
44-օրյա պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և ապակենտրոնացված բուժծառայություններ ապահովելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամի և առողջապահության նախարարության համագործակցությամբ Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է վերականգնողական բաժանմունք: «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրներ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները կարևորել են բաժանմունքի գոյությունը Վանաձորում՝ հույս հայտնելով, որ այն կօգնի պատերազմի մասնակից երիտասարդներին՝ հոգեպես ու ֆիզիկապես ավելի արագ ապաքինվելու հարցում, և նրանք ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք:
Վանաձորցի 20-ամյա Ակսել Շամիրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի, Մարտակերտի ու Աղդամի թեժ կետերում է եղել: Կոնտուզիա է ստացել: 2 շաբաթ է՝ Վանաձորի նորաբաց վերականգնողական բաժանմունքում է: Կարիքների գնահատումից հետո սկսել է վերականգնման ընթացքը:
«Թե հոգեբանի հետ, թե վերականգնողական սարքերով, արդեն անցել եմ 5 կուրս 2 շաբաթում: Շատ լավ բան են նախաձեռնել, շատ շնորհակալ ենք իրենց»:
Վանաձորի բժշկական կենտրոնում բացված ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում, որը հագեցած է նորագույն ֆիզիոթերապևտիկ սարքավորումներով, անվճար կիրականացվի 44-օրյա պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը:
Բաժանմունքի բացումը հնարավոր է դարձել ՀՀ առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության արդյունքում:

Տղաների մասին խոսելիս՝ հուզմունքից խառնվում ու ֆրանսերենից հայերենին է անցնում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը. «Հենց այդ տղաներն են իրական հերոսները,- ասում է,- այն կանայք, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, հարազատներին, մտերիմներին և մենք այստեղ ենք, որ օգնենք նրանց».
Քրիստինա Ազնավուր Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրեն. «Ուժն իրենց մեջ է, հպարտանում եմ, որովհետև իրենք շատ ուժեղ մարդիկ են, և նրանք կարողանում են հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, որպեսզի վերածնվեն: Մենք վերապրել ենք պատերազմը, ինչպես ցանկացած մարդ, ով այդ պահին գտնվում էր Հայաստանում: Լինելով Հայաստանից դուրս՝ փորձում էինք արագ թեթևացնել ցավը այն մարդկանց, ովքեր կորցրել են հարազատներ, բարեկամներ, ծնողներ»:

Բաժանմունքի բացման պատիվը տրվեց բուժկենտրոնին տնօրենին ու Նիկոլա Ազնավուրին: «Մարզերի համաչափ զարգացումը մեր առաջնահերթությունն է, և Վանաձորում այս բաժանմունքի բացումը նաև բժշկական ծառայություններն ապակենտրոնացնելու նպատակ ունի»,-ողջույնի խոսքում շեշտեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը՝ պատերազմի և հետպատերազմական շրջանում մեր երկրին տրամադրած հումանիտար աջակցության համար: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն էլ հպարտությամբ նշեց, որ ինչպես պատերազմի օրերին, երբ ֆրանսիական կառավարությունն արագ արձագանքեց հումանիտար բեռների տրամադրման հարցում, այժմ էլ աշխատում են՝ հանուն երկարատև և կառուցողական աջակցության և ՀՀ առողջապահական համակարգի հզորացման:
«Տարիների երազանք է եղել նման բաժանմունք ունենալը»,- ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Այսուհետև վերականգնողական ծառայությունները հասանելի կլինեն ինչպես պատերազմից տուժած, այնպես էլ վերականգնողական բուժման կարիք ունեցող շատ քաղաքացիներին: Բուժանձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստում ֆրանսիացի բժիշկների կողմից: Բաժանմունքում կհամակցվեն ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայությունները, որ տղաներն այստեղից դուրս գան ավելի լավ հոգեվիճակով և ֆիզիկապես ամուր՝ բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանն է վստահեցնում: Այժմ այստեղ բուժվում է մոտ 10 զինծառայող:

Վանաձորի վերականգնողական բաժանմունքի գլխավոր բժիշկ Արթուր Մխիթարյան.
«Ունենք 2 բժիշկ, ես` որպես բժիշկ-ռեաբիլիտոլոգ, թերապիստներ, մերսող, հոգեբաններ, լոգոպեդ: Այդ թիմը պետք է աշխատի այդ մարդկանց հետ, քանի որ վերականգնումը ոչ միայն ֆիզիկական է, այլև հոգեբանական: Ունենք շատ սարքավորումներ, բայց սա կարևորագույն սարքերից մեկն է, որը մեզ օգնում է պացիենտներին ոտքի կանգնեցնել: Նախատեսված է այն մարդկանց համար, որոնք ստացել են վնասվածքներ, և ունեն կոորդինացիայի խնդիր: Դրա միջոցով մենք կարողանում ենք թեստավորել պացիենտին և հասկանալ՝ կոորդինացիայի ինչպիսի խանգարում ունի, և սկսում սարքի միջոցով վերականգնել»:
21-ամյա Արթուր Չոբանյանն էլ է Վանաձորից: Ջաբրայիլում է աջ ձեռքից վիրավորվել: Փորձում է մոռացության մատնել պատերազմական հիշողությունները: Սկզբում՝ մայրաքաղաքում, այժմ էլ Վանաձորում է շարունակում վերականգնումը:
«Զինվորի տանն էլ եմ եղել: Նույն բուժումներն են. ինչ այստեղ է, այնտեղ էլ էին: Հիմնականում մասաժներ, տոկեր»:

Վերականգնողական բաժանմունքի կահավորումը հնարավոր է դարձել «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացրել է Ազնավուր հիմնադրամը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ:
Վերջինը 205.000 եվրոյի ներդրում է ունեցել ծրագրում՝ Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված մեծածավալ մարդասիրական օգնության շրջանակում: Պատերազմի հետևանքով հարազատների կորցրած շուրջ 120 քաղաքացի հետտրավմատիկ սթրեսային խանգարումների կանխմանն ուղղված խորհրդատվական հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի մասնագետների հետ: Մայիսին Վանաձոր կժամանի ֆրանսիացի բժիշկների ևս 2 խումբ՝ վերապատրաստելու հայ մասնագետներին։




