ԿարևորՄշակույթ

All we have is now․ ցուցահանդես՝ «Արտ-Կվարտալ»-ում  

Արվեստի թաղամաս կամ  Արտ-Կվարտալ․ հասցեն՝ Պուշկինի 4։ Երևանյան այս  հասցեին  մի խումբ արվեստագետներ  արվեստի շունչ են տվել։ Տարիներ շարունակ նրանք  հավաքվել են, զրուցել,  ստեղծագործել,  ու այսօր  արվեստանոց   հավաքատեղին պաշտոնապես դարձել է  ցուցասրահ։ Այստեղ վերջին ցուցահանդեսը պատերազմի թեմայով էր։

 «Հիմա մենք գտնվում ենք «Արտ-կվարտալ»-ում, որը արվեստի թաղամաս է կամ աշխարհի բնօրրանը»,-ասում է Հարություն Հովսեփյանը՝ նույն ինքը Հովհարը, ու ինձ ուղեկցում «Արտ-Կվարտալ» թաղամաս։

Արվեստի թաղամաս կամ  Արտ-Կվարտալ՝ հասցեն Պուշկինի  4։ Դալանից մտնում ենք բակ,  ու մեր աչքի առաջ բացվում է անսպասելի  պատկեր՝ մոռացված երևանյան կոլորիտ։

Մի քանի տարի առաջ նկարիչներ Սերոն և Հովհարը որոշեցին այսպես ասած հաստատվել այս  վայրում ու այն դարձնել  յուրօրինակ մշակույթի կենտրոն։ Զրուցակիցս՝  նկարիչ Հովհարը, ասում է՝  վայրն արդեն մշակութային արժեք ունի։

«Այստեղ ապրել է Հովհաննես Քաջազնունի առաջին վարչապետը։ Այստեղ է գտնվում Թաիրովի առաջին գինու և կոնյակի գործարանը։ Այսինքն՝ մենք գործ ունենք պատմամշակութային արժեքի հետ։ Ու ստեղծելու ենք մշակութային մի կետ, որտեղ կարող է ամեն պահի արվեստ ծնվել»։

Արտ-Կվարտալում նկարիչները շուրջ 7 տարի  առաջ հավաքվել են, զրուցել  են  ստեղծագործել,  ու այսօր   արվեստանոց-հավաքատեղին արդեն ցուցասրահ է դարձել։

«Իրարից լրիվ անկախ մի քանի հոգով հավաքվեցինք, ու այս տարիների ընթացքում մոտ 30 նկարչի գործ է տեղակայվել, նրանք ստեղծել են իրենց արվեստանոցները»,–ասում է Սերոն։

Այս ոչ ավանդական ցուցասրահում ցուցահանդեսներն արդեն ավանդական են։ Հերթականի թեման պատերազմն էր։ Ներկայացված էին հայ և ռուս նկարիչների գործեր։ Խորագիրը՝  «Հասարակության դեմքը պատերազմից հետո»։ Զրուցակիցներս սա անգամ համարում են հաշվետու ցուցահանդես նաև այն առումով, թե այդ ժամանակ ինչ ապրումներ է ունեցել արվեստագետը։

«Ցուցադրության կոնցեպտը հետպատերազմյան վախերի ու այդ ամենի ինչի միջով անցնելու ու դուրս գալու, լավ տեսլականի հասնելու կոնցեպտն է։ Մարդիկ այս նկարներով անցնում են հետպատերազմյան վախի միջով ու գալիս հասնում հույսին։ Մենք առաջարկում ենք մարդկանց  սթափվել  ու խեղված հանրությունից խեղված միջավայրից դուրս գալու ելքեր գտնել»։

Ցուցահանդեսի պատասխանատու Սոնա Մինասյանն ասում  է՝ մշակույթը մարդկանց հույս է վերադարձնում և նրանց  ցավ տարած հոգիներին հնարավորություն է տալիս հեռանալ մղձավանջներից, վրդովմունքից և վրեժխնդրությունից:

«Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, սա դարձրել է ակտուալ: Պատերազմը… Այս ցուցահանդեսն  արդեն մի տարի է, ինչ ցանկանում էի անել, բայց անընդհատ  հետաձգում էի, քանի որ ուզում էի խոսել դրականի մասին: Հիմա հասկացա, որ ցուցահանդեսի ժամանակը եկավ։ Այսօր Հայաստան են տեղափոխվել  բավականին շատ կրեատիվ մարդիկ՝ արտիստներ, նկարիչներ, պերֆորմանսներ, կինոարտադրողներ և այլն, ես մտածեցի, որ հենց հիմա է այն ժամանակը, երբ կարելի է խոսել»։

Մեր ցավը մեկն է՝ անկախ ազգային պատկանելությունից, սեռից, տարիքից: Մենք բոլորս վախ ենք զգում, բարկություն ու հիասթափություն, մենք բոլորս վախենում ենք ապագայից, որն անհայտ է: Եվ արդյունքում մեզ բոլորիս փրկում է հույսը՝ ասում է ցուցահանդեսի կազմակերպիչը։

Վերջին ցուցահանդեսին 10 նկարչի գործ է, որոնցից երկուսը՝ ՌԴ-ից։ Իսկ նկարներում   ներկայացված են այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը, հիասթափությունը, անորոշությունը և հույսը։

Արտ-Կվարտալի «տերերը» միայն ցուցահանդեսներով չեն բավարարվելու։ Արտ-Կվարտալը նաև թատերասերների համար է դռները բացելու, տարածքում արդեն բեմահարթակը պատրաստ է ու սպասում է ռեժիսորներին։

Կարդացեք նաև

Back to top button