
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Քըլըչին ուղեկցել է ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը: Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց Պատրիարքարանից:
Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:
Պատրիարք Մաշալյանը ուրախություն է հայտնել թուրք դիվանագետի այցի առիթով և մաղթել, որ հաջողությամբ պսակվի Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը: Նա ասել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումնների համար:
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեսի է ունեցել հունվարի 14-ին, Մոսկվայում։




