
«Մարդիկ և մեքենաները» գրքի հեղինակները Սանկտ–Պետերբուրգից են։ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովը հավաքել են հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը։ Գիրքը միայն համակարգիչների մասին չէ, այն մի ամբողջ ժամանակաշրջանի, այն կերտող մարդկանց ու հայկական կիբեռնետիկայի զարգացման մասին է։
«Մենք աշխատել ենք բազմաթիվ ինժեներների, ծրագրավորողների, այլ մասնագետների հետ, ուսումնասիրել ենք մաթեմատիկական մեքենաների հետ կապված պատմությունները: Պարզ դարձավ, որ խորհրդային ժամանակահատվածում տեխնոլոգիական ոլորտի մշակումների զգալի մասն արվել է Հայաստանում, մասնավորապես Երևանում»:
1940–ականների վերջին տեղի ունեցած հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաները, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ–ի ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։
Գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտները, ինչպես մշակութային վերափոխումների պայմաններում սկսվեց Հայաստանի 2-րդ հանրապետության ֆիզիկամաթեմատիկական ու ինժեներական վերածնունդը։
Գրքի հեղինակները նշում են՝ փորձել են այդ տարիների պատմությունն այնպես ներկայացնել, որ հետաքրքիր լինի ցանկացած մարդու.
«Երբ ծանոթացանք Մերգելյանի ինստիտուտի գիտաշխատողների հետ , շատ նոր բան բացահայտեցինք։ Չափազանց հետաքրքիր պատմություներ կան, թե ինչպես են ստեղծվել առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, ինչ նախագծային հաշվարկներ են արվել այդ ժամանակ։ Մեզ զարմացրեց այն, թե ինչպիսի մշակութային միջավայր էր տիրում, ինչ մշակութային վերափոխումներ էին տեղի ունենում: Ահա այդ միջավայրում ազատամիտ մթնոլորտ էր ձևավորվել, ինչը նպաստում էր նաև այս ոլորտի զարգացմանը»,-ասաց Ալեքսանդր Անդրեևը:
Գրքում ներկայացված են նաև այդ տարիների պատմական ու մշակութային իրադարձությունները։ Անդրադարձ կա հայրենադարձությանը, Երեւանի ճարտարապետությանն ու քաղաքի զարգացմանը։ DataArt ընկերութան տնօրեն Արսեն Բաղդասարյան.
«Ինչու «Մարդիկ և մեքենաները», քանի որ սա միայն մեքենաների մասին չէ,այլ այն ամբողջ ժամանակաշրջանի ու մշակույթի մասին է, որում այդ մարդիկ ապրել են։ Գրքում նկարագրված է անգամ, թե այդ մարդիկ ինչ սրճարան էին գնում, ինչ երաժշտություն էին լսում»։
Գրքում ներկայացվող պատմությունները տարբեր են։ Օրինակ՝ պատմվում է, թե ինչպես 1957-ին հայ մասնագետները ստացան առաջին խոշոր պատվերը՝ արդիականացնել M-3 էլեկտրական հաշվիչ մեքենան, ինչպես մշակեցին երկաթուղային տոմսերի վաճառքն ավտոմատացնող «Մարշրուտ1» համալիրն ու «Նաիրի» հաշվիչ մեքենաները, որոնց հիմքի վրա ավելի ուշ ծնվեց խորհրդային առաջին համակարգիչը :
Գիրքը գրվել է ռուսերենով եւ թարգմանվել հայերեն: Հեղինակներն ասում են՝ լեզվական բարդություններ չեն եղել, քանի որ Խորհրդային Հայաստանում մեքենաշինության վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան հիմնականում ռուսերենով էր:




