
Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, 2018-ի ապրիլ–մայիսի քաղաքական իրադարձություններ, 2020–ի տավուշյան դեպքեր, համավարակ և 44-օրյա պատերազմ,-մեր երկրի համար կարևորագույն այս իրադարձություններով է ուղեկցվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարին:
«2020թ․ սեպտեմբերին սանձազերծվեց 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը ուղեկցվեց բազմաթիվ զոհերով, ավելացրեց մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց, դժբախտացրեց մարդկանց ու ավերեց բնակավայրեր։ Այս պատերազմով ամեն ինչ չսահմանափակվեց․ մարդու իրավունքների խախտումները շարունակվեցին նաև 2021–ին։ Եվ ես հիմա էլ ունեմ այն զգացողությունը, որ մենք դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես չկան զինված հարձակումներ»,- ասում է Արման Թաթոյանը։
Թաթոյանն արձանագրում է՝ հանրության վստահությունը Պաշտպանի ինստիտուտի նկատմամբ աճել է․ 2015–ին ՄԻՊ աշխատակազմը գրավոր և բանավոր շուրջ 5200 դիմում է ստացել, 2020թ․ դիմումների թիվը եռապատկվել, իսկ 2021-ին քառապատկվել է։
Պաշտպանի դիտարկմամբ՝ իրենք կարևոր մի խնդիր են ունեցել՝ հավուր պատշաճի արձագանքել անվտանգության խնդիրներին ու սահմանային միջադեպերին։ Որպես սահմանային լարվածության թուլացման տարբերակ՝ քննարկվում է սահմանից զորքերի հայելային հետքաշման հարցը․ Արման Թաթոյանն ասում է՝ նախ կառավարությունը պետք է մանրամասնի, թե ինչ ասել է հայելային հետքաշում, քանի որ դա առնչվում է հենց խաղաղ բնակչության անվտանգությանը։
«Այս հայելային հետքաշման և առհասարակ սահմանային լարվածությունների հետ կապված՝ մենք չպետք է մոռանանք, որ չի ավարտվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Իմ կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանում այս իշխանությունն է, չի ավարտվելու։ Դա իրենց իշխանությունը պահպանելու կարևոր գործոններից մեկն է»,– ասում է Մարդու իրավունքների պաշտպանը։
Սոցիալական, կրթական, առողջապահական ու անվտանգային․ Արման Թաթոյանը շեշտում է՝ այս ոլորտներում եղել են և դեռ կան չլուծված խնդիրներ։ Օմբուդսմենը հատուկ ուշադրություն է հրավիրում հատկապես քրեակատարողական համակարգի խնդիրների վրա․
«Այս 6 տարիների իմ աշխատանքի եզրահանգումն այն է, որ մեր քրեակատարողական համակարգը, ցավոք, մնում է պատժողական։ Պետք է այս ոլորտում նոր սկզբունքներ ներդնենք։ Դատապարտյալների դեպքում պետք է լինի աստիճանական ազատ արձակման մեխանիզմ, վարքագծի անհատական գնահատման սկզբունք, սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով պետք է առաջնորդվենք»։
Պաշտոնավարման ժամկետի եզրագծին էլ Արման Թաթոյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան․ վիճարկման առարկան ՄԻՊ–ի ինստիտուտի նկատմամբ գործադիր մարմնի գործողություններն են։ Հիշեցնում է՝ արդեն 2 տարի՝ կառավարությունը չի հաստատում օմբուդսմենի աշխատակազմի դրույքաչափերի ցանկը։
Պաշտպանի աշխատակազմից ՍԴ ներկայացրած դիմումների թիվը անցած 6 տարում 5 անգամ աճել է։ Արման Թաթոյանը հույս ունի, որ բարձրագույն դատարանը հակասահմանադրական կճանաչի նաև ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածը․

«Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծանր վիրավորանքի համար։ Նախ, մեր կարծիքով, հոդվածը իրավական համակարգի ամենաանթույլատրելի ու դատապարտելի հոդվածներից է։ Ինչպես կարող էր ընդունվել մի հոդված, որ այսքան անորոշ ձևակերպումներ ունի։ Շատ պարզ էր, որ այս հոդվածը չէր վերացնելու ծանր վիրավորանքն ու հայհոյանքը։ Ես հույս ունեմ, որ ՍԴ-ն այս հոդվածը կճանաչի հակասահմանադրական»,– ասում է Արման Թաթոյանը։
Թեպետ գործունեության հատկապես վերջին շրջանում շատ էր գրվում Պաշտպանի՝ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրերի մասին, Արման Թաթոյանը վստահեցնում է՝ ո՛չ քաղաքականություն, ո՛չ պետական համակարգ չի մտնելու։ Շարունակելու է հանրային գործունեությունը։ Ասում է՝ «վատ լուր» ունի ադրբեջանցիների համար։
«Ես չեմ դադարեցնում իմ հանրային գործունեությունը հատկապես ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետ կապված։ Շարունակելու ենք իրենց խախտումները վեր հանել»։
Վերջին գործը, որ արել է Արման Թաթոյանը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, երեկ էր․ այցելել է ադրբեջանցի պատվիրակների դեմ բողոքող երիտասարդներին, որոնք բերման էին ենթարկվել։ Մարդու իրավունքների 4—րդ պաշտպանն ասում է՝ Պաշտպանի ինստիտուտը պայքարով կայացած կառույց է։ Հաջորդ Պաշտպանին Արման Թաթոյանը հաջողություն է մաղթում։
Հայաստանի Հանրապետության 5-րդ Մարդու իրավունքների պաշտպանը Քրիստինե Գրիգորյանն է։ Նա էլ, ինչպես Արման Թաթոյանը, զբաղվելու է իրավունքների պաշտպանությամբ՝ թողնելով Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։





