
Արևմուտքի պատժամիջոցների հերթական փուլը «ՎՏԲ» բանկի համար անակնկալ չէր, արդեն մշակել է սահմանափակումներին դիմակայելու մի քանի ծրագիր՝ հաճախորդների հնարավոր անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար։ Բանկն այս մասին հայտարարում է Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի այն հայտարարություններից հետո, որ, ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության, արգելափակվում են 4 խոշորագույն բանկեր, այդ թվում՝ «ՎՏԲ»-ն։
Այս բանկի մասով մտահոգությունները հասան Հայաստան․ կենսաթոշակներն ու որոշ հիմնարկներ, այդ թվում եւ պետական, իրենց աշխատավարձերը հենց այս բանկից են ստանում։ Բայց բանկից վստահեցնում են՝ մտահոգվելու պատճառ չկա։ «Ռադիոլուրին» փոխանցում են․
«Կիրառված սահմանափակումները չեն ազդի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա: Հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ փոխանցմամբ եւ բանկոմատներով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով»:
Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ է վստահ՝ խուճապի առիթ չկա։ Հիշեցնում է՝ տարբեր տարիների տարբեր իրավիճակներում ԱՄՆ սանկցիաներն առաջին հերթին ուղղված էին արդյունաբերական ընկերություններին՝ փորձելով նվազեցնել դրանց հնարավորությունները։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սանկցիաներն այժմ ընդլայնվել են՝ տարածվելով նաեւ բանկերի վրա։
«ՌԴ–ն, կարծես կանխատեսելով նման սանկցիաների հավանականությունը, դեռ 2014 թվականից սկսել է ռեզերվային լուրջ ֆոնդեր ստեղծել, և այսօր դրա ֆոնդի մեծությունը 630 մլրդ դոլար է։ Այս գումարը բավարար է Ռուսաստանի տնտեսությունը գոնե 2 տարի նույն ռիթմի մեջ պահելու համար»։
Ռուսաստանը ռազմական արդյունաբերական իր ներուժը մեծացնելուն զուգահեռ վերջին տարիներին նաեւ տնտեսական ռեզերվ է կուտակել։ Մակարյանը կարծում է՝ սանկցիաներն անգամ նոր հնարավորություններ կարող են ստեղծել։
«Նախորդ տարիներին, երբ սանկցիաներ էլի կիրառվեցին, Ռուսաստանում սկսեցին խթանել տեղական արտադրությունները, դրանք ինքը կփորձի ավելի խթանել։ Միաժամանակ կփորձի ԵԱՏՄ-ի շրջանակում ընդլայնել գործունեությունը։ Այսինքն՝ կարող են նաև հնարավորություններ բացվել Հայաստանի համար»։
Իրավիճակը պետք է բալանսավորել ըստ զարգացումների եւ դրանց արագության՝ ասում է տնտեսագետը։ Առաջին հայացքից հայկական ընկերությունները կարող են տուժել, բայց ճկուն գործակցությունը կարող է մեղմել ռիսկերը։ Մակարյանի գնահատմամբ՝ Արևմուտքի սանկցիաների ազդեցությունը գոնե մոտակա տարիներին մենք չենք զգա։
«Հայաստանում ավելի քան 3000 ռուսական ընկերություն կա, բայց խոշորները մի քանիսն են՝ հանքարդյունաբերական ոլորտում են գործում, «Գազպրոմն» է, «Ռոստելեկոմը», Հարավկովկասյան երկաթուղիները։ Բայց դրանք իրենց գործունեությամբ այն ընկերությունները չեն, որոնք կարող են խնդիրներ ունենալ։ Այս սանկցիաները կապի վրա էլ չեն կարող անդրադառնալ»։
Բիզնեսի տեսանկյունից արտահանողները կունենան դժվարություններ, որովհետև ռուբլու ինֆլյացիան և այդ սանկցիաների ազդեցությունը որոշակիորեն կնվազեցնեն Ռուսաստանում տարբեր ընկերություների գնողունակությունը։ 2-րդ լուրջ հետեւանքը կարող է տրանսֆերտների միջոցով լինել, քանի որ Ռուսաստանն առաջին երկիրն է, որտեղից Հայաստան գումարներ են փոխանցվում։ Կոնյակի, գինու, հագուստի, պահածոների արտադրությունն ու առեւտուրն այն ոլորտներն են, որոնք կարող են դիմակայել ճգնաժամին՝ կարծում է Գագիկ Մակարյանը։




