
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափի մասին խոսվել էր «Եվրանեսթ»–ի երևանյան նիստի ընթացքում։ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, հիշեցրել էր՝ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի վերջնական արդյունքը և բանակցությունների միակ ձևաչափ համարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվրոպական կառույցների այս մոտեցումը հակասում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին և ամրացնում հայկական դիրքորոշումը։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, մինչդեռ, կարծում են, որ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում։
Խորհրդարանական ընդդիմությունը բավարար չի համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խնդրով զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափ վերադարձնելուն և այս ֆորմատում բանակցությունները վերակենդանացնելուն ուղղված իշխանությունների ջանքերը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ դրանից օգտվում է ադրբեջանական կողմը.
«Հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ վերջ, Մինսկի խմբի համանախագահներ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) դուք ձախողեցիք ձեր առաքելությունը, ես՝ դա ուժով արեցի, Մինսկի խումբ, դու ինձ համար այլևս հետաքրքիր չես, իսկ Հայաստանի Հանրապետությունը երևելի ջանքեր չի թափում Արցախի հարցն օրակարգում պահելու համար»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կարևորում է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, բայց վստահ չէ, որ հայանպաստ այդ հայտարարությունը մեր դիվանագիտությունը ճիշտ կօգտագործի.
«Ինչպես կարելի էր չօգտագործել այդ հնարավորությունը, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն փաստացի անարգում է Մինսկի խմբի համանախագահներին, ասել է թե՝ երեք հզորագույն պետության, և չստանալ հայանպաստ հայտարարություն, որտեղ գոնե մեկ նախադասությամբ հստակ, հասցեական մեղադրանք էր հնչեցվում Ադրբեջանին՝ բանակցային գործընթացի վիժեցման հետ կապված»։
«Խնդիրը ձերն է, և մենք չենք կարող լուծել այն ձեր փոխարեն։ Դուք պետք է ինքնուրույն փորձեք դա անել։ Բայց մենք կարող ենք օգնել, եթե հուշեք, թե որ մասով է հարկավոր մեծացնել ջանքերը»,- «Եվրանեսթ»–ի երևանյան նիստի ընթացքում ասել էր Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը և հավելել․
«Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի վերջնական արդյունքը։ Մենք շատ պարզ հայտարարել ենք, և ցանկանում եմ, որ դա այստեղ հստակ ընկալվի՝ պատերազմը լուծում չէ, այն երբեք լուծում չէ։ Եթե մենք այստեղ քննարկում ենք երկարատև խաղաղության հարցը, այդ խաղաղությանը պետք է հասնել բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ-ի հովանու, ավելի ճիշտ՝ Մինսկի խմբի հովանու ներքո»։
Եվրախորհրդարանիպատվիրակի այս ամրագրումից տրամագծորեն տարբերվող մոտեցում կա Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր առիթներով հայտարարել է, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման հարցում այլևս անելիք չունի, քանի որ հակամարտությունը լուծված է։ Ալիևի այս պնդումը, ըստ էության, շարունակում է մնալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման առանցքում։ Իսկ հայկական կողմը համոզված է, որ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր » խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցնում է՝ այս դիրքորոշումն, ըստ էության, կիսում են նաև համանախագահող երկրների ղեկավարները.
«Մենք ցանկացած հարց և առաջարկ քննարկելու ենք նախ և առաջ մեր շահերի տիրույթում և այս տեսանկյունից նաև, և ընդհանրապես հարկ է նորից շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն մանդատ ունեցող ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և եռանախագահների նաև վերջին շրջանի հայտարարությունները ևս այդ մասով մեծ հույսեր են ներշնչում, որ ըստ էության, մենք կկարողանանք լիարժեք վերականգնել ԵԱՀԿ եռանախագահության բանակցային ֆորմատը, որպեսզի ի վերջո ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական լուծում, որովհետև եռանախագահող երկրները ևս, ըստ էության, կիսում են Հայաստանի այն կարծիքը, որ կոնֆլիկտը լուծված չէ, և կան լուծման կարիք ունեցող հարցեր»
Հայկական կողմը բարձրագույն մակարդակներով պնդել է իր դիրքորոշումը։ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ այս մասին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում խոսել էր այդ ժամանակ ԱԺ նախագահ, հիմա նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման արդյունքում ամրագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
2021 թվականի նոյեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ կարգավորման գործընթացը ՄԽ–ի ձևաչափ վերադարձնելու կարևորությունն ընդգծել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Իհարկե, մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա (այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքը) տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը»։
Ընդդիմադիրները կարծում են, որ եթե Հայաստանը հետևողական լիներ ու կարողանար ճիշտ ներկայացնել փաստը, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության դեմ, ապա Ադրբեջանի համար հետևանքներն ավելի ծանր կլինեին։ Ի պատասխան այս մոտեցումների՝ իշխանությունը վստահեցնում է՝ շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը և համոզված է, որ համանախագահող երկրների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այդ ձևաչափ գործընթացը վերադարձնելու հեռանկարի մասին։




