ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է ապատեղեկատվությունն այդքան հեշտ մարսվում․ ռիսկերն ու զսպող մեխանիզմները՝ քննարկման թեմա

Ապատեղեկատվությունը՝ ժամանակակից մարտահրավեր. այս ռիսկերի քննարկումը արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի օրակարգում են։

Ապատեղեկատվությունն այսօր այնքան արագ, ակտիվ ու «համառ» է , որ դրա կողքին ճշգրիտ տեղեկատվությունը երբեմն կորչում է, իսկ հերքումները երբեմն անգամ չեն էլ նկատվում։ Խնդիրներով մտահոգվում եւ թեման կարեւորում են նաեւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն վստահ է՝ ապատեղեկատվությունը նվազագույնի հասցնելը կբարձրացնի հասարակության կյանքի որակը․

«Հասարակությունը և անկախ մեդիան, որպես մեկ միասնություն,  ստեղծում են որակապես ավելի լավ կյանք, իսկ ապատեղեկատվության տարածումը միայն հակառակ ազդեցությունն է ունենում։ Այս իրավիճակում բավականին անելիք ունեն այն լրագրողները, ում համար կարևոր է իսկապես ճշմարիտ ինֆորմացիան», — ասում է Թերեզա Ռիբեյրոն։

Ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ, և ինչու է այն  հասարակության կողմից այդքան հեշտ մարսվում․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, խոսելով Արցախի իրավիճակի մասին, վստահեցնում է՝  իրենք  շատ արագ ու կազմակերպված արձագանքում են ճգնաժամային իրավիճակում, բայց մարդկանց մոտ, միևնույն է, հարցեր են առաջանում։ Ստեփանյանի համար պարզ չէ՝  հետաքրքրությո՞ւնն է պատճառը, տրամադրվող տեղեկատվությանը չհավատա՞լը, թե՞ պարզապես ստույգ աղբյուրներին չհետևելը կամ վստահելի աղբյուրներին ծանոթ չլինելը․

«Երեկ երեկոյից մինչև այսօր ես հետևել եմ թե՛ դատախազության, թե ներքին գործերի նախարարության, թե ՀՀ ՊՆ-ի կողմից տեղադրվող ինֆորմացիային և կարող եմ ասել, որ ներկայացվում է նույն  ինֆորմացիան, այսինքն՝ բացարձակ իրականությունը, և այստեղ հարց է առաջանում՝ մարդիկ, որոնք ինձ այդքան հարցեր են տալիս՝ կամ չգիտեն, թե ինչ աղբյուրի պետք է հետևել, կամ ինձ հարցնում են հավելյալ ինֆորմացիա ստանալու համար», — ասում է Գեղամ Ստեփանյանը։

Ապատեղեկատվության դեմ պայքարի առաջին գործիքներից է պետական կառույցների համարժեք  և արագ արձագանքը։ Մինչդեռ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանին մտահոգում է, որ պետական գերատեսչությունները, փոխանակ իրենք արագ և առաջինը  տան տեղեկատվությունը, երբեմն արձագանքում են օրեր անց՝ ընդամենը հերքելով  ապատեղեկատվությունը։

«Առաջին կանոնը, նաև խնդրանքս այն է, որ պետությունը հնարավորինս արագ լինի, ընդ որում՝ ոչ թե արձագանքողի դերում, այլ ինֆորմացիան հասարակությանը առաջինը հրամցնողի դերում։ Մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում հիմա, որ ամեն օր ինչ-որ բան է տեղի ունենում, ինչ-որ ցնցող իրադարձություն, մենք 3 տարի է խոսում ենք ճգնաժամային իարվիճակում ապրելու մասին, հիմա էլ ճգնաժամային փուլ է, էնպես  չի, որ անցել է այդ փուլը, և դարձյալ ռեսուրսների մոբիլիզացիա է պետք, և տարվող աշխատանքն էլ պետք է լինի ճգնաժամային իրավիճակին համապատասխան», — ասում է Շուշան Դոյդոյանը։

Ինչպես զսպել ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին։  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է՝ դրա հնարավոր գործիքներից մեկն էլ ապատեղեկատվություն տարածող մեդիաներին մատնացույց անելով հասարակության համար նրանց ճանաչելի դարձնելն ու այդպիսով նրանց «մեկուսացնելն» է։

«Մի շատ տարածված ձև կա, այն է՝ տեղեկատվական դաշտում մեկուսացումը, այսինքն՝ ցույց տալ ապատեղեկատվություն տարածող մեդիաներին, մարդկանց, որ նրանք արժանի չեն համագործակցության, բայց մեզ մոտ՝ Հայաստանում, սա վերածվել է  գռեհկության։ Այսօր բավականին տարածված երևույթ է, երբ որոշակի մեդիաների իրենց հարգող մարդիկ հարցազրույց չեն տալիս», — ասում է Բորիս Նավասարդյանը։

Լինել մեդիագրագետ՝ սա է ելքը, որը պետական մակարդակով համարժեք քայլեր է պահանջում։ Այդ քայլերի շարքում հատուկ կարեւորվում է թվային անվտանգության դասընթացների ներառումը դպրոցական եւ անգամ նախադպրոցական կրթական ծրագրերում։     

Կարդացեք նաև

Back to top button