
Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը, ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Ավստրիանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ «այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի հետքաշման և դիվանագիտական ակտիվ ներգրավվածությամբ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը»:
«Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումը՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար, մարդասիրական ականազերծումը, և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Քորթնի Ավստրիանը նշում է, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ աջակցելու հակամարտությունից տուժած բնակչությանը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը», — ասել է փոխդեսպանը։




