
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Ռեանիմանիա» փառատոնի հինգ տարիները կազմակերպիչներին ապացուցել է, որ ամեն տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, ինչի երաշխիքը լեփ-լեցուն դահլիճներն են։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսում նշեց, որ այս 5 տարիների ընթացքում փառատոնի կազմակերպիչների նպատակն է եղել կոտրել Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված այն կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար է։
Կինեմատոգրաֆիկ այս ոլորտում Ֆրանսիան գրավում է առաջատար դիրքեր և գնալով մեծացնում է հետաքրքրության շրջանակների աշխարհագրությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այս առումով կարեւորում է «Անսիի» միջազգային փառատոնը, որ անմիջականորեն կապված է Կաննի փառատոնի հետ։
«Անսիի» միջազգային փառատոնի տնօրեն Տիցիանա Լոշի խոսքով` այս փառատոնը և նման հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, քանի որ սա հնարավորություն է ընձեռում երիտասարդ ստեղծագործողների շրջանում կարծիքների փոխանակման համար։ «Պատահական չէ անիմացիոն ոլորտում Ֆրանսիայի գրաված առաջատար դիրքը, քանի որ ամեն տարի «Անսիի» միջազգային փառատոնին մասնակցում են 60-ից 80 երկրներ: Եվրոպայում Ֆրանսիան անիմացիոն ոլորտում առաջատարն է, իսկ համաշխարհային մակարդակով երրորդ տեղն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Այս փառատոները հնարավորություն են տալիս բացահայտելու և դրսևորվելու երիտասարդ ստեղծագործողներին»։
Ըստ նրա` անիմացիոն ֆիլմերի արտադրության ոլորտում աշխատում են 4000 մասնագետներ: Անիմացիոն ֆիլմերը Ֆրանսիայում ամենաշատ արտահանվող ապրանքատեսակն են: Ապրանքաշրջանառությունն ամեն տարի կազմում է 35 միլիոն եվրո: Ֆրանսիական անիմացիոն ֆիլմերն առաջին հերթին արտահանվում են Եվրոպա, իսկ 64 տոկոսն արտահանվում է ասիական երկրներ: Տիցիանա Լոշը նշեց, որ անիմացիոն ոլորտը մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է: Այսօր երիտասարդներն ավելի հակված են կինոնկարներ տեսնել, քան՝ ընթերցել: Սա էլ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ստեղծված ապրանքատեսակը կարողանանք համապատասխանեցնել երիտասարդ ունկնդրի սպասելիքներին, ասում է Լոշը:
Վերադառնալով «Ռեանիմանիային» նշենք, որ այն մեկնարկեց հոկտեմբերի 26-ին ռեժիսոր Մարկ Բորեալի «Մայրս մեկնել է Ամերիկա և հանդիպել է Բուֆալո Բիլին» ֆիլմով: Ռեժիսորի խոսքով` կինոն ստեղծվել է գրքի հիման վրա։ Ինքնակենսագրական ֆիլմի ռեժիսորը նշեց, որ դերակատարն ինքն է գրել ֆիլմի սցենարը, ինքն էլ նկարահանել ֆիլմը: Նշենք նաև, որ Մարկ Բորեալի կինն ազգությամբ հայ է և ռեժիսորի երազանքն է նկարահանել ֆիլմ հայ-ֆրանսիական զուգակցություններով:




