ԿարևորՀասարակություն

Հայաստանը ուկրաինացիներից փախստականի կարգավիճակ ստանալու 10 դիմում է ստացել

Ռուս–ուկրաինական պատերազմի 20 օրերի ընթացքում Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ապաստանի շուրջ 10 հայց է ստացել։ դիմողները խնդրել են իրենց փախստականի կարգավիճակ տալ՝ մանրամասնում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։ Փախստականի կարգավիճակի համար դիմած ուկրաինացիներն այժմ բնակվում են հատուկ կացարանում։ 3 ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունը նրանց կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։

«3 ամիս անց, իսկ որոշ դեպքերում՝ 6 ամսվա ընթացքում, տրվում է որոշում։ Եթե որոշումը դրական է, ապա ապաստան հայցողը դառնում է փախստական Հայաստանի Հանրապետությունում։ Եթե որոշումը բացասական է, տվյալ անձը դառնում է անօրինական միգրանտ և պարտավորվում է լքել երկիրը։ Բացասական պատասխանի դեպքում, 60 օրվա ընթացքում, որոշումը կարող է բողոքարկվել բոլոր դատական ատյաններում»,– մանրամասնում է Նելլի Դավթյանը։

Ազգային, ռասայական, կրոնական խտրականություն, կամ դրա հիմքով պետական հետապնդում, քաղաքական հայացքներ, սոցիալական որոշակի խմբի պատկանելություն, պատերազմական, ռազմական գործողություններ կամ արտաքին հարձակում․ սրանք այն հիմքերն են, որոնց առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում օտար երկրի քաղաքացուն տրվում է փախստականի կարգավիճակ։

2021-ին Հայաստանում ապաստան է հայցել շուրջ 260 անձ, նրանցից 1/3-ը ստացել է փախստականի կարգավիճակ։ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը շեշտում է՝ վիճակագրության համաձայն, մինչև պատերազմն էլ Ռուսաստանից և Ուկրաինայից ամեն տարի շուրջ 10 ապաստանի հայց են ստացել։ Անցած տարում փախստականի կարգավիճակ ստանալու համար Ուկրաինայից 5 անձ է դիմել միգրացիոն ծառայություն, Ռուսաստանից՝ 7։ 2020-ին Ուկրաինայից 2 քաղաքացի է դիմել, Ռուսաստանից՝ 5։

«Փետրվարի 24-ից մինչև այսօր ուկրաինայի քաղաքացիներից ստացել ենք ապաստանի 10 հայց․ անձանց թիվը չեմ կարող նշել, նշում ենք միայն հայցերի թիվը, այլ մանրամասներ հայտնել ևս չենք կարող, քանի որ պետության պարտավորությունն է գաղտնի պահել ապաստան հայցողի մասին ցանկացած տեսակի ինֆորմացիա»,– ասում է Միգրացիայի ծառայության հանրության հետ կապերի պատասխանատուն։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը նախօրեին «Ռադիոլուր»-ին ասել էր, որ պատերազմի հետևանքով Ուկրաինայից Հայաստան տեղափոխված փախստականները հիմնականում հայեր են՝ Ուկրաինայի քաղաքացիությամբ։ Կան նաև ուկրաինացիներ։

«Մեզ հիմնականում դիմում են կացարանների հետ կապված խնդիրներով, շատ են նաև փաստաթղթային խնդիրները։ Ուզում եմ շեշտել, որ զանգեր ստանում ենք նաև տեղաբնակ հայերից, որոնք պատրաստ են նույնիսկ անվճար կացարաններ տրամադրել Ուկրաինայի փախստականներին։ Մենք հատուկ մեխանիզմով հենց տեղում՝ Հայաստանում լուծում ենք փախստականների փաստաթղթային հարցերը։ Նշեմ, որ Հայաստանը Ուկրաինայի քաղաքացիներին ընդունում է նաև ոչ լիարժեք փաստաթղթերով»,– ասել է Դենիս Ավտոնոմովը։

Միգրացիայի ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մանրամասնում է՝ Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած անձինք ունեն գրեթե նույն իրավունքներն ու պարտականություննեը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները․ սահմանափակումները վերաբերում են միայն ընտրական և հողի սեփականության իրավունքներին։ 

Իսկ ի՞նչ է արվում դեռևս Ուկրաինայում ապրող մեր այն հայրենակիցների համար, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ ամենօրյա կապի մեջ են Ուկրաինայի տարբեր շրջանների հայ համայնքների հետ։ Շեշտում է՝ Ուկրաինայից դուրս եկած հայերը հիմնականում կենտրոնացած են Լեհաստանում։ Պատրաստվո՞ւմ է պետությունը նրանց տարհանելու համար օդանավ հատկացնել․ զրուցակիցս ասում է՝ այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է․ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան։

«Այս պահին չարթերային թռիչք կազմակերպելու վերաբերյալ դեռ որոշում չկա։ Մենք ևս ստանում ենք դիմումներ, որ կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերադառնալ, բայց միջոցներ չունեն: Ուզում եմ շեշտել, որ այդ ընտանիքները գտնվում են տեղի հայ համայնքների հոգածության ներքո։ Բայց ավելի ամբողջական թվային տվյալներ, թե քանի հայրենակից է ուզում վերադառնալ Հայաստան, մենք չունենք»,– մանրամասնում է Հովհաննես Ալեքսանյանը։

Հովհաննես Ալեքսանյանը պատմում է՝  կան Հայաստան վերադարձած ընտանիքներ, որոնք սեփական ավտոմեքենայով են Ուկրաինայից հասել Հայաստան՝ հատելով Բուլղարիայի և Թուրքիայի սահմանները։ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակում արձանագրում են՝ վերջին 20 օրում մեծացել է նաև ռուսաստանաբնակ հայերի և ռուսների հոսքը Հայաստան․  Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով շուրջ 500 զանգ են ստացել։

Ալեքսանյանը հիշեցնում է՝ այս պահին Ուկրաինայից տեղահանվածների համար համակարգված պետական աջակցության ծրագրեր չկան։ Դրանք, գուցե, իրականացվեն, եթե  Հայաստանում ապաստանածների թիվն աճի, և կարիքներն առավել տեսանելի լինեն։

Կարդացեք նաև

Back to top button