ԿարևորՏնտեսական

Հայաստանի զգայուն շուկան գնաճից զերծ չի մնա․ կանխատեսման հիմքում նավթի կտրուկ թանկացումն է

Որքան ռուս-ուկրաինական ճգնաժամը ձգվում է, այնքան սրվում են համաշխարհային տնտեսությունում խնդիրները։ Ճգնաժամն ուղիղ արտացոլմամբ ճգնաժամով է սպառնում նաեւ էներգակիրների շուկային։ Լոնդոնյան բորսաներում նավթը շարունակում է թանկանալ։ 127 դոլար՝ մեկ բարելի դիմաց․ փորձագիտական դաշտում մտահոգ են, բայց սա դեռ հակառեկորդ չեն համարում։ Նավթի գնի բարձրացումը գնաճի արագացման ու հատկապես վառելիքի գների աճի է բերելու՝ կանխատեսում են։ Իսկ հայաստանյան շուկայում բենզինի գնի բարձրացում արդեն նկատում են։ Սա փոխարժեքով են պայմանավորում։

Էներգակիրների համաշխարհային շուկայում ցնցումներ են․ ռուս-ուկրաինական լարվածությունը հանգեցրել է նավթի կտրուկ թանկացման։ Վերջին տվյալները՝ Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 127 դոլար։ Սեպտեմբերին ֆյուչերսների գինը 100 դոլար էր՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցնում  է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Աշխարհը սպասում է էներգակիրների շուկայի կայունացմանը։

«Ըստ էության՝ ներդրողների սպասումն այն է, որ աշխարհում էներգակիրների մատակարարողների շղթան  էականորեն չի խզվի, շուկան կկայունանա։ Սակայն անորոշությունը բոլոր շուկաներում կարճաժամկետ հեռանկարում գների բարձրացման է հանգեցնում։ Նավթը, գիտենք, որ ավելի բարձր գին էլ է ունեցել, 2008–ին՝ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, 140 դոլարը գերազանցել է»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը նշում է՝ ՌԴ-ն, որպես աշխարհի ամենախոշոր էներգակիր արտահանող, ապահովում է Եվրոպայի գազի մոտ 50 տոկոսը՝ տարեկան մոտ 150 մլրդ խմ գազ։

«ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան և ՌԴ-ն օրական 10 մլն  բարել նավթ են արտահանում։ Այս եռյակն է  ամենախոշորն աշխարհում։ Պարզ է, որ երբ խոշոր նավթարդյունահանող էներգակիրների շուկայում լարվածություն է լինում (այս դեպքում՝ ՌԴ-ի), դա հանգեցնում է նավթի ու էներգակիրների շուկայի տուրբուլենտության։ Ստեղծվում է ռիսկային իրավիճակ, որը հանգեցնում է գների աննախադեպ բարձրացման»։

Էներգակիրների շուկայում «տուրբուլենտությունը» կձգվի ռուս-ուկրաինական հակամարտության չափ եւ դեռ ավելի՝ նկատում է փորձագետը։ Սա օրակարգ է բերում շուկաների դիվերսիֆիկացման հարցը։ Տնտեսագետ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ ԱՄՆ-ը նավթի արտադրության ծավալներն ավելացնելու ներուժ ունի, զուգահեռ նաև բանակցում է Վենեսուելայի՝ նավթի խոշոր պաշարներ ունեցող երկրներից մեկի հետ։ Նավթի գնի բարձրացումն արագացնում է վառելիքի գնաճն ու շղթայաբար ազդում ապրանքային բազմաթիվ շուկաների վրա՝ ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը․

«Նավթի գնի  աճը փոխանցվում  է ողջ համաշխարհային տնտեսությամբ՝  գնաճի արագացման, ապա այլ ուղիներով Հայաստանում ևս գնաճի է հանգեցնում։ Ինչպես գիտենք՝ զգայուն ենք միջազգային շուկաներում գների աճի նկատմամբ։ Մեր սպառման ապրանքների կառուցվածքում 40 տոկոս և ավելին ներմուծվող ապրանքներ են։ Այդ առումով այդ ազդեցությունը կզգանք»։

Տնտեսագետը կանխատեսում է՝ վառելիքի թանկացմանը Հայաստանում էլ երկար չենք սպասի։ Տեղական շուկայում փոխարժեքի հետևանքով գնային փոփոխություններ արդեն նկատելի են։

«Արևմտյան երկրները փորձում են դիվերսիֆիկացնել շուկան՝ փնտրելով նոր աղբյուրներ՝ թոթափելու  էներգետիկ կախվածությունը։ Սա միջնաժամկետ հեռանկարում  գների կանխորոշ գործոն է լինելու։ Կախված այս գործընթացի արագությունից ու դրսևորումներից՝ գների փոփոխություններն արդեն տեսանելի կլինեն»։

Հայ վիճակագիրները գները դիտարկելիս արձանագրում են՝ 2022թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինն էժանացել է 1.4%-ով, դիզելային վառելիքը թանկացել 2.7%-ով։ Մեկ տարում՝ փետրվարը փետրվարի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գներն աճել են 31․5% և ավելի քան 45%-ով:

Մրցակցության հանձնաժողովը շուկան է մանրամասն ուսումնասիրում։ Գիտեն, թե ինչու է, օրինակ, Իրանում բենզինի գինը ցածր․ նախ այդ երկիրն ինքն է էներգակիր, հետո նաև քվոտավորված է վաճառում։ Իսկ Հայաստան բենզինը ներկրվում է նաև ՌԴ-ից։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն արձանագրում է՝  տրամաբանորեն Հայաստանում և Ռուսաստանում բենզինը չի կարող նույն գինն ունենալ։ 

«ՌԴ-ից ՀՀ բենզինը հասնում է այս ճանապարհով՝ ծովով Բաթումի կամ Փոթիի նավահանգիստ, այստեղ գումարվում է բեռնաթափման ծախսը, ապա՝ բեռնաբարձում է կատարվում, երկաթուղով տեղափոխվում է  Այրում։ Նորից բեռնաթափվում ու մեքենաներով ներկրվում է հանրապետություն։ 1 տոննա բենզինի միայն տեղափոխման գինը գինը շուրջ 120 դոլար կազմում է։ Տրամաբանական է, որ ՌԴ–ում ու ՀՀ–ում նույն գինը չի կարող լինել»։

«Ռադիոլուր»–ի հարցին, թե կոնկրետ քանի ընկերություն է բենզին ներկրում,Գեղամ Գևորգյանը դժվարանում է պատասխանել։ Ընդգծում է՝ բենզին ներմուծող ընկերությունները շատ են, բայց խոշորները չորսն են՝ «CPS», «Ֆլեշ», «Max», « Rain Oil»։ Շուկան նոր խաղացող էլ ունի՝ «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել վրացական «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները:

Եվրոպան կհրաժարվի՞ ռուսական գազից ու նավթից․ հենց սա մեծապես կորոշի, թե համաշխարհային տնտեսության անկումը որքան կտեւի ու որքան կկազմի։  Փորձագետների մի մասը կարծում է, որ երկարաժամկետ հատվածում Եվրոպան կարող է ՌԴ–ին փոխարինող դիտարկել Իրանը։ Մյուս մասը  հակառակ կարծիքին է։ Ամեն դեպքում հստակ է, որ ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին Եվրոպան ցանկանում է  դիվերսիֆիկացնել իր էներգետիկ կախվածությունը ռուսական շուկայից։

Կարդացեք նաև

Back to top button