
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի վերագործարկման աշխատանքները մտնում են գործնական փուլ։ Մասնագիտական խումբը վաղն առավոտյան կմեկնի Մեղրի՝ տեղում սկսելու հետազոտական աշխատանքները։ Կառավարությունն ակնկալում է, որ երկրաբանական ուսումնասիրությունները կավարտվեն երկու-երեք շաբաթվա ընթացքում։
Գործադիրը միջազգային փորձագետների հետ նաև նախնական հաշվարկներ է արել․ երկաթուղու հայաստանյան հատվածի վերականգնումը կպահանջի 226-230 մլն դոլար, աշխատանքները հնարավոր կլինի ավարտել շուրջ 2․5 տարում։ Փորձագիտական դաշտում շարունակում են կարևորել նաև բեռների անվտանգ տեղափոխման հարցը։
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան շուրջ 43 կիլոմետրանոց հատվածում ՝ Մեղրիի տարածաշրջանում, կսկսվեն դաշտային աշխատանքները։ Մեղրիում և Երասխում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն։ Ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում կպատվիրվեն նախագծման աշխատանքները ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հստակեցնում է․
«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար»։
Աշխատանքները նոր փուլ են թևակոխում ՝ արձանագրում է Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ զուգահեռաբար դե յուրե կամրագրվեն Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Այս ամենը դիտարկում ենք «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում։
Հստակ է նաև այն, որ ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է: Խմբի հետ կաշխատեն հենց ՀԿԵ-ի աշխատակիցները։ Արդյունքները կլինեն տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման հիմքում։ Աշխատանքային խումբն արդեն ձևավորված է։ Դրա կազմում են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խորհրդականն ու ոլորտի մասնագետներ։
Աշխատանքային խումբն արդեն եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը։ Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի խոսքով՝ գործողությունների ճանապարհային քարտեզն արդեն ուրվագծվում է։
«Երկու-երեք շաբաթվա ընթացքում երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն։ Բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են այդ շինարարությանը, կգույքագրվեն։ Համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի և նախագծի հիմքում»։
Հայկական կողմում երկաթուղու գործարկման ու շահութաբերության նախնական հաշվարկներ արդեն կան։ Հայաստանից Նախիջեւանով, Մեղրիով եւ Հորադիզով երկաթգիծը, նախնական հաշվարկներով, կարող է 5 տոկոսի չափով շահութաբերություն ապահովել։ Սակայն հասկանալու համար, թե ձեռնտու է արդյոք այս երկաթուղու վերականգնումը, պետք է հաշվարկել ինդիկատիվ շահութաբերությունը ՝ ընդգծում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․
«226-230 մլն դոլար կարող է կազմել վերականգնումը։ Տևողությունը մինչև 30 ամիս է կազմելու։ Այսօր առանց ապաշրջափակման, բեռնափոխադրումների ծավալը կազմում է միջինում 3 մլն դոլար, են , որից 2 մլն ներքին փոխադրումներն են։ «ՀԿԵ»-ի հարկային եկամուտները կազմում են մոտ 4,7 մլրդ դրամ։ Սա տարեկան շուրջ 10 մլն դոլար է։ Եթե հաշվի առնենք, որ հոսքերը կրկնապատկվեն, գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության»։
Սա, ըստ փոխվարչապետի, լավ ցուցանիշ է, որը թույլ է տալիս հաջորդ փուլում անցնել խորքային հաշվարկների։ Տնտեսական հաշվարկների կողքին անվտանգության խնդիրներն են։ Երկաթուղային վետերանների միության նախագահ Լևոն Գրիգորյանը միջազգային փորձն է մատնանշում․
«Եթե բեռը պակասի, այլ խախտումներ լինեն, պետք է տուգանք վճարեն։ Որևէ երկրի դա ձեռք չի տալիս»։
Փորձագետները հիշեցնում են միջազգային չափորոշիչները։ Օրինակ՝ բեռների մասով․ եթե որևէ երկրի տարածքում վնասվում է կապարակնքված բեռը, ապա տվյալ երկիրը վճարում է դրա համար։ Կապարակնքված բեռն ընդունող երկիրը պարտավոր է այն մյուս կողմին նույնությամբ հանձնել։




