
Մարտի 18-ից Վանաձորի ակտիվ քաղաքացիներն ահազանգում են՝ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհներին վտանգավոր վիճակ է։ Սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումներ են: Քաղաքացիները դժգոհում են, պաշտոնյաները՝արդարանում, թե արվում է հնարավորը՝ ճանապարհները անցանելի և անվտանգ դարձնելու ուղղությամբ: Թեման շարունակում է Լոռու մարզի մեր թղթակից Լուսինե Սարգսյանը:
Ակտիվ քաղաքացի Վարդուհի Անանյանը ձյան առատ տեղումներից հետո ամեն օր շրջում ու դիտարկում է ձնամաքրման աշխատանքների ընթացքը: Վանաձորի մի շարք հատվածներում աղ ու ավազ կա, բայց չպետք է մոռանալ, որ Վանաձորն արդեն խոշորացած համայնք է,-ասում է քաղաքացին: Միայն կենտրոնով չի սահմանափակվում, խնդիրներ նաև ծայրամասերում կան, իսկ Վանաձորից դուրս՝ գնալով ավելանում են.

Վարդուհի Անանյան. «Մի քանի օր արդեն հետևում եմ Լոռու մարզում իրականացվող աշխատանքներին: Եղել եմ դեպի Ալավերդի, Դիլիջան ճանապարհին և ֆեյսբուքյան հրապարակման միջոցով փորձել եմ հիմնականում կարծիքներ ու փաստեր հավաքել մարզի այլ բնակավայրերից ևս: Հիմնականում կամ աղաթափման աշխատանքներ են անում, կամ ոչինչ չեն անում, դա նաև փաստում են տեսանյութերն ու ֆոտոները, որոնք ուղարկում են տարբեր բնակավայրերի մարդիկ»:
Օրեր շարունակ սաստիկ ձյան ու բքի պատճառով անանցանելի էին Վանաձոր- Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: Սոցցանցերում քննարկումները չէին դադարում: Մինչ քաղաքացիները տեսանյութեր էին տեղադրում ու մարզի պատասխանատուներից պահանջում միջոցներ ձեռնարկել, նրանք էլ՝ վիրավորում ու արդարանում, ձյան շերտը շարունակում էր հաստանալ: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվ, առատ ու երկարատև ձյան տեղումներ չեն գրանցվել։ Վերջին 3 օրերին մի քանի մարզերում, այդ թվում՝ Լոռում, ռեկորդային քանակի ձյուն է եկել. Ձյան ծածկն ավելացելէ 60-70, առանձին բնակավայրերում՝ հասել 100 և ավելի սանտիմետրի։

Քաղաքացու իրավունքն ու պարտավորությունն է տեր կանգնել իր վճարած հարկերին, և հասկանալ, թե հարկերից աշխատավարձ ստացողներն ինչո՞ւ են թերանում իրենց գործում՝ մեկ այլ քաղաքացու դժգոհություն է, որը չցանկացավ անունը հրապարակել:
Իսկ թերացողն, ինչպես պարզվեց, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Լոռու ճանշին» ընկերությունն է, որը թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո մասնակցում ու շահում է ճանապարհների շահագործման և շինարարական աշխատանքների մրցույթները: Ֆինանսավորման հետ խնդիր չենք ունեցել, պարզապես ձյան տեղումներն այնքան առատ էին, որ տեխնիկական միջոցներն են շարքից դուրս եկել,- «Ռադիոլուր»-ին ասաց ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը․

«Իրականից մի 3 ժամով խնդիր եղել ա, մեր տեխնիկան փչացել էր: Բայց կոնկրետ Վանաձոր-Դիլիջանի մասով տեխնիկան անընդհատ աշխատել ա , աղադրման աշխատանքներ անընդհատ ա արվել, բայց և՛ բուքը, և՛ առատ տեղումները, հենց էս պահին էլ ընդեղ գալիս ա, առատ տեղումներ են խնդիր եղել, նույնիսկ 2-րդ տեխնիկան ենք ավելացրել, մասնավոր ընկերության հետ պայմանագիր ենք կնքել, 2 տեխնիկայով զոռով երեկ իրիկունը կարողացանք խելքը գլուխը բերել ճանապարհի: Մենք տեխնիկայի, քանակի, մարդկային ռեսուրսի խնդիր չունենք, նման ձյուն, ես չեմ հիշում, մեր մարզում սենց ձյուն գար»:

«Ճանապարհային դեպարտամենտ» -ի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեներ Սարգիս Դադայանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ տեղում է արձանագրել խնդիրները, թերացողները կպատժվեն։
«Ամենն արձանագրվել է հենց տեղում՝ Ճանշինի տնօրինության աչքի առաջ և օրենքով ընթացք կտրվի: Արձանագրել եմ թերությունները: Ղեկավարության հետ կորոշենք ինչ կարգի պատժի ենթարկենք թերության համար»:

Ըստ Դադայանի՝ ներկայում Լոռու մարզի միջպետական նշանակության Մ-8՝Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, Մ-6 Վանաձոր-Ալավերդի հատվածը՝ դժվարանցանելի: Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ երթևեկելի։ Օդերևութաբաններն էլ առաջիկա 5 օրերին դարձյալ ձյան տեղումներ, ցածր հորիզոնական տեսանելիություն ու բուք են կանխատեսում՝ լեռնային գոտիներում։




