
Ավելի քան 6 շաբաթ՝ ավելի քան 4,5 մլն փախստական․ ռուս–ուկրաինական պատերազմի այսօրվա պատկերն է։ Միջազգային կառույցներն ահազանգում են՝ շուտով ուկրաինական ճգնաժամն իր վիճակագրությամբ կգերազանցի երկրորդ համաշխարհայինի և սիրիական պատերազմի վիճակագրությանը։ Մինչ ուկրաինական խոշոր քաղաքներում սրվում են հումանիտար խնդիրները, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դադարեցնել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ դա ձևակերպելով որպես Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման, և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների» հետևանք։
Ուկրաինայում պատերազմի 44-րդ օրն է։ Երկրի մի շարք շրջանների վարչական ղեկավարները հայտնել էին՝ գիշերը կրկին ակտիվ հրետակոծություններ են եղել։ Հարված է հասցվել Խարկովին, Լուգանսկին և Մարիուպոլին։ Լուգանսկի մարզում որևէ կանգուն հիվանդանոց էլ չկա՝ հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Լուգանսկի հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը «Ռադիոլուրին» ասում է՝ քաղաքում իրավիճակը կայուն է․ չնայած լարվածություն կա, բայց կյանքը կամաց-կամաց վերականգնվում է։
«Ժողովուրդը սովորականի նման ապրում, աշխատում է։ Կարելի է ասել, որ Լուգանսկ քաղաքից դուրս եկած բնակչությունը արդեն վերադարձել է․ դե տղամարդիկ դուրս չէին եկել, կանայք ու երեխաներն էին դրսում, նրանք էլ վերադարձել են։ Ընդհանուր առմամբ սպասողական վիճակ է․ բոլորը սպասում են, որ կռիվը շուտ ավարտվի, ու խաղաղ ապրեն։ Այն քաղաքներում, որտեղ կռիվը շարունակվում է, կարելի է ասել, հայեր արդեն չկան»,– պատմում է Վարդան Հայրապետյանը։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրին» պատմել էր, որ վերջին օրերին իրավիճակը հարաբերական կայուն է մայրաքաղաք Կիևում, Սումի և Չերնիգով քաղաքներում, իսկ լարված է երկրի հարավում և արևելքում,մասնավորապես, Մարիուպոլում, Խարկովում Դոնեցկում և Լուգանսկում։
«Կիևի կյանքն, իհարկե, դանդաղ, բայց վերականգնվում է։ Արդեն ավտոլցակայաններում մի քանի տեսակ վառելիք կա, խանութների մեծ մասը բացվել է։ Հնարավոր է գտնել նաև բաց սրճարաններ և վարսավիրանոցներ։ Արդեն մի քանի օր է՝ տրանսպորտն է գործում, մետրոպոլիտենի մի քանի կայարան է աշխատում։ Նույնիսկ դեպի քաղաք եկող ճանապարհներին փոքր խցանումներ կան»,– պատմում էր հայ համայնքի փոխնախագահը։
ՄԱԿ-ի թարմացված տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով շուրջ 1600 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ շուրջ 130 երեխա։ ՄԱԿ-ը նշել է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զեկույցներում միայն հաստատված դեպքերն են, իսկ մարտերի վայրերում հնարավոր չէ արագ ճշտել տեղեկություննները։ Ուկրաինացի փախստականների թիվն արդեն 4.5 միլիոնի է հասել, ևս 7 միլիոնը ներքին տարհանվածներն են, որոնք ռազմական գործողությունների թեժ կետերից տեղափոխվում են արևմտյան Ուկրաինա։
Լվովում սկսել են կառուցել հատուկ ավան՝ Ուկրաինայի տարբեր շրջաններից տեղահանվածների կեցության համար՝ պատմել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Ավանում կլինի 88 փոքր ժամանակավոր կացարան, որտեղ կապրի շուրջ 350 մարդ։ Լվովում նախատեսվում է կառուցել այսպիսի մի քանի ավան։
Երկրից դուրս եկած փախստականների գրեթե կեսը՝ ավելի քան 2.4 միլիոն մարդ, ապաստանել է Ուկրաինայի սահմանակից Լեհաստանում։ Նախօրեին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը լրագրողներին ասել էր, որ միայն Լեհաստանում Ուկրաինայից հեռացած 3000 ՀՀ քաղաքացի է ապաստանել։
«Լեհաստանում ապաստանած փախստականների մեծ մասն, իհարկե, ազգությամբ ուկրաինացիներ են, հետո՝ լեհերը։ Լեհաստանում ապաստանել է նաև շուրջ 3000 հայ։ Տեղի հայերն ակտիվ աջակցում են իրենց փախստական հայրենակիցներին՝ ընդունում, դիմավորում և կացարան են տալիս։ Նրանք կապի մեջ են նաև լեհական իշխանությունների հետ»,– ասել է Պավել Չեպլակը։
Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանն ավելի վաղ «Ռադիոլուրին» պատմել էր՝ ուկրաինահայերը Լեհաստանի տարածքն օգտագործում են հիմնականում որպես տրանզիտ՝ Արևմտյան Եվրոպա, հատկապես Գերմանիա տեղափոխվելու համար։ Գերմանական իշխանությունների տվյալներով՝ իրենց մոտ է տեղափոխվել ավելի քան 300 000 ուկրաինացի։ Փախստականները հատել են նաև Ատլանտյան օվկիանոսը․ Մեքսիկայից հայտնում են, որ այնտեղ շուրջ 2000 ուկրաինացի կա, որոնք նպատակ ունեն ԱՄՆ տեղափոխվել։









