ԿարևորՄշակույթ

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․ Ռաիսա Մկրտչյանը 80 տարեկան է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի  կապակցությամբ։ «Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են: Հանրային ռադիոն մարտի 29-ին պատրաստվում է նշել երգչուհու 80-ամյակը  օպերայի բեմում համերգային ծրագրով։  

Հորեղբայրը նրան Ռաիսա անվանեց։ Ընտրությունը պատահական չէր․ դա ծածկագիր էր, այն էլ զենքի։

«Պատերազմի ժամանակ հորեղբայրս՝ Աշոտ Մկրտչյանը, Ղրիմի հայկական դիվիզիայի ղեկավարն էր, հայրս էլ  պատերազմում, ու տևական ժամանակ լուր չենք ունենում։ Երբ ծնվում եմ, իրեն հեռագիր են տալիս, որ Հրանտն աղջիկ է ունեցել  ու չգիտենք՝ ինչ  անուն դնենք։ Կատյուշան այն ժամանակ գերմանացիների համար նոր զենք էր, ու իրենք վախենում էին դրանից,  ու  դրա ծածկանունը Ռաիսա էր»։

Մայրը Խնձորեսկից է, հայրական կողմը Սևանից, բայց Սևան եկել հաստատվել են Պարսկաստանից։

«4 եղբայր են եղել, ու նրանց քույրը շատ գեղեցիկ է եղել, ու պարսիկները քրոջը գողացել են։ Իրենք այնտեղ վրեժխնդիր են եղել ու փախել բոլորը, սկզբում հաստատվել են Թիֆլիսում, հետո՝ Սևանում։

Ընտրեց դաշնակահարի մասնագիտությունը, բայց երգն ավելի զորեղ գտնվեց։ Նրան ճանաչում բերեց հենց էստրադային երգը։ Ուսանող տարիներից արդեն մտերիմ էր Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի  հետ ու որոշ երգեր արդեն ձայնագրել էր։ 70-ականներին  հայկական էստրադան ծաղկում էր։ Հենց էստրադայի դաշտում «ծաղկեց» նաեւ Ռաիսա Մկրտչյան երգչուհին ու բեմին իր ներկայությամբ «պարտադրեց» փոխել ընդունված մոտեցումներն ու ընկալումները երգի մասին։ Բայց ինքն էլ մարտահրավեր ուներ հաղթահարելու՝ ինչպես կընկալեին գեղեցիկ աղջկան՝ որպես երգչուհի։

«Այդ ժամանակ Սովետական Միությունում  շատ մոդայիկ էր երգել գլխային ձայնով։ Իսկ իմ ձայնը կրծքային բնական վիբրացիայով էր, ու դա դուր եկավ կոմպոզիտորներին։ Ճիշտ է՝ էստրադան ծաղկում էր, բայց էստրադային  երգիչներին   վերապահումով էին մոտենում ու, կարելի է  ասել, որ դա այդքան պատվաբեր չէր հայ աղջկա համար»։

Կարծրատիպը կարողացավ կոտրել։ Փոխեց նաեւ էստրադային երգարվեստի գունապնակը։ Բեմական հատուկ տեսակը նկատելով՝ երգեր սկսեցին գրել հատուկ նրա համար։ Դրանք Ռաիսան էստրադայինից հաջողեց  դասական դարձնել։  Մի օր ստացվեց  այնպես, որ Ռաիսան ծանոթացավ  Բաբաջանյանի  հետ։  Աղջկան  առաջին անգամ լսելը պետք է բեկում բերեր․ իր 38 երգի առաջին կատարումն Առնո Բաբաջանյանը  հենց նրան վստահեց։   

Օրբելյան, Հեքիմյան, Բաբաջանյան, Ամիրխանյան, Վարդազարյան եւ ոչ միայն՝ հետագայում հենց Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ հնչեցին, հասան աշխարհի գրեթե բոլոր բեմեր։ Բայց ճանապարհի սկիզբը Հանրային Ռադիոյի էստրադային ու սիմֆոնիկ նվագախումբն էր։  Սկսեց 17 տարեկանում՝ որպես նորաստեղծ էստրադային նվագախմբի մեներգչուհի ու չավարտեց։ Երաժշտական կենսագրության կարևոր էջերը հենց  Հանրային ռադիոյում գրվեցին: Ձայնագրած  ավելի քան 400 երգի մեծ մասը Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում է: 80-ամյա ժողովրդական արտիստին այսօր Հանրային ռադիոյի տնօրինությունը  «բերման էր ենթարկել»։

80 տարին կարծես կողքով են անցել։ Արդեն ծոռնատեր Ռաիսա Մկրտչյանը խոստովանում  է՝  իր առաջին քննադատներն ամուսին էին ու մայրը։ Ամուսինն ինժեներ էր։ Սկզբում էստրադային երգչուհի կին ունենալուն վերապահումով էր մոտենում, բայց ընկերների ճնշման տակ փոխեց կարծիքը։

«Ինձ միշտ ասում էր՝ յդ ֆրանսիական երգով  դու ինձ խաբեցիր․․․․,ինքը դասականը շատ լավ գիտեր։ Մեր տանն ամեն առավոտ հնչում էր Բախ։

Արվեստագետը պետք է ուժ գտի իր մեջ ու հեռանա բեմից ճիշտ ժամանակին՝ ասում է բեմին դեռ շողացող երգչուհին։

«Պետք է գեղեցիկ ժամանակ հեռանալ, երբ ձայնդ հնչում է, արտաքինդ տեղն է։Մինչև  վերջ չպետք է կառչել»։

Հանրային Ռադիոյում, սակայն, այդպես չեն կարծում։ Մարտի 29-ը նվիրվում է  երգչուհու երկրպագուներին։ Օպերայի  բեմում հայկական էստրադայի թագուհին է լինելու։

Կարդացեք նաև

Back to top button