար ժամանակ չի ընդունել, որ իրական կյանք է վերադարձել, ասում է՝ կարծում էի տեսիլքի մեջ եմ։ Գլխի վնասվածքի պատճառով տուժել են տեսողությունը, լսողությունը։ Տուժել է նաև Սերգեյի բացառիկ հիշողությունը։ Բայց ներկա վիճակով անգամ՝ անգլերենի, 3D մոդելավորման դասընթացներին չի գրում, չի կարդում, ամեն ինչ ընկալում է հիշողությամբ։ Պատերազմը 18 տարեկան Սերգեյի մտածողությունը դարձրել է 45 տարեկանի, բայց Աստծուց չի բողոքում, իսկ բողոքողներին չի հարգում։
2021-ի հունվարի 19-ից վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Պարապմունքների շնորհիվ սկսել է քայլել, հստակ խնդիր է դրել՝ առաջիկայում ընդհանրապես հրաժարվել սայլակից, ձախ ձեռքը ինչ-որ չափով աշխատեցնել։ «Գոնե գազար կարողանամ բռնել»,-կատակում է Սերգեյը։ Արդյունքը ակնհայտ է։ Ասում է՝ իմ առաջընթացը համընկնում է իմ տրամադրվածությանը։
Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 4-ին Մասիս քաղաքում։ Ագրարային համալսարանի ուսանող է, 13 տարվա կիթառահար, հանդես է եկել տարբեր բեմերում, այժմ պարապում է վոկալ, դաշնամուր, միաժամանակ շեշտում է՝ բիզնես մտածողություն ունեմ։ Պատրաստ եմ աշխատել ցանկացած ոլորտում, որտեղ փող կա, ընտանիքս պիտի պահեմ։