ԿարևորՄշակույթ

Կամերայինի դերասանները՝ Պարոնյանի բեմում․ նրանք ներգրավված են թատրոնի հին և նոր ներկայացումներում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում  առաջիկա 1 տարում նախատեսում են 5 նոր ներկայացում բեմադրել։ Փորձերն արդեն ընթանում են․ Կոռնեյլի «Սեանս հոգեթերապևտի մոտ», Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» և ևս 3 ներկայացում մինչև տարեվերջ կներկայացվեն հանդիսատեսին։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով ՝«Կոշկավոր կատուն» մյուզիքլից հետո հաջորդ մեծամասշտաբ երաժշտական ներկայացումը լինելու է Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ը․

«Մասշտաբային երաժշտական գործ է լինելու։ Բեմադրական աշխատանքներն իրականացնում է Հակոբ Ղազանչյանը, իսկ մաեստրո Մարտին Վարդազարյանը երաժշտությունն է գրում։ Դեռ չի ավարտել, «Կոշկավոր կատվի» նման մեծամասշտաբ ներկայացում է լինելու, ներգրավված է լինելու թատրոնի ողջ անձնակազմը՝ 50-ից ավելի մասնակից»,-ասում է Կարո Շահբազյանը։

Նախորդ տարի կառավարության որոշմամբ Կամերային երաժշտական թատրոնի դերասանական կազմը միացավ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ 23 դերասանից 9-ն են այսօր աշխատում Պարոնյանի թատրոնում, մնացածը՝ «Գոյ», Տիկնիկային և Համազգային թատրոններում են։ Պարոնյանի թատրոն տեղափոխված բոլոր դերասաններն  զբաղված են։ Նրանցից Անահիտ Կիրակոսյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն իրենց դիմավորել է լավ, ներգրավված են տարբեր ներկայացումներում, Անահիտ Կիրակոսյանն այժմ խաղում է «Վերջին կանգառը» ներկայացման մեջ։

Մեծ բեմադրությունների ժամանակ թատրոնը տեխնիկական խնդիրներ է ունենում։ Դրանք լուծման ճանապարհին են,– ասում է թատրոնի տնօրենը․

«Լուսային և ձայնային տեխնիկան թատրոնում մեծ մասամբ խորհրդային ժամանակաշրջանի են։ Այդ պատճառով հիմնականում ժամանակակից տեխնիկան վարձակալում ենք, բայց ամբողջությամբ վարձակալել չի ստացվում։ Այս պահին կառավարության հետ համագործակցում ենք, միջոցներ են արդեն տրամադրել, և տեխնիկան ձեռքբերելու փուլում ենք։ Հույս ունենք առաջիկայում, նման լայնամասշտաբ ներկայացումներ բեմադրելիս, տեխնիկական խնդիրների առաջ էլ չենք կանգնի»։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով՝ թատրոնը հանդիսատեսի պակաս ունեցել է այս տարվա հունվար ամսին, երբ ուժի մեջ նոր էր մտել պարտադիր QR կոդի պահանջը։ Այժմ այդ խնդիրը տնօրենը համարում է հաղթահարված։

Կարդացեք նաև

Back to top button