
Թուղթը թանկացել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել են թուղթ ներկրող ընկերությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով A4 ֆորմատի թղթի թանկացմանն ու դեֆիցիտին։ Պատճառները կապված են ներկրումներին առնչվող դժվարությունների հետ։ Մատակարարները վստահ են, որ երկու ամսիսց թղթի պակաս չի լինի, բայց նույնքան վստահ չեն գնի պահպանման հարցում։
Մայրաքաղաքի գրախանութներում A4 ֆորմատի թղթի պակաս կա, եղածն էլ՝ մի քանի անգամ թանկացել է։ «Էյ ԷՄ» ընկերության տպարանի տնօրեն Վահե Զաքարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց՝ թղթի դեֆիցիտ կա հանրապետությունում։ Ընկերությունը ոչ միայն թղթի վաճառքով է զբաղվում, այլև՝ ներկրմամբ։ Ներկրում է ՌԴ-ից ու Չինաստանից։ Պահեստում թուղթ դեռ ունեն, բայց՝ քիչ քանակությամբ։ Ներկրման հետ կապված դժվարություններ կան ՝ ասում է զրուցակիցս։
«Ունենք թուղթ, բայց միայն մեր օգտագործման համար ենք պահել, քանի որ Ռուսաստանում դադարել են գործարաններն աշխատել։ ՌԴ -նից ներկրումն է դադարել, և դա է պատճառը, որ ճգնաժամ է։ Այլ տարբերակներ կան ՝ Չինաստանից, Թուրքիայից ներկրելու, բայց 1-2 ամիս ճգնաժամ կլինի, հետո կկարգավորվի։ Թանկացումը զուտ պահանջարկի ավելացման հետ է կապված՝ ազատ շուկայական հարաբերություններ են, պահանջարկ եթե կա, կամ տալոնով են վաճառում, կամ գինն են բարձրացնում։ Աշխարհում բեռնափոխադրումներն են նաև թանկացել, ևդա էլ նույնպես կարող է ազդել թղթի գնի վրա»։
Թուղթ ներկրող մեկ այլ ընկերության աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ, հաստատեց, որ կա ներկրման խնդիր և գնի բարձրացում՝ շուրջ 100 %-ով։ Նրա կարծիքով՝ խնդիր սրվել է նաև Լարսի անցակետի՝ մի քանի օր շարունակ փակ լինելու հետևանքով։ Այժմ թեևբանցակետը բաց է, սակայն առաջին հերթին սննդամթերքով բեռնված բեռնատարներ են անցնում։ Իսկ թանկացումը ոչ միայն այս գործոններով է պայմանավորված, այլև միջազգային շուկայում թղթի գնի բարձրացմամբ։ Զրուցակիցս կարծում է՝ թղթի դեֆիցիտի հարցը կկարգավորվի երկու-երեք ամսվա ընթացքում։
«Ճանապարհների հետ է կապված, Լարսը փակ է, դրա համար էլ դեֆիցիտ է առաջացել, որ բացվի կլինի։ Լարսը բացվել է բայց առաջին հերթին սննդամթերքն է անցնում, հետո մյուս բաները կանցնեն։ Թանկացումը մեր երկրի հետ կապված չէ, միջազգային խնդիր է։ Մենք Ուկրաինայից թուղթ չենք ներկրում, բերում ենք ՌԴ-ից, Չինաստանից»։
«Օֆիս Պրո» գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ ներկրող ՍՊԸ-ն թուղթ ներկրում է եվրոպական երկրներից։ Այս ընկերությունում դեֆիցիտի խնդիր, ներկայացուցչի խոսքով, չկա, բայց հաշվի առնելով ընդհանուր շուկայում թղթի սղությունը՝ սահմանափակել են մատակարարման քանակը․ երկու արկղից ավելի թուղթ չեն տրամադրում իրենց հետ համագործակցող ընկերություններին։ Զրուցակցիս խոսքով՝ սակայն, գնի բարձրացումից խուսափել չեն կարողանա, քանի որ Եվրոպական երկրներում թուղթ արտադրող գործարանները բարձրացրել են գինը՝ դոլարի ու եվրոյի փոխարժեքի բարձրացման պատճառով։
ՀՀ ՊԵԿ-ից «Ռադիոլուր»-ին պարզաբանեցին, որ Ա4 ֆորմատի թղթի ներմուծման սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով փոփոխություն տեղի չի ունեցել։ Նաև տեղեկացրին, որ նախորդ տարվա ընթացքում 8000 տոննա A-4 ֆորմատի և օֆսեթ տեսակի թուղթ է ներկրվել ՀՀ, այս տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, կներկայացնեն ավելի ուշ։




