ԿարևորՔաղաքական

Լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, Տիգրան Սարգսյանը ՄՄ անդամակցության մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխատանքային այցով Երևանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր  Խրիստենկոն: Այցի շրջանակներում Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր է  ստորագրվել:  Հուշագրի ստորագրումից հետո Տիգրան Սարգսյանն ու Վիկտոր  Խրիստենկոն հանդես են եկել համատեղ մամուլի  ասուլիսով: Կողմերն արդյունավետ են գնահատել հանդիպումներն ու քննարկումները,  հայտարարել որ, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում խոչընդոտներ չկան: 

Հայաստանի՝  Մաքսային միությանն անդամակցելու որոշումից մինչև  ԼՂՀ հիմնահարցի լուծման ուղիներ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  նախագահ Վիկտոր  Խրիստենկոյին ուղղված հարցերի շրջանակը բավականին մեծ էր: Հուշագիրը, որը ստորագրվեց այսօր ՀՀ կառավարության ու  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  միջև  մեկ անգամ ևս վերահաստատեց Հայաստանի նախագահի՝ սեպտեմբերի երեքին Մոսկվայում հնչեցերած հայտարարությունը ՝ Հայաստանը ցանկանում է  անդամակցել Մաքսային միությանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ փորձագետների ու մասնագետների մակարդակով մեծ ծավալի աշխատանք է իրականացվել: «Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը մենք պետք է իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստվածության մակարդակը»։

Նոր փաստաթղթերի ընդունում, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն այն ստանադարտների համակարգին համապատասխան, որն առկա է Մաքսային միության շրջանակներում. կողմերի աշխատանքային ամենօրյա գրաֆիկն է եղել և մնալու սա այսուհետ եւ: «Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրեցինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ մենք պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում մենք կարող ենք այն իրականացնել»,- հայտարարեց ՀՀ վարաչապետը:

Այն հուշագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ «Ընդհանրապես, ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկան որևէ տարակարծություններ, կան միայն հարցեր, խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր  Խրիստենկոյի դիտարկմամբ՝ ստորագրված հուշագրի գաղափարը  շատ պարզ է, «որպեսզի իրականացնենք այն մտադրությունները, այն հայտարարությունը՝ Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքին, որն արել է Հայաստանի Հանրապետությունը և որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները.- հայտարարեց  Վիկտոր Խրիստենկոն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  նախագահի խոսքով՝ սա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Վերջիս նաև տեղեկացրեց, որ  այսօր  կողմերը բարեհաջող աշխատել են  նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի, ինչպես նաև  հաջորդ գագաթաժողովի ժամանակ  նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ:  Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցի լուծման խնդրին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ հիմնախնդրի լուծմամբ զբաղվող փորձագետները շուտափույթ լուծումներ կգտնեն։

Back to top button