ԿարևորՄիջազգային

Բուչան զարգացող քաղաք էր, որտեղ շատ հայեր էին ապրում․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

Ռուս–ուկրաինական պատերազմի 4 տասնօրյակի ընթացքում, ՄԱԿ–ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 քաղաքացիական անձ։ Այսօր արդեն միջազգային մամուլի առաջին էջերին ուկրաինական Բուչայում խաղաղ բնակիչների սպանության կադրերն էին։

Ուկրաինական Բուչան Կիևի մարզի ամենաակտիվ զարգացող քաղաքներից էր՝ «Ռադիոլուր»–ին պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Այս պահին Բուչայում ապրող հայերի մասին թվային տվյալներ միությունում չունեն, բայց շեշտում են, Բուչայում հայեր ապրում էին:

«Բուչա քաղաքում առանձին համայնք մենք երբեք չենք ունեցել, բայց Բուչա, ինչպես նաև հարակից Իրպեն քաղաքներում միշտ շատ հայեր ենք ունեցել ապրող։ Այդ քաղաքները շատ զարգացող քաղաքներ էին, մեծ հեռանկարով։ Այն, ինչ մենք այս օրերին տեսնում ենք լուսանկարներով, իհարկե, սարսափելի է»,– ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Ռուս–ուկրաինական պատերազմի 40-րդ օրը սկսվեց Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաքում հանգստյան օրերին տեղի ունեցածին միջազգային հանրության արձագանքներով, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ մեղադրանքներով։

Ռուսական վերահսկողության տակ անցած քաղաքը Ուկրաինայի ուժերը հետ են գրավել  ու քաղաքում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Կիևի մարզի որոշ շրջաններից դուրս է բերվել զոհված 410 խաղաղ բնակչի մարմին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ այդ մարդկանց սպանել են ռուս զինվորականները։

Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները կապ չունեն Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների հետ։ «Ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու ժամանակ, որևէ տեղացի բնակիչ չի տուժել բռնի որևէ գործողության հետևանքով»,–ասված է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը «Ռադիոլուր»–ին ասել է, որ  քաղաքից մարդկանց տարհանումը դեռ փետրվարի 24-ից է սկսվել, սակայն այս պահին այնտեղ դեռ հայեր կան, թե ոչ՝ պարզ չէ․

«Տեղի հայերը դեռ փետրվարից դուրս են եկել, քանի որ Կիևի բախումները հենց այդ քաղաքների տարածքներից են սկսվել։ Բայց այս պահին քաղաքում դեռ հայեր կան, թե ոչ, կամ քանիսն են դուրս եկել, ինֆորմացիա չունենք»,– ասում է հայերի միության ներկայացուցիչը։

Դավիթ Մկրտչյանը մանրամասնում է՝ վերջին օրերին ակտիվ հրետակոծությունները շարունակվել են հատկապես Խարկովի մարզի ծայրամասային բնակավայրերում։ Խարկովի մարզի Իզյում քաղաքում հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել է բնակելի կառույցների մոտ 80 %-ը։ Այդ մասին հայտարարել է Իզյումի փոխքաղաքապետ Վլադիմիր Մացոկինը։ Քաղաքային իշխանությունների հաշվարկներով՝ Իզյումում և հարակից գյուղերում արգելափակված է և հումանիտար օգնության կարիք ունի 15-20 հազար մարդ։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի կեսգիշերից Մարիուպոլից Բերդյանսկ մարդասիրական միջանցք է բացել՝ օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է՝ այս պահին փորձում են ճշտել, թե հումանիտար միջանցքներով քանի հայ ընտանիք է կարողացել տարհանվել։

«Շաբաթ օրը հումանիտար միջանցք էր հայտարարված Մարիուպոլից դեպի Զապորոժե։ Շուրջ 45 ավտոբուսով 2000 մարդ դուրս է եկել, հիմա տեղի համայնքիների մեր գործընկերները ցուցակներով աշխատում են, որ հասկանանք, թե քանի հայ է դուրս եկել։ Գիտեմ նաև, որ սեփական մեքենաներով են հայեր դուրս եկել և հասել են Զապոռոժե քաղաք։ Բացի այդ, ավտոբուսները նաև հումանիտար օգնություն են տարել դեպի Մարիուպոլ՝ կարիքավորներին օգնելու համար»,– ասում է Դավիթ Մկրտչյանը։

Պատերազմի 38, 39-րդ օրերը լարված է եղել նաև Ուկրաինայի հարավային Օդեսա քաղաքում։ Տեղական իշխանությունները հայտնում են քաղաքի որոշ շրջաններում հրդեհների մասին։ Հայերի միության փոխնախագահն ասում է՝ Օդեսայից կազմակերպված տարհանում այս պահին նախատեսված չէ․ պատերազմի ամբողջ ընթացքում Օդեսայում կրակոցներ եղել են։ Դավիթ մկրտչյանն ասում է՝ այս օրերին ակտիվորեն հումանիտար օգնություն են ուղարկում Կիևի մարզի՝ ուկրաինական վերահսկողության տակ անցած քաղաքներ, ինչպես նաև Չերնիգովի մարզ, Խարկով և Սումի քաղաքներ։

Կարդացեք նաև

Back to top button