ԿարևորՀասարակություն

Աղը՝ նաև ավանդույթ. աղի կիրառման «աղի» քննարկումը

Հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելն արգելող նախագիծը և դնելու դեպքում տուգանքի սահմանումը բուռն քննարկվում է։ Աղը մարդկանց «բանակների» է բաժանել. մի մասը նախագիծն անհեթեթ ու ժամանակավրեպ է համարում՝սեղանին աղ դնելն ավանդույթ համարելով և աղ ու հացի ավանդույթի դեմ դիտարկելով, մյուս մասի կարծիքով՝ պետության այս քայլը որոշ չափով կնպաստի, որ մարդը ձեռքն ավելի քիչ մեկնի աղին՝ դրա ավել կիրառմամբ չվնասելով սեփական առողջությունը։

Հեքիաթում թագավորի տղան մատը կտրեց, աղ արեց, որ քունը չտանի: Մենք աղի բլիթ ենք ուտում՝ երազում սպասելով ապագա սիրուն, տուն եկողին էլ՝ աղուհացով դիմավորում: Աղը համից բացի, ավանդույթ է մեզ համար, համարվում է բժշկող, մաքրագործող, պաշտպանող: Մատաղացու կենդանուն օրհնված աղ ենք տալիս, աղուհաց կիսելով՝ եղբայրանում: Աղը հավատալիքներում ու ասույթներում է,  անգամ բնակավայրերի անուններում։ Ազգագրագետ Կարինե Բազեյանն ասում է՝ հնում աղի պաշտամունքը նույնացվել է պտղաբերության խորհրդանիշ Անահիտ աստվածուհու հետ:

«Աղը լայնորեն օգտագործվել է ծննդաբերության ծիսակատարության ժամանակ՝ որպես մաքրագործող: Անմիջապես ծննդից հետո երեխային աղով են շփել և՛որպես բժշկական, և՛որպես չարխափան միջոց: Պտղաբերության հետ կապված աղի ամենամեծ առնչությունը մենք տեսնում ենք կանացիակերպ աղամաննների մեջ` հատկապես Արևմտյան Հայաստանում: Արևելյան Հայաստանում դա եղել է գործած կտորե տոպրակներով, որոնք մասնագետներն էլի կապում են կնոջ խորհրդանիշի հետ, ուղղակիորեն ներկայացնում որպես Անահիտ դիցուհու ծպտված պաշտամունքի դրսևորում, որովհետև Անահիտը եղել է պտղաբերության աստվածուհին»:

Ազգագրագետի խոսքով՝ հնում հայերն աղամանը սեղանին դնելու սովորույթ չունեին, քանի որ սեղանի փոխարեն խմորի տաշտի շուրջ էին սնվում՝ խմբված: Առաջիկայում օրենքը կարող է արգելել հանրային սննդի վայրերում սեղանին աղ դնելը։ Սոցհարթակներում «եռում են» թեմայի ծայրահեղ մոտեցումները, «դարերով  աղուհաց ենք արել,  հիմա օրե՞նքը պիտի որոշի՝ ինչքան աղ ուտել». դեմ արտահայտվողները վստահ են՝ օրենքը չի նվազեցնի աղի օգտագործումը: Ի՞նչ հայկական սեղան՝ առանց աղի.մյուս մոտեցումն է: Սեղանին չի դրվի, չի թափվի, կռիվ չի լինի՝ հումորի են վերածում շատերը, ոմանք էլ պնդում՝ աղը պակասեց՝ համը դուրս կգա։

«Վարունգի, ձվի, կերակրի վրա առատ աղ լցնողը տեղյա՞կ է, որ աղը վնասում է երիկամները, լյարդը, սիրտը»,- հարցնում է հոգեբույժ Գայանե Քալանթարյանը: Չի կասկածում՝ աղի չարաշահումը վնաս է, բայցև վստահ է՝ օրենքով դա չես կարգավորի։ Առողջ սնվելու պետական քարոզ է պետք սննդի օբյեկտներում, էկրանին, ռադիոյով՝ ասում է Քալանթարյանը:

«Համային ընկալումները տարբեր ժողովուրդների մոտ տարբեր են, հայերի մոտ ռեցեպտորներն աղ շատ են պահանջում, որոշ ազգեր, օրինակ, Մեքսիկայում, Վրաստանում օգտագործում են չիլի պղպեղ, կծու, նաև ազգային առանձնահատկություններ կան, որոնք պետք է հաշվի առնել»:

Առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել սննդի օբյեկտներում աղաման դնել սեղանին, եթե հաճախորդը չի պահանջում, այլապես տուգանել 30.000 դրամով: Սեղանից աղը հեռացնելն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է խորհուրդ տվել՝ հիմքում գնահատումը, որ հայերն օրական թույլատրելի մոտ 1 թեյի գդալ կամ 5 գրամից կրկնակի ավելի են աղ կիրառում: Հանրային կապերի մասնագետ Տաթևիկ Սեկոյանի կարծիքով՝ օրենքը կօգնի աղ օգտագործելու նոր մշակույթ ձևավորել: Շատ աղ անելը կախվածություն է համարում: Խոստովանում է՝ հաճախ է ձեռքն աղին մեկնում, բայց ռեֆլեքսորեն, երբ այն մշտապես սեղանին է, ու դա դառնում է սովորական։

«Ես, որպես շատ աղ օգտագործող մարդ, շատ անգամ նկատել եմ, որ եթե դիմացս աղ դրված չի, չեմ օգտագործում, եթե դրված է՝ աղ եմ անում: Ինչ վերաբերում է մարդկանց դժգոհությանը, որ մենք քովիդ ենք անցել, պատերազմ, սրա ժամանակը չի՝ իմ կարծիքով ժամանակն է ունենալ առողջ հասարակություն»:

2016-2017 թթ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային հետազոտությամբ պարզել է, որ չափահասների 35%-ը մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին, ընդ որում՝տղամարդիկ ավելի շատ, քան կանայք:  71%-ը տանը կերակուր մշտապես աղով է պատրաստում։ 10-ից ամեն 3-րդ-ը մեծ քանակով վերամշակված աղի սնունդ է ուտում: 2020-ի տվյալներով՝ մահերի շուրջ 70%-ի պատճառը չարորակ նորագոյացություններն են, շաքարային դիաբետը, արյան ու թոքերի քրոնիկ հիվանդությունները: Ապացուցողական բժշկությունը սա պայմանավորում է կենսակերպով, անառողջ սննդակարգով, այդ թվում՝ աղի չարաշահմամբ։ Այն կարող է բերել զարկերակային հիպերտենզիայի, կաթվածի, երիկամների ֆունկցիայի խանգարման և առողջության վատթարացման: Բժիշկ- դիետոլոգ Լիդիա Այվազյանը նկատում է՝ պետք է հասկանալ հայերը շատ աղ պարունակող ո՞ր մթերքներն են ավելի շատ օգտագործում:

«Առանց հետազոտությունների էլ կարող ենք հավաստել, որ մեր սեղանից աղի պանիրն անպակաս է, որից կարող ենք աղ ստանալ: Վերամշակված մթերքներում է շատ աղ, օրինակ՝ ֆաստֆուդում և երշիկներում, նրբերշիկում, այստեղ խնդիր ունենք ոչ թե աչքից հեռու պահել, այլ այս մթերքների օգտագործումը քչացնել: Ինչպես ձեթը, կծու պղպեղը, համեմունքները կարող ենք խնդրել, որ բերեն, այնպես էլ աղը: Այն հատուկ տեղ չպիտի գրավի մեր սեղանին»:

Մինչ աղի սահմանափակման նախագիծը հանրային քննարկման փուլում հումորի, բողոքի ու դավադրության տեսությունների առիթ է դարձել, բժիշկները խորհուրդ են տալիս նախ իրենց լսել։ Աղի չափավոր կիրառումն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 13%-ով  նվազեցնում է կաթվածի, սրտի և երիկամների քրոնիկ հիվանդության ռիսկը: Մոտեցումը հեգնել պետք չէ՝ շեշտում են բժիշկները, այլապես մի օր կհանդիպենք, ընդ որում՝ պատկերացրածից շատ ավելի վաղ։

Կարդացեք նաև

Back to top button